Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ



ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸՎերին Դվինում ենք (Այսօրի Դվինում): Այստեղ է կենտրոնացած Հայաստանում ասորական ամենամեծ համայնքը: Քաղաքի աշխույժ եռուզեռից հետո մի տեսակ անսովոր է գյուղի  լռությունը. փողոցները  գրեթե  դատարկ են,  ահել ու ջահել վաղ առավոտից  դաշտերում են: Տեղի   բնակչության  հիմնական զբաղմունքը հողագործությունն է:

 Վերին Դվինը 2004թ. ղեկավարում է  ասորուհի Լյուդմիլա Պետրովան:

-Ասորիները Դվին գյուղում հաստատվել են 1805թ., երբ ասորական մի քանի ընտանիք՝ դժգոհ լինելով  իրենց հանդեպ թուրքերի բռնություններից ու  դաժանությունից,  Թուրքիայի Մամդսան բնակավայրից տեղափոխվել են Հայաստան եւ  բնակություն  հաստատել Արարատի շրջանի Գյոլայսոր բնակավայրում: Ասորիների երկրորդ ներգաղթը թվագրվում է  1826-1828 թթ., երբ  Ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանի Ուրմիա նահանգից  100 ասորի ընտանիք տեղափոխվել է Արեւելյան Հայաստան:

Որեւէ տեղ հաստատվելիս  ասորիներն էլ հայերի նման նախ եւ առաջ հիմնում էին եկեղեցի եւ դրա շուրջ էլ  կառուցում իրենց տները:

-Պատմականորեն գրեթե նույն ճակատագիրն ենք ունեցել, ընդհանուր  շատ նմանություններ ունենք,- շեշտում է Լյուդմիլա Պետրովան եւ շարունակում: -Մենք էլ հայերի նման տեսել ենք ցեղասպանություն, տեղահանություն, հայերի նման սփռված ենք աշխարհում… Մենք էլ հայերի նման հիշատակի օր ունենք, ընդ որում՝ երկու անգամ ենք նշում՝ մեկը ապրիլի 24-ին, մյուսը` օգոստոսի 7-ին:

Երկու հարյուր տարի է` ապրում ենք Հայաստանում: Հայաստանը համարում ենք մեր հայրենիքը, մեր տունը: Ապրելով կողք կողքի, բնականաբար,  կիսել ենք միմյանց հետ բաժին հասած բոլոր դժվարություններն ու տառապանքը:

Արցախյան պատերազմի ժամանակ ասորիները կամավորական ջոկատներ կազմեցին եւ կանգնեցին հայ ազատամարտիկների կողքին՝ պաշտպանելու Հայաստանի սահմանները:

Այսօր էլ ասորի  երիտասարդները  պատվախնդրորեն ծառայում  են հայոց բանակում: Տարածքային  զինկոմիսարիատից կվկայեն`  մերոնք ծառայությունից չեն խուսափում: Բանակից եկած շնորհակալագրերը, պատվոգրերը դրա խոսուն վկաներն են:

Հայաստանի ճակատագրի համար ասորիները նույնքան պատասխանատվություն են կրում, որքան եւ հայերը: Անգամ Ռուսաստան տեղափոխված մեր երիտասարդները, երբ գալիս է ծառայության ժամանակը, առանց մեկ վայրկյան իսկ վարանելու, վերադառնում են եւ ծառայում:

Ապրիլյան դեպքերի ժամանակ մեր գյուղի  տղաներից 16-ը հենց առաջնագծում էին: Ամեն օր մեր հոգեւոր հովվի գլխավորությամբ հավաքվում էինք եկեղեցում, աղոթում զինվորների համար… Տղաներից շատերն արդեն վերադարձել են:

Մայիսի 9-ին  գեղեցիկ միջոցառում էինք կազմակերպել, հրավիրել էինք բոլոր ծառայած տղաներին` հայրենիքի պաշտպաններին` պատվելու, մեծարելու….

♦♦♦

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸՀայոց հողում հերթական զորակոչն է: Մեր բանակում հայազգի զինվորների կողքին ծառայում եւ Հայաստան աշխարհի դարպասներն ամուր եւ անառիկ են պահում նաեւ այլազգի շատ երիտասարդներ:

Ասորի Նիկոլայ Շախոեւը հուլիսի 3-ին կհամալրի հայոց բանակի շարքերը, իսկ նրա ավագ եղբայրը՝ Արթուրը, արդեն ծառայել վերադարձել է, ապրիլյան դեպքերի ժամանակ առաջնագծում էր:

Շախոեւների հյուրընկալ օջախում ենք: Հայ-ասորական ընտանիք է: Նիկոլայի պապը՝ Ժորան, ասորի է, տատիկը՝ Հայկանուշը` հայ, Նիկոլայի մայրը՝ Անահիտը, նույնպես հայուհի է: Կատակում եմ՝ մայր-հայրենիք, որ ասում են, հենց այսպես է լինում:

Շախոեւների ընտանիքը նախկինում Ռուսաստանում է ապրել, սակայն երբ տղաները հասել են բանակային տարիքի, հայրը՝ Ջոնը, զավակների հետ վերադարձել է Հայաստան: Պարապած-մարզված տղաներ են, Ռուսաստանում տարբեր սպորտաձեւերով են զբաղվել, մրցանակային տեղեր գրավել: Մարզական մեդալների կողքին Հայաստանում արդեն նոր մեդալ է ավելացել ավագ որդին՝ Արթուրը, հայկական բանակում ծառայության ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած արիության համար արժանացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալի:

-Երբ իմացա, որ տղաս մեդալ է ստացել, հպարտությունից տեղս չէի գտնում, ամբողջ գյուղն էլ մեզ հետ ուրախացել էր,- անկեղծանում է Ջոնը:- Վստահ եմ՝ Նիկոլայն էլ եղբորից հետ չի մնա, պատվով կծառայի:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸԻնքը՝ Ջոնն էլ է հայկական բանակում ծառայել, բանակային ընկերների հետ ամուր կապը մինչ օրս էլ պահպանում է, մի քանի անգամ միասին գնացել են իրենց ծառայավայր: Սիրով եւ ջերմությամբ է հիշում այդ օրերը, հրամանատարին՝ Չիթչյանին:

Ժորա պապն էլ իր ծառայությունից է հուշեր պատմում. «….Պսկովում պարաշյուտիստ եմ եղել: Թոռս՝ Արթուրը, ասում է. «Պա՛պ ջան, քո ճամփով եմ գնալու», ուզում է զինվորական դառնալ»:

Շախոեւների հետ երկար-երկար զրուցում ենք, խոսում ասորիների փառահեղ պատմությունից, ասորիների եւ հայերի ճակատագրի նմանությունից, իրենց կորցրած հայրենիքի, մեր կորցրած հայրենիքի՝ ծովից ծով Հայաստանի մասին, խոսում ենք այս երկու հինավուրց ժողովուրդների ընդհանրություններից եւ առանձնահատկություններից, զրույցի ընթացքում փորձում եմ նմանության ու տարբերության եզրեր գտնել՝ այս ընտանիքում ինչն է հայկական, ինչն՝ ասորական, զգում եմ՝ խճճվում եմ…

Հրաժեշտ տալիս մտնում ենք տանտիրոջ այգի: Ծառերը կքվել են մրգերի ծանրությունից: Կարմրաթուշ տանձերը, ծիրանը տաք արեւից դեռ քաղցրանում են:

-Կարծես՝ փոքրիկ դրախտ լինի,-բարձրաձայնում եմ:

-Աշխարհում թող խաղաղություն լինի, դրախտը մարդ կստեղծի,- բանաձեւում է Ժորա պապն ու ավելացնում,- ամսի մեկին Նիկոլայի բանակի քեֆն է, անպայման եկեք, սրտանց հրավիրում ենք:

♦♦♦

Նիկոլայ Շախոեւը դեռ նոր է զինվորանալու, իսկ ահա Յուրի Նիկոլաեւը, Մարկ Յակովլեւն արդեն վերադարձել են: Ծառայել են պատվով, բանակում հայ ընկերներ էլ են ունեցել, եզդի, ռուս… Երիտասարդները նշում են, որ ծառայության ընթացքում այլազգիների նկատմամբ խտրականության որեւէ նշույլ իսկ չեն նկատել, օտարություն չեն զգացել, ավելին՝ առավել ուշադիր եւ հարգալից էին իրենց հանդեպ:

-Գումարտակի հրամանատարը կանչում էր, զրուցում, հետաքրքրվում՝ ինչ մտահոգություններ կամ խնդիրներ ունենք,- ասում է Մարկը, հետո ծառայության սկիզբն է հիշում:

-Մի քանի ամսվա ծառայող էի, երբ պատերազմական դեպքերը սկսվեցին, մենք դեռ դիրքեր չէինք բարձրանում, բայց սահմանին կռվող տղաների հերոսությունների մասին շատ պատմություններ էինք լսում: Այդ օրերին ասորի ընկերներից մեկը՝ Վիկտոր Աբրամովը, վիրավորվեց, թե ինչ զգացողություն ունեցա, ինչ ապրումներ էին, այսքան ժամանակ անց էլ չեմ ուզում խոսել:

Ապրիլյան դեպքերի ժամանակ մեր գյուղի ժողովուրդը կազմ-պատրաստ սպասում էր հրամանի, որ գնա առաջնագիծ, բայց զինկոմիսարիատից տեղեկացրել էին՝ առայժմ անհրաժեշտություն չկա: Երբ վտանգվում է Հայաստան աշխարհը, ասորիները հայերի կողքին են:

Հիմա էլ բանակում հորեղբորս տղան՝ Արման Յակովլեւն է ծառայում… Բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն եմ մաղթում ու…

– Ու Րահատույթա,- ժպիտով ավելացնում է Յուրին:

Րահատույթա ասորերեն նշանակում է «խաղաղություն»…

♦♦♦

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է, ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸԱյցելում ենք ասորիների սրբավայրերից մեկը՝ Սուրբ Մարեզ: Մատուռի ներսում սրբապատկերներ են, խաչեր:

-Բանակ գնացող տղերքի մայրերը գալիս են այստեղ, աղոթք անում, սրբապատկերներ տանում իրենց տները, մինչեւ զինվոր որդիների վերադարձը,- ասում է 79-ամյա Լուսյա Եդիգարովան:

Տեղեկանալով, որ զինվորական թերթի լրագրող եմ, Լուսյա տատիկն առիթը բաց չի թողնում հպարտանալու.

-Հինգ տղա ունեմ, տղաներս պատվով ծառայել են սովետի բանակում, Վովան Մոնղոլիայում է ծառայել, մյուս տղաս՝ Ուսուրիյսկում: Լավ ծառայելու համար պատվոգրեր են ստացել, մեդալներ: Տասնհինգ թոռ ունեմ, թոռներս էլ են լավ ծառայել, հայրերից հետ չեն մնացել,- ու  ձեռքի մատները ծալելով՝ սկսում է  թվարկել,- Սերյոժան գնացել է, Աթուրը գնացել է… Շուտով Միխայիլս է գնալու…

Բանակի քեֆին ասորիներն էլ  հայերի նման մեծ-մեծ սեղաններ ենք գցում, հարսանիքի սեղանի ճոխությամբ, բա ոնց, ուրախ ճանապարհում ենք, որ ուրախ էլ դիմավորենք…

Լուսյա տատիկի հարսը՝ ապագա զինվորի մայր, ազգությամբ ռուս Նատալյան էլ  խոնարհ հարսի պես կանգնած լուռ ունկնդրում է նրա ասածներն ու գլխով համաձայնության նշան անում, հետո ռուսերենով խոստովանում է.

-Ճի՛շտ է, մի քիչ հուզված եմ, մի քիչ անհանգիստ, բայց, հասկանում եմ, այս հողում է  ծնվել տղաս, այս հողի վրա է հասակ առել, մեծացել, ուրեմն այս հողն էլ պիտի պաշտպանի… Հայաստանը մեր տունն է…

Լուսյա տատիկի կապույտ-կապույտ աչքերում սիրուն  ժպիտ եմ նկատում,  երեւում է՝ հարսի ասածը սրտովն է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #25 (1196) 28.06.2017 - 04.07.2017, Բանակ և հասարակություն


29/06/2017