Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸՀուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցում էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի արդյունքները:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման, ռազմական բժշկության և միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելուն պատրաստվող հայկական ստորաբաժանումների գնահատման նպատակով իրականացվող միջոցառումների արդյունքում ունեցած ձեռքբերումները և նախանշել համագործակցության զարգացման հեռանկարները:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել այս ուղղություններում համագործակցությունը շարունակելու երկարատև ծրագրերի ձևաչափով, անդրադարձել է ռազմաբժշկական ծառայության կազմակերպման, անձնակազմի կրթության և վերապատրաստման ապահովման, վերականգնողական ծրագրերի և այլ ասպարեզներում խորհրդատվության տրամադրման նշանակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


27/07/2017