Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵՐԲ ԴԱՐՊԱՍԸ ԲԱՑԵՑԻՆ, ՈՒ ՆԵՐՍ ՄՏԱ` ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԱՐԴԵՆ ԶԻՆՎՈՐ ԵՄ»



«ԵՐԲ ԴԱՐՊԱՍԸ ԲԱՑԵՑԻՆ, ՈՒ ՆԵՐՍ ՄՏԱ` ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԱՐԴԵՆ ԶԻՆՎՈՐ ԵՄ»Պատուհանից դուրս եմ նայում եւ մտածում ստացած առաջադրանքիս մասին. զրուցել բանակից վերադարձած կամ նոր բանակ գնացող երիտասարդի հետ: Չէի կարողանում գտնել այդպիսի մեկին, քանի որ բոլոր ընկերներս բանակում են արդեն: Լարեցի հիշողությունս եւ գտա մեկին, որն արդեն զորացրվել էր: Ինչպե՞ս կարող էի մոռանալ Օնիկին: Հանդիպեցինք քաղաքային այգիներից մեկում: Օնիկին խնդրել էի զինվորական համազգեստով գալ հանդիպման: Թեթեւ չեմուչումից հետո համաձայնեց: Այս հանդիպումով այնքան էի ոգեւորվել, որ նույնիսկ մոռացա նրան շնորհավորել Հայրենիքի առաջ պարտքը կատարելու համար: Օնիկը հասունացել, առնականացել էր. «Տե՛ս, բանակը ոնց է կոփում մարդուն»,- անցավ մտքովս, նույն առույգ ու կայտառ, ասողխոսող տղան էր: Զրույցը ինքն սկսեց.

Նախքան բանակ գնալը ուրիշ պատկերացումներ եմ ունեցել: Շրջապատից շատ կարծիքներ եմ լսել: Բայց երբ գնացի, ուրիշ էր. ուրիշ կյանք, ուրիշ շրջապատ, ուրիշ աշխարհԱռաջին վեց ամիսները շատ դժվար անցան: Անընդհատ փնտրում ես ծանոթ դեմքեր, ուզում ես հարազատի տեսնել: Դե, բնական է, նոր ես գնացել, կարոտը կա: Ծառայությունը «ուստավով» էր: Մեկի սխալի պատճառով տուժում էինք բոլորս: Երդում տվեցինքմերոնք եկան, բայց կարոտներս չառանք: Իսկ երբ արձակուրդ տվեցին, մի օրվա պես անցավ տասը օրը: Ծառայությունիցս որոշ ժամանակ անց սկսվեց Քառօրյա պատերազմը: Այդ օրը հերթապահ էի: Սկզբում անակնկալի եկա, սառեցի մի պահ, բայց ժամանակ չկար, սթափ մտածել էր պետք

Մի քանի օր անց դուրս եկանք: Այդ պահին ընտանիքս էր աչքիս առաջ, մորս կարոտած աչքերը: Ես տանկիստ էի: Տանկը հենց դուրս եկավ դաշտ` տանկիստի կյանքը երեք րոպե է. կրակի՛ր, կրակի՛ր, չէ` քեզ են կրակում: Երբ տեղ հասանք, հասկացանք, որ, իրոք, պատերազմ է: Շատ էի լսել պատերազմի մասին, սակայն երբեք չունեի այն զգացողությունը, ինչ ունեցա այն ժամանակ, երբ աչքովս տեսա ամեն ինչ. մաշկիս վրա զգացի այդ ամենը: Այդ ժամանակ ոչ մեկս չի մտածել չգնալու կամ զոհվելու մասին: Ոչ մեկս չի ասել՝ ես չեմ գնա: Մեզանից ոչ ոք չի մտածել ետ դառնալու մասին, այլ ասում էինք՝ եթե պետք է, հասել ենք այստեղ, ուրեմն պիտի գնանքգնանք մինչեւ վերջ:  Բոլորս պատրաստ էինք կռվելու ու  հաղթական էինք տրամադրված: Բոլորս մեկի, մեկս բոլորի համար: …Քառօրյան ավարտվեց, եւ մենք ուրախ ու հպարտ ետ վերադարձանք: Գիտե՞ս, ես հիմա վերապրեցի ամեն ինչ, ու այս շոգ եղանակին մարմնովս դող անցավ, մի տեսակ սառնությունայն սառնությունը, որն ունեի այն ժամանակ: Քառօրյայից ունեցած հիշողություններս մի տեսակ թարմացան: Աչքերիս առջեւով անցան այդ տեսարանները: Հիշեցի ընկերներիս, մեր կատարած խենթությունները, նրանց հետ անցկացրած լավ ու վատ օրերը, նրանց ոգեւորությունը, երբ պատվով ետ էինք դառնում:

Այնքան հիշողություններ ունեմ բանակիցԵրբ դարպասը բացեցին, ու ներս մտա, հասկացա, որ արդեն զինվոր եմ: Իսկ երբ դարպասը բացեցին՝ դուրս եկանք, յուրաքանչյուրս արդեն կյանքի փորձ ձեռք բերած: Բանակը ինձ անհատ դարձրեց: Հասկացա, որ ես եմ պատասխանատու իմ լավ ու վատ քայլերի համար: Ձեռք բերեցի պատասխանատվության զգացում…: –Լռեց մի պահ, սուրճից մի կում արեց: –Գիտե՞ս՝ ամեն տղա պիտի ծառայի: Ես էլ շատերի նման կարող եմ անվերջ խորհուրդներ տալ նրանց, ովքեր նոր են գնում, սակայն այնտեղ քո քայլերով են քեզ ճանաչում: Միայն կարող եմ ասել՝ «Քո բաժին սահմանը ամուր պահիր»:

Ես անջատեցի ձայնագրիչը, փակեցի տետրը, սուրճը սառել էր

 ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի

ֆակուլտետի ուսանողուհի

Խորագիր՝ #31 (1202) 09.08.2017 - 15.08.2017, Ազգային բանակ


09/08/2017