Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ



ՆԱՄԱԿ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆԱյս խորագրի ներքո տպագրում ենք Նինոծմինդայի թիվ 1, 2, 3 հանրային դպրոցների աշակերտների` հայ զինվորին ուղղված նամակները, որոնք խմբագրությանն է տրամադրել Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Բարի լույս, զինվո՛ր

Օրդ բարի  թող սկսվի, որովհետեւ դու ապահովել ես իմ խաղաղ գիշերը: Շնորհակալ եմ, իմ անծանոթ հարազատ

Հիմա ես դպրոց եմ շտապում ու որոշել եմ. երբ մեծանամ, ինչ էլ որ դառնամ, միեւնույն է. ազնիվ ու իմ գործին անսահման նվիրված մարդ կլինեմ, ինչպես դու:

Նամակս հատկապես քեզ է ուղղված՝ հայրենիքի սահմանները հսկող քաջարի՛ զինվոր: Ես ամեն օր լուրերով լսում եմ քո մասին ու հպարտանում քեզանով: Հասկանում եմ, դժվար է: Գիշեր է, ցուրտ, իսկ գործը՝ պատասխանատու: Փորձում եմ ինձ պատկերացնել քո փոխարեն: Կկարողանայի՞ լինել այդպիսին՝ աչալուրջ, քաջ ու հերոսական, ինչպիսին դու էիր ապրիլյան քառօրյա պատերազմում, ինչպիսին հիմա ես եւ շարունակում ես այսօր էլ պաշտպանել հայրենիքի սահմանները:

Դու անպարտ ես, հարազատ, անծանո՛թ եղբայր, որովհետեւ ունես պարտք, գիտես, որ գնացել ես պաշտպանելու քո տունը, ընտանիքի պատիվն ու խաղաղությունը, քո հայրենիքի խաղաղ քունը:

Ես քո փոքրիկ քույրն եմ, ես սիրում ու հավատում եմ քեզ, քո ուժին

 

Կարինե Կարագուլյան

 VI դասարան

գյուղ  Մեծ Խանչալ

 ♦♦♦

Ողջույն, հայոց բանակի զինվո՛ր

Հիմա ինձ համար մեծ պատիվ է, որ ես կարող եմ իմ սրտի խոսքերն ուղղել քեզ եւ իմ  խորին շնորհակալությունը հայտնել:

Հպարտ եմ, որ քեզ նման խելացի, անվախ, քաջ, առյուծասիրտ զինվոր ունենք, ով պատրաստ է իր կյանքը նվիրելու հայրենիքին եւ պաշտպանելու մի ամբողջ ազգ:

Ես շատ հպարտ եմ, որ քեզ նման եղբայր ունեմ, քեռի, հորեղբայր եւ հայրենակից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել քո ծնողներին, ովքեր քեզ հայրենասիրական ոգի են ներշնչել:

Ուզում եմ, որ դու քեզ լավ նայես, միշտ տոկուն լինես: Միշտ պայքարես եւ հասնես ավելիին, ու թող ժպիտը քո դեմքից անպակաս լինի:

Երբ դու ուրախ ես, խաղաղ եւ առողջ, ուրախ ենք եւ մենք: Խաղաղությամբ ծառայես եւ անվնաս հասնես քո ընտանիքին:

Աստված քեզ պահապան լինի, սիրելի՛ զինվոր, միշտ հպարտ եղիր, անվախ եւ առողջ:

Եվ իմացիր, որ քեզնով հպարտանում է մի ամբողջ ազգ:

Քո քույր՝ Լարիսա:

Լարիսա Նանայան

Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոց

 ♦♦♦

Հայ հերոս զինվորին

 Դու մեր պարծանք, ազգի զինվոր,

Պաշտպան հողի հայրենական,

Մոր կաթի պես սուրբ, անարատ,

Դու պահեցիր հողը հայկյան:

Կրծքով ելար ոսոխի դեմ,

Պատնեշ դարձար մի անխորտակ,

Քո տաք սրտով պատանեկան

Անտեսեցիր վախ ու սարսափ:

Սուրբ Վարդանի ոգով օծված,

Հայի՛ որդի, կռվի ելար,

Ափսոս, հեղվեց արյունը տաք

Ընկերներիդ՝ քաջ հարյուրյակ:

Անեղծ պահած մեր հողն Արցախ,

Հիմա տունդ ես վերաշինում,

Որպես հերոս՝ Ազգի պարծանք,

Մեր սրտերն ես փառավորում:

Վիոլետա  Ղարագուլյան

 

Նինոծմինդայի  թիվ 1 հանրային

դպրոցի  XII դասարան,

գյուղ Մեծ Խանչալի

 

Խորագիր՝ #20 (1191) 24.05.2017 - 30.05.2017, Բանակ և հասարակություն


24/05/2017