Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՇՏԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՇՏԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՕրերս 1-ին բանակային զորամիավորումում անցկացվեցին զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի մարտական հրաձգությամբ ցուցադրական երկօրյա զորավարժություններ: Գումարտակի և վաշտի գործողությունները վերահսկում և համապատասխան խորհրդատվությամբ հանդես էր գալիս զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը:

Զորավարժությունների ղեկավարներ, զորամասի հրամանատարներ, փոխգնդապետներ Ադամյանը և Բժշկյանը «Տագնապ»-ով վերկացից մինչև կենտրոնացման շրջաններ գումարտակի և վաշտի անձնակազմերի զբաղեցումը, տեղազննումից մինչև փոխգործակցության կազմակերպումն ու մարտական գործողությունների համակողմանի ապահովումը հաջողությամբ իրականացնելուց հետո, դաշտային պայմաններում ծավալեցին ուսումնական կետեր:

Ուսուցանվող թեմաներն առնչվում էին անցկացվող զորավարժություններին: Ցուցադրվեցին նմանատիպ զորավարժությունների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը, կապի արդիական միջոցներն ու դրանց կիրառումը, սպառազինությունն և ռազմական տեխնիկան մշտապես մաքուր պահելու պայմանները:

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐՏԱԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՇՏԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԶինծառայողների մարտական բարձր պատրաստվածությանը զուգահեռ, կարևորվեց նաեւ նրանց ռազմահայրենասիրական, գաղափարական պատրաստությունը, բարոյահոգեբանական կայուն վիճակը, հանգստի և ազատ ժամանցի կազմակերպումը:

Ցուցադրական պարապմունքն ուղեկցվեց հարց ու պատասխաններով, առաջարկություններով ու բարձրացված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներով:

Մայոր Բալասյանի և կապիտան Ղուլինյանի հրամանատարությամբ գործող գումարտակի և վաշտի անձնակազմերը պաշտպանական մարտի վարման ժամանակ հետախուզեցին հակառակորդին, «ոչնչացրին» նրան:

Թշնամին փորձում էր ճեղքել մեր պաշտպանական գիծը և մեծաքանակ ուժերով շարժվել առաջ: Վերակազմավորելով մեր պաշտպանական հարվածներից տուժած ցաքուցրիվ ուժերը՝ թշնամին գրոհ կազմակերպեց: Զրահատանկային գումարտակի և մոտոհրաձգային վաշտի զինծառայողները նախ ետ քաշվեցին՝ տպավորություն ստեղծելով, թե  նահանջում են, ապա թողնելով, որ թշնամին առաջանա և  հայտնվի ծուղակում, հուժկու հարվածներով հետ մղեցին թշնամու գրոհները` ջախջախելով նրան:

2-րդ շարակազմի վճռական գործողություններից հետո մեր զինծառայողները նվաճեցին նպաստավոր բնագծեր և շարունակեցին իրականացնել սահմանի տվյալ հատվածի անընդհատ վերահսկողությունը:

Մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժությունները ցույց տվեցին, որ մեր զրահատանկային գումարտակների և մոտոհրաձգային վաշտերի մարտունակությունն ու անձնակազմերի դաշտային վարժվածության աստիճանը բարձր է:

 ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/05/2017