Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ՆԱԵՎ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ
ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ՆԱԵՎ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ

ԲԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԵՑԻՆ ՆԱԵՎ ՓՈՔՐԻԿՆԵՐԸՆորակոչիկներն անակնկալի եկան, երբ տեսան Բերձորի՝ Արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված հուշահամալիրում իրենց դիմավորողներին: Բերձորի պետական մանկապարտեզի ավագ խմբի սաները շարք էին կանգնել զինվորական համազգեստով, յուրաքանչյուրի ձեռքին մեկ տառ: Ընթերցում ենք. «Աստված ձեզ զորավիգ»:

Քաշաթաղի շրջանի զինկոմիսարիատում կայացավ հերթական՝ 2017թ. զորակոչը: Առավոտյան արդեն մարդաշատ էր զինկոմիսարիատի բակը: Շրջանի տարբեր համայնքներից են զորակոչիկները, եկել են ծնողների, հարազատների, քույր ու եղբայրների, ընկերների ուղեկցությամբ: Եկել են ժամանակին: Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ ժամանակին աշխատել են համայնքների ղեկավարների, դպրոցների հետ, և արդյունքում՝ զորակոչիկները տեղում են ու պատրաստ զինվոր դառնալու: Բոլորն էլ անցել են բուժզննում, առողջական խնդիր չունեն: Զինկոմի տեղակալ, կապիտան Կամո Ալավերդյանն ու զորակոչի բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը վերջնական տեսքի են բերում զորակոչիկների փաստաթղթերը, լրացնում Հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկը, զրուցում զորակոչիկների հետ:

Վահե Հայրապետյանը Տիգրանավան գյուղից է; Եկել է հարազատների ուղեկցությամբ; Պապերը` Լևոն Հարությունյանը և Վաչագան Համբարյանը, հպարտ են, որ իրենց թոռը Տիգրանավանում ծնված առաջին զինվորն է: Ավարտել է գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցը: Վահեի տատը` Լուսիկ Սահակյանը, նույն կրթօջախի հիմնադիր ուսուցիչներից է: Ասում է, որ մյուս որդու տղան` Տարոնը, մի քանի օրից զորացրվելու է, և հաջորդ զինվորն է իր տնից մեկնում բանակ` պաշտպանելու հայրենի սահմանը: Բոլոր զինվորներին բարի վերադարձ ցանկացավ հայ մայրը` ցավով նշելով, որ անցած ապրիլյան քառօրյայում զոհեր շատ ունեցան, նրանց թվում էր նաև իր քրոջ թոռը` Անդրանիկ Զոհրաբյանը:  Ֆելիքս Հարությունյանն այս տարի ավարտեց Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգը: Բարձր տրամադրությամբ է մեկնում:

Արգիշտի Նալբանդյանը շրջանի հարավային Իշխանաձոր գյուղից է: Ավարտելով տեղի Հովհ. Թումանյանի անվ. միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի «Հայ բուսակ» համալսարան: Ցանկանում է մասնագիտությամբ ծառայել: Իրեն ու բոլոր նորակոչիկներին, սահմանի զինվորներին մաղթում է անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:  Ջիվան Ծատրյանն ունի 3 եղբայր և 4 քույր: Ավագ եղբայրներն արդեն կատարել են իրենց պարտականությունը հայրենիքի հանդեպ:  Քույրերը բարի ծառայություն են մաղթում զինվորացու իրենց եղբորը և բոլոր նորակոչիկներին:  Սերժանտ Արամ Իսրայելյանը Բերձորից է, 6 ամիս առաջ է մեկնել բանակ և արձակուրդ է եկել: Այժմ ընկերներին է  ճանապարհում: Խորհուրդներ է տալիս, քաջալերում: Մշենիից է Ռոման Քոչարյանը, անցած տարի է ավարտել դպրոցը և ընդունվել Արցախի պետական համալսարան: Բարձր է տրամադրությունը. իր հերթն էլ հասավ պաշտպան կանգնելու հայրենիքին: Քույրը հպարտությամբ նշեց, որ ավագ եղբայրը` Ռուբիկը, երկու տարի առաջ է զորացրվել, անցած ապրիլին կամավոր նորից սահման էր մեկնել: Հավատում է` Ռոման նույնպես լավ զինվոր կդառնա: Հովհաննես Գևորգյանը Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգի դպրոցի շրջանավարտ է: Ծնվել է Բերձորում, ավարտել է նաև Գորիսի պետական քոլեջի ատաղձագործության բաժինը:

Զինկոմիսարիատում տղաները շարվեցին այն պատի մոտ, որի վրա փակցված են Արցախյան ազատամարտի հերոսների նկարները: Զինկոմի տեղակալը ևս մեկ անգամ հետաքրքրվեց` արդյոք որևէ մեկը խնդիր չունի՞, ապա տվեց խորհուրդներ և մաղթեց բարի ու անփորձանք ծառայություն: Տարիների ընթացքում Քաշաթաղում ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ` բանակ մեկնելուց առաջ նորակոչիկներն այցելում են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցի, մոմ վառում, ապա բարձրանում հուշահամալիր. ծաղիկներ դնում հերոսներին նվիրված հուշակոթողներին եւ երեք խոնարհված պատերի մոտ: Այս անգամ հուշահամալիրում փոքրիկների մատուցած անակնկալը շատ ոգևորեց նորակոչիկներին: Փոքրիկները հանդես եկան զինվորներին նվիրած մաղթանքներով, ապա խաչեր նվիրեցին իրենց անդորրը հսկելու գնացող տղաներին և պարեցին նրանց հետ: Նորակոչիկներին բարի ճանապարհ ու ծառայություն մաղթեցին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը և զինկոմ Ատեփան Օհանջանյանը: Բարձր տրամադրությամբ հավաքակայան մեկնեցին Հայոց բանակի հերթական զինվորացուները` հավաստելով, որ լինելու են հայրենիքի նվիրյալ պաշտպանները:

 ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ