Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՆԴԱՊԵՏ ՓԻՆԱՋՅԱՆԻ ՀԱՇՎԻՉ ՔԱՆՈՆՆԵՐԸ

Հրաձգային տեխնիկայի խոշոր գիտակ եւ գյուտարար էր Վարդգես Փինաջյանը։ 1933թ. Երեւանում հրատարակվեց նրա «Գնդացրային հրաձգության տեխնիկան» ծավալուն աշխատությունը, որն անմիջապես գրավեց խորհրդային առաջատար մասնագետների ուշադրությունը։ Նա հրավիրվեց Մոսկվա եւ դասախոսական աշխատանքի անցավ Կարմիր բանակի «Վիստրել» հրաձգային մարտավարության ինստիտուտում։ Այստեղ նրա համար ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական աշխատանքի լավ պայմաններ ստեղծվեցին, ինչն էլ շուտով տվեց իր արդյունքը՝ 1934-ին լույս տեսավ Վարդգես Փինաջյանի կազմած «Հրաձգային-զենիթային հաշվիչ քանոնը» ձեռնարկը, որը բարձր գնահատականի արժանացավ ինստիտուտի գիտնական-հետազոտողների եւ ունկնդիրների կողմից։ Այն ընդունվեց որպես դասագիրք, եւ այդ մասին ինստիտուտի պետ Կ. Գոնչարուկի 1934թ. մարտի 22-ի հրամանում նշվեց. «Ռազմական առարկաների ղեկավար Վ. Փինաջյանի մշակած «Զենիթահրաձգային քանոն» ձեռնարկը արժեքավոր է, որը հավանության է արժանացել Կարմիր բանակի ցամաքային զորքերի մարտական պատրաստության պետի կողմից եւ պարգեւատրվել»։

Այս տեղեկությունները քաղված են «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի 1976թ. 2-րդ համարում Վարդգես Փինաջյանի մասին հրապարակված փաստական նյութից։ Բայց ահա այլ տեղեկություններ. ոգեւորված հաջողությունից՝ Վարդգես Փինաջյանը շարունակում է պրպտումները հրաձգային տեխնիկայի ասպարեզում եւ մասնագետների գնահատմանը ներկայացնում իր նոր մշակումները՝ հաշվիչ քանոններ դիպուկահարների ու գնդացրորդների համար։ Դարձյալ հիացական կարծիքներ՝ Փինաջյանի մշակումները նոր քայլ են հրաձգային տեխնիկայի կատարելագործման ասպարեզում, նրա ստեղծած հաշվիչ քանոնները պարզ են իրենց կառուցվածքով, արագ են յուրացվում եւ մեծ արդյունքներ տալիս։

Ինքը՝ Փինաջյանը, հաճախ էր լինում զորամասերում եւ մեթոդական ու գործնական ցուցումներ տալիս հաշվիչ քանոնների կիրառման վերաբերյալ, զինվորական հավաքներում հանդես գալիս դասախոսություններով։ Այդպիսի հավաքներից մեկի մասնակից Ա. Բորիսովը իր հուշերում գրել է. «Հավաքն անձնապես ինձ շատ բան տվեց։ Ես ոչ միայն յուրացրի հրաձգության տեսությունը, այլեւ հասկացա, թե ինչպես կարելի է յուրացրածը կարճ ժամանակում փոխանցել անձնակազմին։ Չեմ կարող չնշել հրաձգային տեխնիկայի հմուտ մասնագետ ընկ. Փինաջյանին, որն իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է պայքարել հրաձգային գործում լավ եւ գերազանց ցուցանիշներ ձեռք բերելու համար»։

1937թ. նշվեց Վարդգես Փինաջյանի ծննդյան 35-ամյակը, եւ այդ առթիվ ինստիտուտի հղած շնորհավորական ուղերձն ըստ ամենայնի բացահայտում է նրա արած գործի էությունը. «Հրաձգային տեխնիկայի տեսության եւ պրակտիկայի էնտուզիաստին, հրամանատարի համար դասագիրք-ձեռնարկի ստեղծող եւ գյուտարար ընկ. Փինաջյանին։ Ձեր հարվածային աշխատանքը հրաձգային գործի տեսության ու պրակտիկայի կատարելագործման եւ խորացման, Կարմիր բանակի հրամկազմի գիտելիքների բարձրացման մեթոդների ու ձեւերի մշակման ուղղությամբ օգնում է տիրապետել մարտական պատրաստության ամենակարեւոր՝ հրաձգային տեխնիկային»։ Եվ սա ասվում էր 35-ամյակը նոր բոլորած մարդու մասին։

Վարդգես Փինաջյանի հաշվիչ քանոններն իրենց մեծ դերը խաղացին Հայրենական մեծ պատերազմում, անգնահատելի օգնություն ցույց տվեցին մարտիկներին՝ ուղիղ նշանառությամբ հարվածելու եւ ոչնչացնելու թշնամու տեխնիկան ու կենդանի ուժը։ Հարկ եղավ բազմիցս լինելու ռազմաճակատի առաջին գծում, անձնապես ցույց տալու եւ բացատրելու հաշվիչ քանոնների կիրառման նրբությունները։

Վարդգես Փինաջյանի մարտական ծառայություններն ու մասնագիտական հմտությունները բարձր գնահատվեցին՝ 1945-ին նա արժանացավ գնդապետի կոչման եւ նշանակվեց Կարմիր բանակի հետեւակային զորքերի տեսչության տեսուչ, 1947-ին՝ ԽՍՀՄ զինված ուժերի տեսչության տեսուչ։ Թե ինչպես է նա աշխատել այդ պաշտոններում՝ լավ երեւում է զինված ուժերի տեսչության գլխավոր տեսուչ, Խորհրդային Միության մարշալ Գովորովի 1946թ. մայիսի 31-ի հրամանից. «Հրաձգային սարքերի եւ ձեռնարկների կատարելագործման, գյուտարարական եւ հետազոտական մի շարք արժեքավոր առաջարկությունների, ինչպես նաեւ տեսչական կադրեր պատրաստելու համար գնդապետ Փինաջյանին հայտարարել շնորհակալություն եւ պարգեւատրել արժեքավոր նվերով»։

Վարդգես Փինաջյանը գրել է ութսունից ավելի գիտական հոդվածներ, գրքույկ եւ աշխատություն, ակտիվորեն թղթակցել զինվորական թերթերին ու ամսագրերին։

Մի քանի անձնական տվյալներ. Վարդգեմ Փինաջյանը ծնվել է 1902թ., Արեւմտահայաստանի Բայազետ քաղաքում, 1915-ին ընտանիքով տեղափոխվել է Արեւելահայաստան, 1921-ին կամավոր մտել հայկական բանակի շարքերը, զբաղվել ինքնակրթությամբ՝ առանձնահատուկ մաթեմատիկական հակումներ դրսեւորելով։ Այնուհետեւ ավարտել է Երեւանի հրամանատարական դասընթացները, նշանակվել վաշտի հրամանատարի օգնական, ապա՝ Հայկական միացյալ ռազմական դպրոցի կուրսի հրամանատար։ 1926-ին դպրոցի ղեկավարության երաշխավորությամբ գործուղվել է Թիֆլիս՝ դասավանդելու Անդրկովկասյան հետեւակային դպրոցում, 1929-ին վերադարձել է գործող բանակ եւ ծառայել հայկական հրաձգային 1-ին գնդում՝ որպես վաշտի հրամանատար, որտեղ էլ սկսել է լրջորեն զբաղվել հրաձգային տեխնիկայի ուսումնասիրմամբ ու կատարելագործմամբ՝ արժանանալով մեծ պատվի եւ հեղինակության։ Մահացել է Երեւանում, 1964 թ.-ին։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ