Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԿՐՈՒՄ ՀԱՄԱԶԳԵՍՏՍ



ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ԿՐՈՒՄ ՀԱՄԱԶԳԵՍՏՍՄարտկոցի հրամանատար, կապիտան Սեդրակ Մադաթյանը  ծառայում է հարավային սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ  գծով  տեղակալ, փոխգնդապետ  Ա. Մանուչարյանը կապիտանի մասին խոսելիս նշում է. «Մեր երիտասարդ լավագույն սպաներից է, պարտաճանաչ է, բարեխիղճ,   ենթակաների նկատմամբ  պահանջկոտ է եւ  միաժամանակ բարյացակամ ու հոգատար: Մասնագիտական բարձր  եւ հիմնարար գիտելիքներով  է օժտված»:

 Զորամիավորման արդյունքների ամփոփման ժամանակ Սեդրակ Մադաթյանի ղեկավարած ականանետային մարտկոցը գրավել է առաջին տեղը:

Օրինակելի ծառայության համար երիտասարդ սպան պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան»,  «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի եւ «ՀՀ  զինված ուժեր 20 տարի» մեդալներով:

 –Արցախյան ազատամարտին մասնակցած պապս ամենաշատն էր ուրախացել, երբ իմացել էր, որ որոշել եմ  զինվորական  դառնալ: Կռիվների թոհուբոհի մեջ ինքն իր համար  մի պարզ ու ճշմարիտ բացահայտում էր արել՝ ուժեղինն է աշխարհը եւ իրավունքը, ու մեզ հզոր բանակ է պետք, զինվորական կադրեր

 Սովորեցի Մոնթե Մելքոնյանի անվան  ռազմամարզական վարժարանում,  հետո զինվորական գիտելիքներս ամրապնդեցի Վազգեն Սարգսյանի անվանի ռազմական համալսարանում:

Հպարտությամբ եմ կրում հայոց բանակի սպայի համազգեստը: Համազգեստը    պարտավորեցնում է. երբ համազգեստով ես՝ ավելի ձիգ ես, պատասխանատու  Մարդկանց հայացքներում հայրենիքի պաշտպանի հանդեպ միշտ հարգանք ու ակնածանք եմ նկատում, առանձնահատուկ ջերմություն, իսկ երբ սահմանին  լարվում է իրավիճակը,  այդ ժամանակ ջերմությունը կրկնապատկվում, հազարապատկվում է.  մի փոքրիկ, աննշան  դրվագ պատմեմ՝ ապրիլյան  օրերին, երբ գնումներ կատարելու նպատակով  խանութ մտա,  կանգնածները,  նկատելով ինձ, ժպիտով  հետ քաշվեցին, ասելով՝ մեր զինվորականը թող հերթ չկանգնի, կարեւոր գործեր կունենա

Խոստովանեմ՝ այս հոգատարությունը, ուշադրությունը  ոչ միայն հաճելի է, այլ նաեւ պարտավորեցնող՝ հասկանում ես, գիտակցում, որ թիկունքում բոլորն էլ հարազատ են

♦♦♦

Ազատամարտիկ պապս Արցախյան պատերազմի ժամանակաշրջանից հաճախ է պատմում, պատմելիս էլ անպայման նկատում, թե այն ժամանակ լույս չկար՝ բոլորի համար լույս չկար, հաց չկար՝ բոլորի համար չկար, ու թե հաց էլ լինում էր,  ուղարկում էին կռվողներին 

Հիմա ժամանակները մի քիչ այլ  են, ուրիշ արժեքներ են, սոցիալական տարբեր շերտավորումներ, շատ բան է փոխվել աշխարհում, բայց մի բան հաստատ նույնն է մնացել՝ զինվորի հանդեպ ժողովրդի անսահման սերը

 Ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունը  այնքան հստակորեն եմ զգացել. զինվորի  ու սպայի կողքին ամբողջ ազգն է….Երբ վտանգվում է հայրենիքի խաղաղությունը՝ ազգը զինվոր է դառնում

Մեր հայրենիքը մարտահրավերներով լի տարածաշրջանում  է. հարեւան երկրի՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, շփման գծում անհանգիստ վիճակը, դիվերսիոն խմբերի ներթափանցման  փորձերը, դիպուկահարների ակտիվացումըայս ամենը մեզ պարտադրում է ուժեղ լինել, զգոն:  Տարիներ առաջ կնքված հրադադարը բնավ էլ խաղաղություն չէր, պատերազմի վերջակետ չէր 

 Պատերազմը չի ավարտվել, քանի դեռ սահմանին զինվոր է զոհվում, քանի դեռ սահմանակից տարածքներում օրը բացվում եւ մթնում է տագնապների մեջ, եւ սահմանամերձ տարածքներում գյուղի մարդիկ   իրենց բերքը կրակի տակ են հավաքում, պատերազմը չի ավարտվել, քանի դեռ կրակոցների տակ են մեծանում մեր երեխաները

Մենք պարտադրված ենք ուժեղ  լինել,  ամեն ժամն  ու րոպեն պետք է միտված լինեն  բարձրացնելու մեր մարտական կարողությունը:

Ամենօրյա պատրաստվածություն,  ամենօրյա տքնաջան աշխատանք,  մասնագիտական գիտելիքների կատարելագործում: Ռազմական  գիտելիքներով զինված լինելը վստահություն է սերմանում, համարձակություն եւ հաստատակամություն,- բացատրում եմ զինվորներիս ու  որեւէ բան սովորեցնելիս, ուսուցանելիս ջանում եմ չթերանալ:  Ինքս էլ  անընդմեջ աշխատում եմ  հաղթահարել մասնագիտական բոլոր դժվարությունները: Միայն այն ժամանակ բարոյական իրավունք ունես զինվորի հանդեպ խստապահանջ լինելու, պահանջելու, երբ ինքդ այդ ամենին կատարյալ ես տիրապետում: Բառերով չեն դաստիարակում, այլ առաջին հերթին արարքներով, անձնական օրինակով, քո վարքով  ու պահվածքով:

♦♦♦

Ծառայությունը խլում է ժամանակի մեծ մասը: Սա զինվորական կյանք է,  ու գիտակցաբար, կշռադատված եմ ընտրել   մասնագիտությունս՝ հասկանալով պատասխանատվության  ամբողջ  ծանրությունը:  Ամուսնացած եմ, կինս բժշկուհի է, երեք  տարեկան որդի ունեմ: Մեկմեկ նկատում եմ, որ ազատ ժամանակ տղայիս հետ զբաղվելու համար «գծած» հազար պլանից մեկն էլ չեմ հասցնում իրագործել

 Տանը փոքրիկս հագնում է զինվորական համազգեստս ու պտտվում է, տունը չափչփում, ուրախզվարթ կրկնելով՝ ես զինվոր եմ, ես զինվոր եմ

Մեր երկրին զինվորներ են պետք

 ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #24 (1195) 21.06.2017 – 27.06. 2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


22/06/2017