Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԼԻԵՎՆԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ



ԱԼԻԵՎՆԵՐԸ ԹԱԼԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸԱդրբեջանի կառավարությունն իր նավթային և գազային եկամուտները բաշխում է հետևյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիևի ընտանիքի և նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ և բյուջետային այլ հարցեր: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` թեև Ալիևի միապետությունը միլիարդավոր նավթադոլարներ է վաստակում:

Ներկայացնենք օրինակներ, թե ինչպես է թալանվել Ադրբեջանի հարստության մեծ մասը Ալիևի ընտանիքի և իշխող կլանի անդամների կողմից: Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցն անդրադարձել է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի «համատարած կոռուպցիային»: «Թրանսփերենսի ինթերնեշնլ» կազմակերպությունն իր 2016թ. զեկույցում Ադրբեջանը դասել է ամենակոռումպացված երկրների շարքը:

Լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան բացահայտել է, որ Մալթայում Pilatus բանկի երեք խոշորագույն հաճախորդները Ադրբեջանից են՝ արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովը, նախագահ Ալիևի երիտասարդ որդին՝ Հեյդար Ալիևը, և դուստրը՝ Լեյլա Ալիևան: Գալիցիան հայտնում է, որ Հեյդարը նախ փորձել է բանկային հաշիվ բացել Մալթայի Վալետայի բանկում, սակայն մերժում է ստացել այն հիմքով, որ նա առավել կոռումպացված երկրներից մեկի քաղաքականապես խոցելի անձերից է, և առկա են փողերի լվացման լուրջ ռիսկեր: Գալիցիան նաև բացահայտել է, որ՝ «Pilatus բանկի ավանդների 60 տոկոսը պատկանում է Ադրբեջանի քաղաքականապես խոցելի անձանց»: Հետևաբար, կարող ենք վստահորեն ենթադրել, որ այդ երեք ադրբեջանցիների կողմից պահ տված գումարները կազմում են միլիոնավոր դոլարներ…

Pilatus բանկի սեփականատերը իրանցի է՝ Սեյիդ Ալի Սադր Հաշեմինիջադ անունով:

Մալթական բանկը միակը չէ, որտեղ Ալիևները և նրանց կլանը թաքցրել են ահռելի գումարներ: Կան կանխիկ գումարների լվացման նպատակով ստեղծված բազմաթիվ օֆշորային ընկերություններ, որոնց կապն Ադրբեջանի ղեկավարության հետ դժվար է գտնել:

Ալիևների մասնակցությամբ այնքան շատ ֆինանսական սկանդալներ կան, որ դժվար է առանձնացնել դրանցից որևէ մեկը: Սակայն, ըստ «Վաշինգտոն փոստի», ամենամեծ սկանդալներից մեկն առնչվում է նախագահ Ալիևի երեք երեխաների կողմից Դուբայում շքեղ անշարժ գույքի գնումների հետ: 2009թ. Ալիևի 11-ամյա որդին գնել էր ինը ծովափնյա առանձնատներ 44 միլիոն դոլար արժողությամբ: Նրա երկու քույրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները, 31 միլիոն դոլարով գնել էին ևս մի քանի առանձնատներ: Այս ունեցվածքի համար վճարվել էր կանխիկ: Որտեղի՞ց են այդ տարիքի երեխաները ձեռք բերել 75 միլիոն դոլար՝ հաշվի առնելով, որ նրանք եկամուտ չունեին, իսկ նրանց հոր՝ նախագահ Ալիևի տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 228 000 դոլար…

«Վաշինգտոն փոստի» հոդվածը պարզաբանել է, որ «ֆինանսական ակտիվներն արտերկիր տեղափոխելու շտապողականությունը բնորոշ է բազմաթիվ նավթարդյունաբերող երկրների, որտեղ կոռումպացված վերնախավը ձգտում է ապահովել իր հարստության անվտանգությունը քաղաքական հոսանքների փոփոխությունների դեպքում»:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կայքը ներառում է մի քանի տասնյակ հոդվածներ Ադրբեջանում խոշոր կոռուպցիայի օրինակների մասին: 2012 թ. OCCRP-ն իր «Տարվա մարդ» ճանաչեց նախագահ Ալիևին՝ հանցագործությունների և կոռուպցիայի հետ նրա ունեցած կապերի համար: OCCRP-ը հաղորդում է նաև, որ Մեհրիբան Ալիևան՝ նախագահ Ալիևի կինը, օֆշորային ընկերությունների ցանցի սեփականատեր, տնօրեն և բաժնետեր է, դրանք ընտանիքի կողմից օգտագործվում են միլիոնավոր դոլարների շահավետ գործարքներ կնքելու համար:

Նախագահ Ալիևը և նրա ընտանիքը բազմաթիվ թանկարժեք սեփականություններ ունեն ամբողջ աշխարհում: OCCRP-ն տեղեկացնում է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 7.3 միլիոն դոլարով ձեռք բերված շենքը դարձել է նախագահ Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի գրասենյակ: Հիմնադրամը ղեկավարում է Ալիևի ընտանիքը: Ալիևները ունեն նաև սեփական թանկարժեք շենքեր և տներ Լոնդոնում (առնվազն 25 մլն դոլար արժողությամբ), Մոսկվայում (տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ), Դուբայում և Չեխիայի Հանրապետությունում:

Վերջապես, ըստ OCCRP-ի, նախագահ Ալիևի դուստրերին են պատկանում Բաքվի առավել շքեղ հյուրանոցները, այդ թվում՝ Four Seasons-ը, Sheraton-ը և Marriott-ը և այլն: Ադրբեջանի անշարժ գույքի մի փորձագետ ասել է OCCRP-ի ներկայացուցիչներին, որ՝ «այդ ընտանիքին պատկանող կամ նրանց հետ սերտորեն կապված Բաքվի բարձրակարգ հյուրանոցների արժեքը գնահատվում է մոտ 10 միլիարդ դոլար»:

OCCRP-ն եզրակացնում է, որ Ալիևների դինաստիան վերջին տարիներին ներգրավված է եղել բազմաթիվ գաղտնի գործարքներում: Օֆշորային ընկերությունների և միջնորդների  միջոցով իր ձեռքն է վերցրել Ադրբեջանի տնտեսության առյուծի բաժինը, այդ թվում՝ ոսկու հանքերը, զբոսաշրջությունը, հեռահաղորդակցության ընկերություններն ու բանկերը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1190) 17.05.2017 - 23.05.2017, Տարածաշրջան


17/05/2017