Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊԱԳԱՅԻ ԶԻՆԱՏԵՍԱԿՆԵՐԸ



Մարդկության պատմությունը անընդհատ պատերազմների պատմություն է: Մասնագետները հաշվարկել են, որ վերջին 5500 տարվա ընթացքում երկրագնդի վրա տեղի է ունեցել շուրջ 15 հազար պատերազմ, որոնցում զոհվել է ավելի քան 3,5 մլրդ մարդ: Այդ ամբողջ ընթացքում մարդկությունը խաղաղության մեջ է ապրել ընդամենը 292 տարի:

Սրանից հետեւում է, որ մարդկության պատմությունը նաեւ զենքի պատմություն է` սկսած նախնադարյան մարդու ձեռքի քարից, վերջացրած միջուկային ճամպրուկի «կոճակով»: Սակայն ինչո՞ւ` վերջացրած: Մարդկությունը տեղում չի դոփում, ստեղծվում են նոր տիպի զենքեր, որոնց մոտ միջուկային զենքը մանկական խաղալիք է թվում:

Ուինսթոն Չերչիլը մի անգամ ասել է, որ գեներալները միշտ պատրաստվում են անցած պատերազմին: Իսկ այդ դեպքում ո՞վ է պատրաստվում ապագայի պատերազմներին: Առաջին հերթին դրանք ինժեներ-կոնստրուկտորներն են, ֆիզիկոսները, տարբեր տեսակի սպառազինություն մշակողները: Հիմնականում նրանցից եւ նրանց ստեղծագործություններից է կախված, թե ինչպիսին կլինի մոտ ապագայի պատերազմը:

Մի ժամանակ կանխատեսում էին, թե էլեկտրականության հայտնագործումը պատերազմներին վերջ կդնի: Բավական է միայն սահմաններին բարձր լարվածության հաղորդալարեր անցկացնել, եւ դա թշնամու բանակի համար կդառնա անհաղթահարելի արգելք:

Յուրաքանչյուր մարդկային ռասա ունի անհատական գենետիկ կոդ: Գենային ճարտարագիտության օգնությամբ կարելի է վիրուս ստեղծել, որն ազդում է որոշակի ազգության ներկայացուցիչների վրա: Եվ մինչեւ բժիշկներն ու գիտնականները հիվանդության ակունքը գտնեն, չհայտարարված պատերազմի հեղինակները հաղթանակ կտանեն: Ի դեպ` «գենետիկ թույնի» օգնությամբ հնարավոր կլինի սպանել ոչ միայն տվյալ ազգությանը պատկանող մարդկանց, այլեւ, օրինակ, միայն սեւամորթներին, կամ միայն ճաղատներին, կամ միայն կապույտ աչքեր ունեցողներին:

1970-ական թվականներին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե Իսրայելի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության գիտնականները ռասայական զենք են մշակում եւ փորձարկում: Այդ զենքն ազդում է որոշակի ռասայի կամ էթնոսի ներկայացուցիչների վրա` էական վնաս չհասցնելով մյուսներին: Նկարագրվում էին նույնիսկ Կալահարի անապատում անցկացված փորձարկումները, որոնց արդյունքում բուշմենների մի ցեղ էր ոչնչացել:

Այժմ ավելի ու ավելի գրավիչ է դառնում առանց մի կրակոցի եւ զոհի պատերազմ շահելու գաղափարը: ԱՄՆ-ում միլիոնավոր դոլարներ են ծախսվում այնպիսի զենք ստեղծելու վրա, որը ոչ թե սպանում է, այլ զինվորներին դարձնում երեխայի նման անօգնական. նրանք կամ չեն կարողանում շարժվել, կամ էլ ուղղակի քուն են մտնում:

Ավելի քան 50 տարի մասնագետներն աշխատում են ինֆրաձայնային այնպիսի սարքերի ստեղծման վրա, որոնց ճառագայթումն առաջացնում է խուճապ, ջղաձգություն եւ փսխում: Դրանց գաղափարն ակամա հուշել է 19-րդ դարի մի կոմպոզիտոր, որն իր օպերաներից մեկում ցանկացել էր, որ մինչեւ ուրվականի հայտնվելը դահլիճում սարսափի մթնոլորտ առաջանա: Նպատակին հասնելու համար նա պատվիրում է մարդու ականջի համար անլսելի ինֆրաձայնային մի երգեհոն, որը երբ սկսում է նվագել, բոլոր հանդիսատեսներն իրար հրմշտելով խուճապահար դահլիճից դուրս են փախչում:

Շուրջ 25 տարի առաջ Պենտագոնում լրջորեն աշխատում էին ինֆրաձայնային հրանոթի ստեղծման վրա, որն առաջացնում էր 20 հերցից ցածր հաճախականության տատանումներ: Մարդն այդ հաճախականության ձայնը չի լսում, սակայն դա մոտավորապես համընկնում է նրա ներքին օրգանների սեփական տատանումների հետ եւ կարող է շատ վատ զգացումներ ու խուճապ առաջացնել:

Մի նորույթ էլ կա, որի ազդեցության տակ զինվորը ժամանակավորապես զրկվում է մտային կոորդինացիայից. նա սկսում է սխալ կատարել հրամանները կամ էլ չի արձագանքում դրանց:

Փորձարկվել է նաեւ հատուկ տիպի փրփուր, որն օդում վերածվում է մածուցիկ նյութի եւ մարդուն կաշկանդում, ինչպես սարդոստայնն ընկած ճանճին: Փրփուրը մարդու շուրջը գտնվող տարածությունը հեշտությամբ լցնում է մանր պղպջակներով, եւ մարդը դադարում է տեսնելուց, լսելուց եւ ընդհանրապես չի կարողանում շարժվել: Այս զանգվածից մարդուն դուրս բերելու համար հարկավոր է հատուկ չեզոքացնող լուծույթ:

ԱՄՆ-ում մշակվում է նաեւ ալիքային զենք, որի ճառագայթման հաճախությունը համընկնում է ուղեղի տատանումների հաճախության հետ եւ մարդուն հեռավորության վրա շոկի մեջ է գցում: Կա նաեւ հոլոգրամմա օգտագործող զենք, որի միջոցով զորքի աչքի առաջ երկնքում հայտնվում է կա՛մ սրբապատկեր, կա՛մ սարսափազդու մի պատկեր` հարուցելով զինվորների երկյուղը, զարմանքը կամ մարտից հրաժարվելու տրամադրությունը:

Հավանաբար ապագայում ամենամեծ ուժը կունենա ամենահասկանալի ոչ մահաբեր զենքը` տեղեկատվականը, երբ ԶԼՄ-ների օգնությամբ կպայքարեն մարդկանց մտքերին ու գիտակցությանը տիրելու համար: Եթե ստեղծվի հոգեբանական զենք, որն ունակ լինի մարդու գիտակցությունը փոխելու, ապա պատերազմները կդառնան անտեսանելի, դրանք ոչ ոք չի զգա: Ուղղակի մի գեղեցիկ օր մենք կսկսենք բոլորովին այլ կերպ ապրել, մտածել եւ մեզ պահել այնպես, ինչպես հարկավոր է նրան, ով որոշել է մեզ իրեն ենթարկել: Առանց մի կրակոցի…

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #30 (895) 3.08.2011 - 10.08.2011, Ռազմական


10/08/2011