Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՔՈ ՀԱՅՐՆ Է



1941թ. դեկտեմբերին գնդապետ Նիկոլայ Հովհաննիսյանը նշանակվեց Մոսկվայի մարզից Միջին Ասիա տարհանված հրետանային ուսումնարանի պետ։ Դա պարտադրված նշանակում էր. Հայրենական մեծ պատերազմի արդեն երկրորդ ամսին գնդապետը, որ նոր էր ավարտել գլխավոր շտաբի ակադեմիան, ուղարկվում է Լենինգրադի ռազմաճակատ՝ որպես Կարմիր բանակի հրետանային վարչության ներկայացուցիչ համակարգելու զորամիավորումների հրետանավորների փոխգործողությունները, սակայն կարճ ժամանակ անց վիրավորվում է արկի բեկորից, կորցնում ձախ աչքի տեսողությունը, եւ նրան հարկադրված ուղարկում են թիկունք՝ գլխավորելու հիշյալ ուսումնարանը։ Առաջադրանքը պատասխանատու էր՝ արագացված դասընթացներով ուսումնարանը պետք է շրջանավարտներ տար հինգ ամիսը մեկ եւ լեյտենանտի կոչումով ուղարկեր նշանակման վայր։ Գնդապետից մեծ ջանքեր պահանջվեցին՝ ստեղծելու ուսումնական բազա եւ ուսուցումը դնելու պատշաճ մակարդակի վրա։

Այնուամենայնիվ, Նիկոլայ Հովհաննիսյանը ձգտում էր նորից մեկնել ռազմաճակատ։ Բազմիցս գրավոր դիմումներ ներկայացրեց հրամանատարությանը, եւ, ի վերջո, նրա խնդրանքը բավարարվեց՝ 1943թ. հունիսին նա նշանակվեց 15-րդ հրաձգային կորպուսի հրամանատարի տեղակալ եւ հրետանու պետ։ Կորպուսը գործում էր Կուրսկի ուղղությամբ։

Նիկոլայ Հովհաննիսյանը դեռ ուսումնարանի պետ էր, երբ իր մոտ սովորելու ցանկություն հայտնեց որդին՝ 17-ամյա Ռեմը։ Հայրը ոչնչով չառարկեց, եւ Ռեմը 1942թ. ուսումնարանն ավարտեց լեյտենանտի կոչումով, մեկ տարի ծառայեց նույն ուսումնարանում՝ որպես հակատանկային դասակի հրամանատար, բայց երբ հայրը նոր նշանակում ստացավ եւ մեկնեց ռազմաճակատ՝ ինքն էլ հետեւեց նրան։ Բարձրաստիճան հոր միջնորդությամբ` Ռեմը նշանակվեց նույն՝ 15-րդ հրաձգային կորպուսի 148-րդ դիվիզիայի հրետանային մարտկոցներից մեկի հրամանատար։

Հայր եւ որդի մարտական փառքով պսակեցին իրենց, առաջինը՝ որպես կորպուսի հրամանատարի տեղակալ եւ հրետանու պետ, երկրորդը՝ որպես հրետանային մարտկոցի հրամանատար։ Հիշարժան էր 1943թ. հուլիսի 5-ի ճակատամարտը՝ կորպուսի հրետանին այդ օրը խփեց թշնամու 43 տանկ, եւս 35 տանկ խփեց հաջորդ օրը, եւ թշնամու գրոհը ձախողվեց լիովին։ Դա մեծապես նաեւ կորպուսի հրետանու պետ Նիկոլայ Հովհաննիսյանի հմուտ գործողությունների արդյունքն էր։

Այդ ճակատամարտում արիությամբ փայլեց նաեւ Ռեմ Հովհաննիսյանի գլխավորած հրետանային մարտկոցը՝ ոչնչացնելով թշնամու հինգ տանկ, այլ զրահատեխնիկա, որի համար երիտասարդ հրամանատարը պարգեւատրվեց Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Կարելի է պատկերացնել հոր հուզմունքն ու հպարտությունը՝ մարտից հետո հենց նա է, որ հրամանատարության անունից այդ բարձր պարգեւը հանձնեց որդուն։ Դրա մասին հիացմունքով գրեց «Պրավդա» թերթն իր 1943թ. օգոստոսի 4- համարում։

1944թ. փետրվարին գնդապետ Հովհաննիսյանը նոր նշանակում ստացավ՝ 3-րդ տանկային բանակի հրամանատարի տեղակալ եւ հրետանու պետ։ Այն բանակի, որը ծանր եւ հերոսական մարտերով ազատագրեց Լվով, Յարոսլավլ քաղաքները, բազմաթիվ այլ բնակավայրեր, մասնակցեց գերմանացիների խիստ ամրացված պաշտպանության ճեղքմանը, հատեց Գերմանիայի հարավարեւելյան սահմանը եւ մտավ Սիլեզիա, գրավեց Կրայցբուրգը, Ռոզենբերգը եւ բազմաթիվ այլ քաղաքներ։ Այդ ժամանակ արդեն Նիկոլայ Հովհաննիսյանը գեներալ-մայոր էր, այդ կոչմանն արժանացել էր ԽՍՀՄ ժողկոմխորհի 1944թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով։

Հայ զորահրամանատարի մարտական ծառայությունները բնորոշող եզակի փաստ՝ նրա անունը յոթ անգամ նշվել է Գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններում։ Վերջինը, սակայն, նա այդպես էլ չկարդաց. այն հրապարակվեց 1945թ. հունվարի 28-ին, ճիշտ այն օրը, երբ Նիկոլայ Հովհաննիսյանը հերոսաբար ընկավ թշնամու գնդակից Օպոլե քաղաքի մատույցներում։

Այդ ժամանակ գեներալի որդին՝ կապիտան Ռեմ Հովհաննիսյանը, ծառայում էր նույն բանակի հրետանային գնդերից մեկում, որպես գնդի հրամանատարի տեղակալ։ Նա եւ մայրը՝ Ասյա Սերգեեւնան, գեներալի դին Օպոլեից Ժիտոմիր ուղեկցողների մեջ էին։ Բանակի ռազմական խորհրդի որոշմամբ` գեներալ Հովհաննիսյանը թաղվեց հենց Ժիտոմիր քաղաքում, որի ազատագրմանը մասնակցել էր 1943թ. նոյեմբերի 13-ին։

Գեներալի դին հողին հանձնվեց զինվորական պատշաճ արարողությամբ, որին ներկա էին զինակիցները, բարձրաստիճան զինվորականներ։ Հոր շիրմի առջեւ որդին երդվեց կռվել արիաբար եւ լուծել հոր վրեժը, իրականացնել նրա ցանկությունը՝ հաղթանակով մտնել Բեռլին։ Այդպես էլ եղավ. Ռեմ Հովհաննիսյանը, վերադառնալով հարազատ գունդ, մարտերով հասավ մինչեւ թշնամու որջը, հաղթանակով մտավ Բեռլին, ապա մասնակցեց Պրահայի ազատագրմանը։

Պատերազմից հետո Ռեմ Հովհաննիսյանը շարունակեց զինվորական ծառայությունը եւ, ինչպես հայրը, արժանացավ գեներալ-մայորի կոչման։ Հոր հերոսական ոգին մշտապես եղավ իր կյանքի ուղեկիցն ու ուղեցույցը։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Պատմության էջերից


10/08/2011