Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ – 120. «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»



ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - 120    «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»  Ամեն անգամ, երբ խոսք է լինում Եղիշե Չարենցի շուրջ, անհրաժեշտաբար ծագում է նույն պարզ թվացող, բայց ըստ էության շատ բարդ հարցը՝ ո՞վ է այդ զարմանալի մարդը, որտեղի՞ց է գալիս, ո՞րն է նրա կյանքի ու գործի խորհուրդը: Եվ ի՞նչ գաղտնիքով, ի՞նչ ուժի շնորհիվ են նրա կյանքի պատմությունը և երգը այդքան խորը թափանցել ժողովրդի հոգեկան աշխարհը:

Կարող է անգամ տարօրինակ թվալ: Մի՞թե մինչև այսօր դեռ չգիտենք մեր մեծ բանաստեղծին. այնքա՜ն խոսում ենք նրա մասին, այնքա՜ն գրում… Շատ բան իմանալով հանդերձ, մենք, թվում է, կանգնած ենք նաև փակ դռների առաջ: Հանճարը հարուստ է, անվերջ, անսպառ: Ամեն սերունդ գալիս և իր ճաշակի ու մտածողության տեսանկյունից առնչության մեջ է մտնում նրա հետ, և ամեն անգամ հանճարը բացվում է մի նոր գեղեցկությամբ:

….Բնությունը շռայլ էր նրա նկատմամբ, բախտը… ժլատ: Բնությունը նրան օժտել էր բազում շնորհներով, բախտը նրան չէր սահմանել երջանկություն: Նման բացառիկ մարդիկ ծնվում և ստեղծում են այլոց երջանկության համար և նոր ուղիներ լուսավորում անձնական կյանքի հրդեհով… Ճակատագիրը դեմ է ելնում բնությանը. աններդաշնակությունը կրճատում է անհատի կյանքը և գրական ուղին: Բայց դարձյալ բնությունը ինչ-որ ձևով ծածկում է կորուստը… բախտի հարվածները ավելի խորունկ, գերխիտ և բորբոքուն են դարձնում այդ կարճ ընթացքը:

Այսպես ներհակ, այսպես տենդագին է սկսվել և ընթացել Եղիշե Չարենցի կարճատև ուղին:

…1915 թ. աշնանը Չարենցը դառնում է հայկական կամավորական 7-րդ բանակի զինվոր՝ պաշտպանելու երկիրը…: Եվ այնտեղ, սրբազան հողի վրա, նրա աչքին բացվում են դանթեական առասպելները: Աշխարհի բեռն ուսերին առած զինվորը տեսնում է դիակներ, ջախջախված մայրեր ու երեխաներ, արյան շառագույն՝ փողոցներում, տներում, ջրհորներում, այգիներում, ապրում է մահվան լռության և կյանքի սպանության սարսափը:

Եվ հենց այս աղետների ու սարսափների մեջ էլ զորանում է տաղանդը, կյանքը հզոր լիցքեր է տալիս նրան: Պատանի տիտանը ուժով իր հոգու վրա է առնում ազգային ողբերգության ծանրությունը. ցավը զորացնում է նրա ուժը, հայրենի տառապանքը նրան տանում է մեծ աշխարհ:

…Տեղի է ունենում ցնցող ողբերգությունը՝ հայրենի հողի և նրա զավակի բաժանումը: Իջնում է խոր և անծայր մի տխրություն: Երկրից վտարված և դառնացած կամավոր զինվորն իր հետ տանում է ուժի և քաջության աստվածների կործանման կսկիծը.

 

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի: -Տեսնում եմ ահա,

Որ ծիծաղում ու քրքջում են նրանք

Արնաքամ ընկած դիակիդ վրա:

Թե մի՞ֆ էիր դու… Եկան, երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր,

Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՛ն,

Որ դու՜ կբերես փրկությունը մեր:

Եվ հավատացինք, հարբած ու գինով,

Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ո՛ւժի-

Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով,

Մեր երկիրը հին դարձրին փոշի…

Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,

Որ նետեն քաղցած ոհմակներին կեր-

Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

 

Հայրենի հիմերի կործանման պահին տեղի է ունենում բանաստեղծի անժամանակ հասունացումը: Մեզ հայտնի են արագ հասունացման այդպիսի օրինակներ: Վաղահաս մահվան տագնապը զարմանալի թռիչք տվեցին ու անժամանակ հասունացրին Դուրյանին ու Մեծարենցին… Իսկ Չարենցը…. Նա տեսնում էր, որ մահվան ստվերն իջել է հայրենի եզերքի վրա, արյունաքամ է լինում ու անվերջ փոքրանում Հայաստանը…

…1937թ. մարտի 28: Նշանավոր տարեթիվ: Լրանում է Չարենցի ծննդյան 40-ամյակը և ստեղծագործության 25-ամյա հոբելյանը: Կեսգիշերին նա դառնությամբ թղթին է հանձնում մի գրառում ՝ իր ցաված օրերի և կրած դաժան հալածանքների մասին: Առանց հուզմունքի անհնար է կարդալ հանճարի արյունով գրված տողերը. «Եվ այսպես, ահա ես – 25 տարի ստեղծագործական աշխատանքով հայրենի հերկը խոփով ոգեկան հերկելուց հետո՝ ահա տոնում եմ իմ կրկնակի հոբելյանը-մենա՜կ ու հալածական՝ պոետ աքսորյալ սեփական հայրենիքում ՝ հերկի եզերքին հայրենական երգի՝ ամայացած դաժանագույն եռանդով սեփական նախարարների և պետերի՝ հայրենի երգակիցների դեռ մնացած մի քանի խեղճերի հախուռն ցնծության ներքո….»:

Չարենցի ներքին տեսողությունը կենտրոնանում է ողբերգության շուրջ, միտքը թռչում է արագ, ծնվում են նոր ընդհանրացումներ և փոխաբերություններ, որոնք բացում են ժամանակի չարաղետ երևույթները և հոգեբանության ներքին պատկերը: Կրկին նրա աչքին երևում է արյան գույնը, այգաբացը նրա աչքին թվում է արյունալճի փոխված մայրամուտ, իսկ արևը «կարմիր գլուխ գլխատվածի», նրա աչքին անվերջ երևում է չարագործի «արեգնացայլ կացինը».

Վաղ աղջամուղջն այնքան

               ըղձյալ այգաբացի

Մայրամուտի փոխվեց արյունալիճ,-

Ուր մեր Ա՜րևն է նոր սուզվում արյունալի,

Որպես կարմիր գլուխը գլխատվածի….

 

Եվ ես դիմում եմ քեզ, ով Արարիչ,

            դարձյալ.

Ինչպես վկա մեր հին Նարեկացին,-

Քանզի կարոտ ոգու և անարյուն

            Հացի,-

Տեսնում եմ լոկ-կացին արեգնացյալ:

Մարդու տառապանքների զգացողությամբ և չարիքների բացահայտումով նա բարձրանում է Նարեկացու մեծությանը, հասնում շեքսպիրյան դրամատիզմի զորությանը:

….Եվ այստեղ էլ մենք կրկին կանգ ենք առնում հոգեկան զարմանալի հատկանիշների առաջ: Ի՜նչ հոգեկան ուժ, անանձնական սեր և խոհական հարստություն պետք է ունենա մարդ, որպեսզի կարողանա մահվան մշուշի միջից տեսնել իր երկրի գալիքը, իմաստուն պատգամներ թողնի ժողովրդին: Դեռ «Պատգամի» մեջ նա աքրոստիկոսի ձևի մեջ գրում է իր նշանավոր տողը, որի համար այնքան ցավեր տարավ՝ «ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Հետո, արդեն «Կոմիտասի հիշատակին» ռեքվիեմի մեջ նա խոր հավատով, գրում է, որ հայրենիք պիտի դառնան տարագիր աճյունները, մասունքները, երգի ու ոգու վտակները: Հիրավի, ոգու և պատմության հանճարեղ ընդհանրացում.

…Միջագետքից – Օրենբուրգ,

Հելեսպոնտից մինչև Վան,-

Ո՞ր աշխարհում արդյոք սուրբ

Չկա մասունք նայիրյան…

Ո՞ր ափերով աշխարհի

Քո մերկ ոտքերը չանցան,-

Օ՜, նայիրյան հանճարի

Հազարամյա Սերմնացան…

 

Պիտի դառնան դեռ հերթով

Տարագիրներն այդ անթիվ,-

Որ աճյունով կամ սրտով

Դառնան աղբյուր եռանդի:-

Կենդանի սիրտ, թե աճյուն-

Իբրև հունտերն հանճարեղ,

Բեղմնավորե՜ն պիտի սուրբ

Հայրենի հողն արդ իրենց:

Ծնվում են նոր մտքեր, մտահղացումներ, երազներ՝ անծայր, անեզերք: Բայց մահվան ուրվականը մոտենում է, օղակը սեղմվում: 1937 թ. օգոստոսի երկրորդ կեսին նա արդեն բանտում էր…: Մեզ մնացել են հատուկենտ հուշեր, մի քանի սև թղթեր՝ հարցաքննությունից, թաշկինակի վրա գրված մի թանկագին նամակ ու ձոն՝ ուղղված Ավետիք Իսահակյանին: Ուրիշ ոչինչ: Գալիս է և վերջին օրը: Հյուծված մարմինը և տանջված հոգին չեն դիմանում չարչարանքներին, հոգեկան-ֆիզիկական կեղեքումներին…: 1937թ. նոյեմբերի 27-ին վերջանում է հանճարի երկրային ուղին : Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ձիաֆուրգոնով գողունի, թաքուն նրա դին տանում են անհայտ ուղղությամբ…: Դա մեր հոգևոր կյանքի ու երգի մեծագույն ողբերգությունն էր՝ նույնքան մեծ, նույնքան խոր, որքան Եղեռնի բերանն ընկած արևմտահայ բանաստեղծական պայծառ սերնդի և երգի սպանությունը:

Սակայն նույն դաժան պահից սկսվում է հանճարի հավերժական կյանքը՝ ժողովրդի հիշողության մեջ, հոգևոր տարերքում, որի դեմ անզոր էին արդեն դաժան բռնակալները, միջակությունները, դահիճներն ու մաղձոտ հոգիները: Չարենցը խորն էր զգացել նաև իր կյանքի հետմահու ուղին և գուշակել մահվան արտասովոր արձագանքը, գրեթե միստիկ, առեղծվածային ազդեցությունը մարդկանց վրա.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,

Ծանր կնստի քաղաքի վրա….

… Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,

Որպես ընդհանուր աղետից սարսած՝

Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ

Եվ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ….

Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշի,

Եվ հոգիներում, ինչպես հուշ հառնի,-

Ելնելով անցած օրերիս նաշից,

Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,

Անցորդներն՝ իրար անծանոթ անգամ,

Աչքերում իրար և հայացքներում

Պիտի միևնույն թախիծը կարդան….

Չարենցը մարգարեացավ…: Հանճարի երգը ոչ մի ժամ, ոչ մի օր, ոչ մի տարի չբաժանվեց ժողովրդի երթից, նրա հետ էր բոլոր ուրախությունների ու փորձությունների պահերին: Եվ այդ երգը, որի մեջ ամփոփված է ժողովրդի ողջ հարստությունը, հավերժորեն լույս է նետել հայրենի սերունդների ճանապարհին…

Ինչ ունեցել է ժողովուրդը քո.

Հնում, անցյալում-

            լուսավոր ու վեհ,

Ինչ ունի այսօր,

            ինչ ցնորք ու խոհ,

Ողջը հավաքել ու քեզ է տվել:-

Տվել է, որ դու այդ ամենը այս

Օրերին խառնած,

            խոր հավատով լի՝

Պարզես գալիքի ցնորքին

            անհաս-

Եվ ընդմի՛շտ մնաս մեծ

            ու սիրելի:

Որքան հեռանում ենք Չարենցից, այնքան ավելի բարձր է երևում նրա հասակը: Հայրենի հանճարն արդեն պատկանում է ողջ աշխարհին: Ֆրանսիացի Լուի Արագոնը Չարենցին համարում է այն հազվագյուտ հանճարներից, որոնք զարդարում են 20-րդ դարի ճակատը: Եվ որքա՜ն հպարտությամբ է հնչում մեծ մաքառողի, հանճարեղ գրողի, նահատակի և երազողի ինքնաբնութագրող տողը. «Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական, դեպի դարերը նորից, դեպի պայծառ ապագան…»: Նրա հոգու մեջ անվերջ հրդեհվում էր սերը դեպի մարդկային կյանքի հեռավոր, անծայր ափերը, բորբոքվում էր Nostalgia-ն, կարոտախտը….

Երազում եմ ես լուսավոր մի գետ,

Մարմարյա տներ ափերին նրա,-

Շրջում են շուրջը չքնաղ աղջիկներ,

Իմ կյանքի մասին պատմելով իրար…

Դարեր են անցել արդեն, ինչպես գետ,

Եվ երգերս պարզ՝ այդ դարերի հետ

Հասել են մինչև ափերն այդ վսեմ,

Գալիք աշխարհի ափերը լուսե:-

Իմ երազներում հաճախ եմ տեսել

Եվ գետն այդ վսեմ և երթը լուսե,

Եվ միշտ երազում, թե խոհերում պարզ-

Թվացել է այդ- ցնորք ու երազ…

Եվ Չարենցը միշտ ապրելու է գալիքի հետ, նրա երգը մնալու է որպես դարերի հոգևոր հարստությունը զորացնող, կամրջող և փոխանցող ուժ…

Հատվածներ ՀՐԱՆՏ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ՝ «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. Բնութագրական փորձ» հոդվածից

 

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,

Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - 120. «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,

Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

 

Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,

Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –

Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

 

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա,

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,

Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

 

Լուսամփոփի պես աղջիկ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ…

 

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,

Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում,

Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,

Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

 

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,

Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,

Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,

Լուսամփոփի՜ պես աղջիկ…

 

Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,

Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ ու կանաչած թթենին

Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,

Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-

Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,

Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, – եւ երբ խաբվել է սիրուց –

Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, – եւ օրրում է թթենին

Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ

Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ - 120. «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»Կապուտաչյա հայրենիք

(Հատված պոեմից)

Օ՜, իմ հեռո՜ւ, կապուտաչյա՛ սիրուհի,

Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ…

 

Օրերում այս տառապանքի ու մահի

Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։

Օրը կգա։ Ու հեռավոր դաշտերից

Մեր հնձվորները, հոգնաբեկ, կգան տուն։

Կբոլորեն սեղանի շուրջը նորից

Ու կլինի հազար ծիծաղ ու խնդում։

Ու խնջույքում, աներևույթ դու կգաս,

Սիրտս կզգա քո թովչությունը մոտիկ.

Եվ չես լինի դու արնավառ մի երազ,

Ու կխնդան քո զավակներն անոթի…

Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՜ ու պայծառ

Ու կլինես դու հարազատ ու անուշ։

Մութը կանցնի ու մառախուղը անծայր

Հուշ կդառնա, հնամենի մի զրույց…

 

Կապույտը

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,

Կապույտը – թախիծ.

Կապույտը – կարոտ թափանցիկ, մաքուր,

Ու հստակ, ու ջինջ։

 

Կապույտը քրոջ աչքերի անհուն

Առավոտն է թաց։

Կապույտում հոգիս մի հին իրիկուն

Անզո՜ր հեծկլտաց։

 

Կապույտը ծեգին աղոթքի կանչող

Ղողանջն է զանգի։

Կապույտը – արցունք, ու կապույտը-ցող

Հոգու, երկնքի։

 

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում

Երկնքից – երկինք։

Հոգիս – Կապույտի լաբիրինթոսում

Սրբացած կնիք։

 

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի

Մանկական սրտում-

Հոսում է, որպես լուսավոր գինի –

Հոգու կապույտում։

 

♦♦♦

 

Բորբ դարիս սիրով

Լցված – ահա նոր

Կանգնել եմ ձեր դեմ-

Ե՛վ պոետ, ե՛ւ այր-

Դեմքով ժպտադեմ,

Եվ երգով պայծառ-

Կանգնած եմ ահա`

Երգասան վերջին`

Իմ նայիրական

Երգի կամուրջին

Եվ շուրջս եմ նայում-

Ու հեռուն պայծառ

Համայն աշխարհի

            երգասան դարձած-

Ա~խ, ո՞վ է իմ դեմ

Նե~տ ճոճում սակայն…

1935թ.

Խորագիր՝ #26 (1197) 05.07.2017 – 11.07.2017, Հոգևոր-մշակութային


06/07/2017