Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՈՐ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸԱշխարհի 21 երկրներ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակել են որպես ցեղասպանություն: Այս 21 երկրները տարբեր ժամանակներում պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Աշխարհում հայտնի մի շարք ցեղասպանագետներ եւ գիտական լայն շրջանակներ 1915 թ. իրադարձությունները որակում են իրականում տեղի ունեցած, ազգի ոչնչացման նպատակով կանխամտածված ծրագիր, այսինքն՝ ցեղասպանություն: Բացի այդ, Եվրախորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ասամբլեան եւ մի շարք միջազգային կազմակերպություններ տարբեր ժամանակահատվածներում ընդունել են Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: «Թեեւ ոչ բոլոր պետություններն են ընդունել ցեղասպանության փաստը, սակայն չընդունած երկրների ազդեցիկ լրատվամիջոցները՝ անդրադառնալով 1915 թ. դեպքերին, դրանք եւս որակում են որպես Հայոց ցեղասպանություն: Այդ պարբերականներն են «The New York Times», «Associated Press», «Los Angeles Times», «The Times ve The Independent»:

20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով՝ սկսած առանձին մտավորականներից մինչեւ պետությունների ղեկավարներ ու օրենսդիր մարմիններ: Եվրամիությունը Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւերով Հայոց ցեղասպանությունը դատապարտել է 1987, 1998, 2000, 2001, 2002 եւ 2005 թվականներին:

 

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են.

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թթ. ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:

ԿԻՊՐՈՍԻ հայ համայնքի ներկայացուցիչ Արամ Քալաջյանի նախաձեռնությամբ 1982 թվականին երկրի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է 1915 թվականի Ցեղասպանության փաստը:

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 25-ի որոշման համաձայն՝ 1915 թվականի ապրիլի 24-ը որպես Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր է ճանաչել:

ԿԱՆԱԴԱՅԻ խորհրդարանը 1996 թվականի ապրիլի 23-ին Քվեբեկի խորհրդարանականների խմբի ներկայացմամբ՝ ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Իսկ արդեն 2004 թվականին Կանադայի խորհրդարանի հանրային պալատը ճանաչել է Օսմանյան Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանությունը:

ԻՏԱԼԱԿԱՆ 33 քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: 2000 թվականի ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է Իտալիայի խորհրդարանում:

ԼԻԲԱՆԱՆԻ Ազգային խորհուրդը 1997 թվականի ապրիլի 3-ին բանաձև է ընդունել, որում ապրիլի 24-ը ճանաչել է հայ ժողովրդի ողբերգական կոտորածի հիշատակման օր: Բանաձևը կոչ է անում Լիբանանի ժողովրդին ապրիլի 24-ին միասնական լինելու հայ ժողովրդի հետ: Իսկ 2000 թվականի մայիսի 12-ին Լիբանանի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը:

ՀԱՐԱՎԱՎՍՏՐԱԼԱԿԱՆ Նոր Ուելս նահանգի խորհրդարանը, ընդառաջ գնալով տեղի հայ համայնքին, 1997 թվականի ապրիլի 17-ին դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված դեպքերը եւ որակել դրանք որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն՝ ապրիլի 24-ը հռչակելով Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակման օր եւ կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին Ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար քայլեր ձեռնարկել: 2009 թվականի մարտի 27-ին Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ցեղասպանությունը դատապարտող նոր բանաձև է ընդունել:

ԲԵԼԳԻԱՅԻ Սենատը 1988 թվականին 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել և դիմել է ներկայիս Թուրքիայի կառավարությանը` Հայոց  ցեղասպանությունն ընդունելու կոչով: Բելգիայում Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանված։ Պատիժը՝ 45 հազար եվրոյից մինչև մեկ տարվա ազատազրկում։

ՖՐԱՆՍԻԱՅԻ Ազգային խորհուրդը 1988 թվականի մայիսի 29-ին 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ընդունել: 2000 թվականի նոյեմբերի 7-ին բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել Ֆրանսիայի Սենատը, սակայն սենատորները որոշ չափով փոփոխել են բանաձևի տեքստը, փոխարինելով սկզբնական` «Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը»` «Ֆրանսիան պաշտոնապես ընդունում է, որ հայերը 1915 թվականին ցեղասպանության զոհ են դարձել» տեքստով: 2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Իսկ 2006 թվականի հոկտեմբերին ընդունված օրինագծի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել:

ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ Սենատը 1988 թվականի ապրիլի 22-ին ցեղասպանությունը որպես մարդկության դեմ իրագործվող հանցանք ճանաչող որոշում է ընդունել:

ՇՎԵԴԻԱՅԻ խորհրդարանը 2000 թվականի մարտի 29-ին հաստատել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի կողմից ներկայացված դիմումը, որը դատապարտում և ճանաչում է 1915 թվականին թուրքերի իրագործած ոճիրը: Պաշտոնապես ճանաչել է 2010 թ.:

ՈՒԵԼՍԻ Ազգային ժողովը 2002 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը:

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ խորհրդարանը ճանաչել է Ցեղասպանությունը 2004 թվականին:

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ խորհրդարանը Ցեղասպանության փաստը ճանաչել է 2004 թվականին:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ Բունդեսթագը 2005 թվականին, առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունել է «1915 թվականի ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձևը, որում նշվում է՝ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի և հայերի համերաշխությանը: Փաստաթղթում նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները չեն որակվում «Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որում ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»:

ԼԻՏՎԱՅԻ խորհրդարանը Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը դատապարտող բանաձև ընդունել է 2005թ. դեկտեմբերին: Բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, որի օգտին քվեարկել է Լիտվայի խորհրդարանի 48 պատգամավոր, երեք պատգամավոր ձեռնպահ է մնացել, դեմ ձայներ չեն եղել: Քննարկման ժամանակ պատգամավորները նշել են, որ պատմական փաստերը ժխտելն անիմաստ է և անհնար:

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է 2005 թվականի հուլիսի 14-ին: Հայ համայնքի նախաձեռնությամբ փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել պատգամավոր Հուգո Մորալեսը և փաստաբան Ժանետ Մադրիսը:

ՉԻԼԻԻ Սենատը 2007 թվականի հուլիսին միաձայն որոշում է կայացրել, որով կառավարությանը կոչ է անում աջակցելու հայ ժողովրդին և դատապարտելու նրա դեմ իրականացված ցեղասպանությունը:

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը հետամուտ խումբ է գործում: Խումբը պարբերաբար բարձրացնում է ճանաչման հարցը և հասել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչման: Պատմական փաստը ժխտելու համար Շվեյցարիայում նույնպես քրեական պատասխանատվություն է սահմանված:

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ամենամեծ նահանգի` Սան Պաուլոյի օրենսդիր խորհուրդը 2006 թվականին ապրիլի 24-ը «1915 թվականին ցեղասպանությանը զոհ գնացած միլիոն ու կես հայերի հիշատակման օր» ճանաչելու մասին օրենք է ընդունել: Օրենքը, որով ըստ էության ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը, Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունել է միաձայն: Բրազիլական հաջորդ նահանգը, որի խորհրդարանում կրկին միաձայն ընդունվել է ցեղասպանության փաստը ճանաչող օրենք, Սեարան է:

ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: