Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ



ՍԻՐԵԼՈՎ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒՀունիսի 18-ին լրացավ վաստակավոր նկարիչ, ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակ ՌՈՒԲԵՆ ԱՐՈՒՏՉՅԱՆԻ 70-ամյակը:

Օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անվանի նկարչին պարգեւատրեց «Գարեգին Նժդեհ» մեդալով:

 Բանակի զինանշանը զինվորի ու գեներալի, սպայի ու ենթասպայի խորհրդանիշն է, բանակի գաղափարախոսության հակիրճ ու վառ կերպավորումը: Ու ես պիտի խնդրեմ, որ Դուք բացահայտեք զինանշանի յուրաքանչյուր պատկերի խորհուրդը, որն իր հերթին կամբողջացնի հավաքական ասելիքը: Եկեք սկսենք արծիվից: Իմ ընկալմամբ` Ձեր արծիվը շատ է տարբերվում աշխարհի տարբեր պետությունների զինանշանների վրա պատկերված արծիվներից` իր «խոհափիլիսոփայական» հայացքով ու կեցվածքով: Արծիվը ուժի, պայքարի խորհրդանիշ է ու պիտի վայրի հայացք ունենա եւ սլացքի, խոյահարման տեսք: Մեր զինանշանի արծիվը կանգնած է, թեւերը փռել, ասես գիրկն է առել զինանշանի մյուս պատկերները խաղաղ հայացքով: Ինչո՞ւ:

Շատ ճիշտ եք նկատել: Այն, ինչ ասացիք, բացարձակ ճշմարտություն է: Իմ արծիվը եղել է վայրի հայացքով, սլացել, խոյահարել է Արցախյան պատերազմի ժամանակ, երբ մեր բանակը ազատագրում էր իր գերեվարված հողերը: Այսօր մեր զինանշանի արծիվը հաղթած բանակի արծիվ է, որի հայացքը (ինչպե՞ս ասացիք) խոհափիլիսոփայական է, նա կանգնած է հայրենի հողին ու թեւերը փռած՝ պաշտպանում է իր նվաճումներն ու հաղթանակները: Իմ արծիվը մեր ինքնավստահ, խաղաղ, հպարտ ու հաղթանակած ուժի խորհրդանիշն է:

Պիտի խոստովանեմ, որ անպարագրելի վեհություն ու ամրություն կա նրա խաղաղության մեջ:

Հենց դա էլ ցանկացել եմ շեշտել:

Հասկանալի է, որ զինանշանի վրա պատկերված դրոշը մեր անկախությունն է, իսկ ի՞նչ է խորհրդանշում արեւը:

Արեւը մեր երկիրն է` Հայաստանը:

Այնքան խոսուն ու սրտառուչ խորհրդանիշ է, որ անգամ բացատրելու կարիք չկա. մեր արեւը` մեր հայրենիքը: Մենք նաեւ սուր ունենք զինանշանի վրա, որը դարձյալ շատ «խաղաղ է», առանց մի կաթիլ ագրեսիայի, բայց կա:

Որովհետեւ մենք այսօր ոչ մի ցանկություն չունենք այդ սուրն օգտագործելու, բայց, եթե հակառակորդը առիթ տա, մեր սուրը կփոխի դիրքն ու կկատարի իր առաքելությունը:

Վահանը մեր պաշտպանունակության խորհրդանիշն է, այո՞:

Այո՛, մեր ազգայինհավաքական պաշտպանունակության: Այն միայն բանակը չի մարմնավորում, այլ մեր ժողովրդի` երկիրը բազկի ուժով, հոգևոր արարումներով պաշտպանունակ դարձնելու գաղափարը:

Զինանշանի վրա պատկերված խա՞չը

Մեր հավատքը, մեր բարոյականությունը, մեր վարքականոնը, մեր ազգային նկարագիրն է:

5-1-2Պարոն Արուտչյան, Դուք արմատներով շուշեցի եք եւ հեղինակել եք նաեւ Շուշի քաղաքի զինանշանը. ի՞նչ են խորհրդանշում հրեշտակն ու սրինգը:

Սա այն հրեշտակն է, որը երեւաց մարդկանց Շուշիի ազատագրության ժամանակ: Շուշին Երկնքից պաշտպանված քաղաք է, որի ազատության համար հայ ժողովրդի զավակները հրաշքներ են գործել մարտադաշտում: Հրեշտակը նաեւ այդ հրաշքների խորհրդանիշն է: Շուշին հայտնի է եղել որպես մշակութային քաղաք եւ, ահա, սրինգը այս փաստի հիշատակումն է:

Դուք ժողովրդական նկարիչներ Սերգեյ Արուտչյանի որդին եք եւ Միքայել Արուտչյանի զարմիկը: Արուտչյան ազգանունը լսելիս անմիջապես կտավ, պատկեր ու գույն է հայտնվում աչքերիդ առաջ: Ձեր հայրն ու հորեղբայրը եղել են ժամանակի մտավորական վերնախավի ամենավառ դեմքերից: Ինձ հետաքրքիր է, ինչպիսի՞ն էին Խորհրդային Հայաստանում ապրող, Եվրոպայում կրթված ու համաշխարհային արվեստում իրենց տեղն ունեցող հայ մտավորականները Ձեր պատանեկության տարիներին, ինչո՞վ էին ներշնչված, ինչպե՞ս էին ապրում:

Ես համեմատություն չեմ անելու մեր ժամանակների հետ, դա թողնում եմ Ձեզ ու ընթերցողին, բայց ամենայն սիրով կնկարագրեմ այն օրերի կոլորիտը, կպատմեմ հիշողություններսԻմ պատանեկության տարիներին մեծերը շատ էին` մարդիկ, որոնց անունները հավերժ մնալու են հայ ժողովրդի մշակույթի ոսկե էջերում: Իմ պատանեկության տարիներին մեծերը շատ մեծ էին` ե՛ւ արվեստում, ե՛ւ առօրյա մարդկային հարաբերություններում: Ես չեմ ուզում անուններ տալ, վախենալով, որ չեմ կարողանա հիշել բոլորին: Մեր տանը պարբերաբար հավաքվում էին նկարիչներ, դերասաններ, պոետներ, կոմպոզիտորներ, գրողներ: Նրանց խոսքը, նրանց զրույցները` արվեստից մինչեւ ամենակենցաղային թեմաներ, մշակույթ էր: Հավաքվում էին ու սկսում քննարկել որեւէ բանաստեղծություն, վեպ, ներկայացում, երգ կամ օպերա: Հետո արտասանում էին, երգում, նվագում: Եվ գիտեք` ինչն էր զարմանալին՝ որ հակառակ խորհրդային «փակվածությանը», նրանք շփումներ ունեին եվրոպական արվեստի գիգանտների հետ: Նամակներ էին գրում իրար: Իմ պատանեկության տարիներին մտավորականները միաձույլ էին, արվեստի մարդիկ սիրում էին իրար ու ընկերություն էին անում իրար հետ, շատ մտերիմ էին: Նրանք հզոր ու հեղինակավոր մարդիկ էին, նրանց ճանաչում, նրանց պաշտում էին բոլորը` փոքրից մեծ: Ժողովուրդը սիրում էր իր մտավորականին, մտավորականը սիրում էր իր ժողովրդին: Օդը ներծծված էր մշակույթով: Ու երկրում մշակութային սերունդ էր բարձրանում` ձեւավորվում էր մշակութային մարդ:

Եվ դա էր պատճառը, որ խորհրդային պետական գաղափարախոսությունը որքան էլ զուրկ էր ազգային նկարագրից, բարձրացող սերունդը ազգային դիմագիծ ու կեցվածք ուներ, որովհետեւ մշակութային մարդը չի կարող հայրենասեր չլինել: Ու հենց խորհրդային սերունդը ազատագրեց Արցախը:

Եվ, հակառակը, որքան էլ առավոտից իրիկուն ռազմահայրենասիրություն քարոզենք, այն արմատ չի տա եւ չի ծլարձակի, եթե չենք գտել մշակութային մարդ դաստիարակելու մոդելը, որովհետեւ մարդկային բոլոր առաքինություններն այդ հողի վրա են ծլարձակում:

Ի՞նչ ասել է մշակութային մարդ: Ձեր բանաձեւումն եմ ուզում լսել:

Մշակութային մարդն այն մարդն է, ով ծնված օրվանից առնչվել է մշակութային երեւույթների հետ բոլոր հարաբերություններում: Ում հույզերը, զգացմունքները, մտածելակերպը, ներաշխարհը, վարքը կրթվել ու ձեւավորվել են բառի, հնչյունի, գույնի, բարձր գաղափարների, գեղեցիկի, վեհի, բարու ազդեցությամբ:

Դուք հավանաբար ծանոթ եք զինվորականների, բանակի, սպայակազմի հետ: Զինվորական խավը մշակութայի՞ն խավ է:

Սադրիչ հարց եք տալիս, բայց ես կպատասխանեմ անկեղծ ու առանց տողատակերի: Բանակն ու զինվորը ինձ համար բացարձակ արժեք են: Ես ուզում եմ ընկերություն անել բանակի հետ, որովհետեւ մեր բանակը` մեր սպան ու զինվորը, Արցախյան պատերազմում, բանակաշինության ամբողջ ընթացքում, ապրիլյան քառօրյա կռվի օրերին հաստատեցին մի ֆենոմենալ իրողություն` որ հայրենիքի ազատության նժարին աներկբա պատրաստ են դնելու իրենց կյանքը: Սա խիզախության, վեհության, նվիրումի գագաթնակետն է:

Երբ մեր երկրին սպառնում է դարավոր թշնամին, մենք ֆենոմենալ ենք, իսկ խաղաղ ժամանակների բանակը, երկրի ներսի բարքերը հղկվելու եւ ավելի մշակութային դառնալու կարիք ունեն: Զինվորական խավը` նույնպես:

Երեկ մի զինվորի ծնող բողոքում էր, որ զորամասերից մեկում իրեն մի քանի ժամ սպասեցրել են մինչեւ որդուն արձակման թերթիկ են տվել: Մշակութային մարդը 12 ժամ ճանապարհ կտրած մորը 3 ժամ չէր սպասեցնի անցագրային կետում: Թվում է` մանրուք է, բայց ծնողը վիրավորված էր: Դեպքը եղել էր 2015-ին. ծնողը մինչ օրս պատմելիս արտասվում էր:

Շատ հնարավոր է, որ այդ նույն սպան մեկ տարի անց ապրիլյան պատերազմի ժամանակ կյանքը տվել է հայրենիքի համար:

Պարոն Արուտչյան, ի՞նչն է Ձեզ հուզում այսօր ամենից շատ եւ ի՞նչն է ներշնչում:

Երկրում ազնվության պակաս կա: Մարդը ընկերություն չի անում ճշմարտության հետ: Մարդը անկեղծ չէ սպիտակ թղթի առաջ: Առանց ազնվության մեռնում է ամեն գեղեցիկ բան: Որքան էլ արհեստավարժ լինես, եթե ազնիվ չես, եթե հոգիդ ու միտքդ ազատ ու բաց չեն, չես կարող հոդված գրել, բանաստեղծել, նկարել, քանդակել, երգ ստեղծել: Ես ամիսներով չեմ նկարում, եթե ներշնչանք չկա, ու ասելիք չունեմ: Չի կարելի սեր, ոգեւորություն, հպարտություն ու խիզախություն խաղալ: Չի կարելի գոյատեւել, մանավանդ` երբ կա ապրելու շանս: Այլապես գոյատեւելը դառնում է կենսակերպ, սովորույթ:

Ինձ ներշնչում է մեր ժողովրդի գենետիկ «սիրառատությունը»: Ով ինչ ուզում է ասի` մենք սիրով լի ժողովուրդ ենք: Ես քեզ ասում եմ` Գայանե՛ ջան, դու այս ջանը չես կարող թարգմանել ոչ մի լեզվով: Սա մերն է, մեր սիրուց է ծնվել, մենք սիրելով էլ հաղթելու ենք 

 ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


22/06/2017