Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ ՈՒ ԳԱԳԱԹԸ



Զրույց ժողովրդական արտիստ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ հետ

-Պարոն Մանսուրյան, պիտի խնդրեմ, որ մեր զրույցն սկսենք Ձեր կյանքի պատմությունից՝ այն, ինչ չի արձանագրվում պաշտոնական տեղեկություններում, այլ հոգու մեջ է, սրտի ամենանվիրական անկյունում։

-Մենք լավ ընտանիք էինք՝ վեց հոգով. հայրս, մայրս եւ նրանց չորս երեխաները, մեծը ես էի։ Իմ ծնողները երկուսն էլ որբանոցի զավակներ էին։ Հայրս Տիգրանակերտից էր, մայրս՝ Մարաշից։ Հայրս ու մայրս ազգային արժանապատվության ընդգծված զգացում ունեին։ Երբեք չէին խոսում հայրենասիրությունից, բայց այն արժեքները, որոնք հիմնային են՝ ընտանիքում ազգային արժանապատվություն կայացնելու համար, միշտ եղել են գերիշխող ու կարեւորված։ Մեր ընտանիքում բոլորը երգում էին։ Առավոտը սկսում էինք երգով. մի մեծ երգացանկ ունեինք։ Կպատահեր՝ մայրս հորս կասեր՝ Եղիա, էս ինչ երգը երգիր, հայրս կսկսեր, ու մենք բոլորս կմիանայինք նրան։ Երբ փոքր քույրս՝ Արաքսը (հայտնի երգչուհի Արաքս Մանսուրյանը – Գ.Պ.), մանկապարտեզից նոր երգ էր բերում, մենք անմիջապես սովորում էինք այն եւ ընդգրկում մեր երգացանկում։

-Որո՞նք էին Ձեր ընտանիքի երգերը։

-Ժողովրդական, գուսանական երգեր, նաեւ Կոմիտաս… Ակունքից բխող, զուլալ, անապական, աննկարագրելի գեղեցիկ, հուզառատ, անկեղծ։ Իմ ընտանիքը 47-ին Բեյրութից ներգաղթեց Արթիկ։ 8 տարեկանում ես սովորեցի հայերեն տառերը ու լցվեցի հայկական երաժշտությամբ։ Արթիկի ժողովուրդը երգեցիկ էր։ Հիշում եմ մի երիտասարդի, որը սիրահարված էր (անհանգիստ, զգացմունքային տղա էր), գիշերային քաղաքի լռության մեջ բարձրաձայն երգում էր իր սիրո երգը։ Անցան տասնամյակներ, ու տարիներ առաջ մեր երիտասարդ երգչուհիներից մեկը վերակենդանացրեց այդ երգը, ու ես կրկին լսեցի.

Սարերի դարդն ունենայի՝

յար չունենայի…

Այնքան շնորհակալ եմ այդ երգչուհուց։

Հիշում են Սուրբ տոները։ Գյուղացիները տարբեր շեներից գալիս-հավաքվում էին Հառիճի վանքի շուրջ։ Ու այդ ժամանակ հնչում էին հարյուրավոր երգեր, պարեղանակներ։ Իմ մանկության տարիներին դեռ հեքիաթասացներ կային, գյուղից գյուղ շրջող աշուղներ։ Ես հասցրի տեսնել այդ ամենը։

…Իմ մեջ ապրում է նաեւ Բեյրութը, արեւելյան քաղաքի գույները, Միջերկրական ծովը, սփյուռքի կյանքը…

-Ե՞րբ ծնվեց առաջին մեղեդին, ինչպե՞ս ծնվեց։

-Հենց տառերը ճանաչեցի, սկսեցի բանաստեղծություններ գրել։ Դա տեւեց մինչեւ 69 թիվը։ Երեսուն տարեկան էի՝ դեռ շարունակում էի բանաստեղծություն գրել։ Բայց երաժշտության նկատմամբ երկյուղած, ջերմեռանդ սերը, որ ժառանգել էի ծնողներիցս, անանցողիկ էր։ Բարեբախտաբար, մեր տանը հնչել է նաեւ դասական երաժշտություն՝ Շոպեն, Շուբերտ, Բեթհովեն… Մի օր մայրս ինձ ուղարկեց բանվորական ակումբ, որ տուն կանչեմ հորս (երրորդ թե չորրորդ դասարանում էի այդ ժամանակ)։ Հայրս դաշնամուր էր նվագում։ Նա վեր կացավ տեղից… Ես նստեցի դաշնամուրի մոտ… Էդ օրվանից ես դաշնամուրի մոտ եմ, նվագում եմ ուղեղումս պտտվող մեղեդիները։ Արթիկում երաժշտական դպրոց չկար, ու ես ամիսներով ապարդյուն ընթերցում էի Մարտին Մազմանյանի երաժշտության դասագիրքը, որ նոտագրել սովորեմ։ Ինձ հայրս օգնեց, նա կռահեց, հետո բացատրեց ինձ։ Ես ֆանատիկորեն եմ տրվել երաժշտությանը։ Դա խելացնորություն էր՝ այդպիսի նվիրում, այդպիսի տքնանք, անմնացորդ մղում… Մենք ռադիո չունեինք։ Բայց մեր քաղաքում բարձրախոսներ կային, ու ես իմ տեղն ունեի բարձրախոսների մոտ (հիմնականում խոտերի մեջ), պառկում էի ու երաժշտություն լսում։ Անգիր գիտեի՝ որ ժամին ինչ էր հնչելու, գիտեի բոլոր մեղեդիները, սիմֆոնիաները… Հենց ժամը գալիս էր, խաղը թողնում էի, վազում բարձրախոսների մոտ։

1954թ. Արթիկ եկավ (ես 15 տարեկան էի) Վանյա Շահխաթունի անունով մի ազնվական հայ մարդ, բարձր երաժիշտ, կոնսերվատորիա ավարտած։ Եկավ ակումբի դաշնամուրը լարելու։ Պարզվեց՝ պիտի պտտեր տարբեր շրջկենտրոններով եւ լարեր ակումբների դաշնամուրները։ Երբ առավոտյան մտա ակումբ, մի գեղեցիկ, շքեղ երաժշտություն լսեցի. ինչ-որ մեկը դաշնամուր էր նվագում։ Վանյա Շահխաթունին էր։ Ես կպա նրան ու էլ պոկ չեկա. պայուսակը բռնած՝ հետեւից ման էի գալիս։ Իմ երազանքներն առաջին անգամ այդ հրաշալի մարդուն եմ պատմել, ասում էի, որ պիտի օպերաներ գրեմ։ Տարիներ անց, երբ ուսումնարանում էի սովորում, կրկին հանդիպեցի Վանյա Շահխաթունիին, հարցրեց՝ օպերաներդ ի՞նչ եղան։ Չէր մոռացել։

…Ես Արթիկից գնացի Գյումրի եւ Վանյա Շահխաթունիի գրությամբ ներկայացա երաժշտական ուսումնարանի տնօրենին, ու ինձ ընդունեցին ուսումնարան։ Դա իմ առաջին պրոֆեսիոնալ երաժշտական կրթությունն էր։ Տարիուկես սովորելուց հետո ծանր հիվանդացա, մեր ընտանիքը տեղափոխվեց Երեւան, եւ ես կրթությունս շարունակեցի Երեւանի երաժշտական ուսումնարանում։ Եվ այդպես սկսվեց…

-Կարո՞ղ էր ինչ-որ բան խանգարել, եւ Դուք չդառնայիք Տիգրան Մանսուրյան։ Ընդհանրապես, խոչընդոտները, դժվարությունները, արտաքին ազդակները կարո՞ղ են փոխել մեծ արվեստի ճանապարհը։ Հնարավոր է՝ այսօր մեր կողքին կա մի նոր Տիգրան Մանսուրյան, բայց կարող է չկայանալ, չլինել, եթե չօգնենք նրան, եթե պայմաններն ու հանգամանքները նպաստավոր չլինեն։

-Դուք մի մտածեք, թե իմ գլուխը միշտ շոյել են։ Ես շատ էի սիրում ուսուցիչներիս, նրանց դիտողություններն ու գնահատականները շատ կարեւոր էին, բայց ես նաեւ անհնազանդ էի, կարող էի հակադրվել ամենամեծ հեղինակությանը եւ մնալ իմ կարծիքին։ Առանց պայքարի, առանց կռվի, առանց դիմակայության ոչ ոքի ոչինչ չի տրվում։ Կյանքը խորքով ապրելու համար դա շրջանցե՞լն է ճիշտ, թե դրա միջով անցնելը, դժվար է ասել։ Ես անցել եմ կյանքի դաժան ճանապարհ ու անցնում եմ մինչ օրս։ Նահանջողներին ու հանձնվողներին չեմ հավատում, չեմ հավատում նրանց տաղանդին, որը կարող է այդպես հեշտ տեղի տալ, չեմ հավատում նրանց նվիրվածությանը, նրանց սիրուն։ Չեմ սիրում լսել նվնվոց, չեմ սիրում լսել մարդու պարտության մասին՝ ուղեկցված մեղադրանքներով ու չարախոսությամբ։ Պարտությանը ի՞նչ արդարացում… արի պատմիր, թե ինչպես, ինչ դժվարությամբ հաղթեցիր, ու ես կհիանամ քեզնով, կեղբայրանամ քեզ։

Հարցրել եք, ու պիտի պատմեմ։ Երբ 47-ի ձմեռնամուտին հայտնվեցինք Պեմզաշենում, սառնամանիք էր, իսկ բեյրութաբնակ իմ ընտանիքը կյանքում ձյուն չէր տեսել։ Մենք երկարաթեւ շոր չունեինք, երկար շալվար չունեինք, վառելիք չկար, ուտելիք չկար։ Հայտնվել էինք ծայրահեղ վիճակում։ Ես պահ առ պահ, դրվագ առ դրվագ հիշում եմ իմ առաջին մուտքը դպրոց։ Չորս աստիճան էր, որից հետո սկսվում էր գոմ հիշեցնող միջանցք։ Ես՝ հուսահատության եզրին, ծայրահեղ կարիքի մեջ հայտնված, այլեւս հունից դուրս եկած փոքրիկ մարդ, բարձրանում եմ աստիճաններով՝ մեկ-երկու-երեք-չորս, հարթակ, դուռ, միջանցք։ Գլուխս բարձրացնում եմ՝ միջանցքի երկայքով նկարներն են՝ հայոց մեծերը։ Նայում եմ նրանց ու… որոշում իմ ճանապարհը. «Այս իրականությունից վերեւ կա մի ճշմարտություն, ու իմ ճանապարհը դեպի այդ ճշմարտությունն է»։ Այս միտքը թրթռում է ենթագիտակցությանս մեջ, եւ ծնվում է մի ներքին ծրագիր։ Ու ես չեմ հարցնում՝ ինչպե՞ս։ Ես մտածում եմ՝ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ես էլ կկարողանամ։ Կարեւորագույն որոշումներս եղել են իմ գոյության օրենքը, ու երբեք չեմ հաշվարկել հնարավորություններս, որովհետեւ հնարավորությունը դու ես ստեղծում։ Ես Աստծո զավակ եմ, ու իմ երազանքներն ինձ հղել են վերեւից, վերեւից էլ կօգնեն, որ իրականացնեմ դրանք։

-Ի՞նչ ակունքից է ծնվում Ձեր երաժշտությունը, ի՞նչ խտացումներից է ամբողջանում։ Այդքան ազգային ու այդքան համամարդկային։ Այդքան բազմաշերտ ու այդքան մատչելի… Որտե՞ղ գտաք, որտեղի՞ց պեղեցիք…

-Դա ես եմ՝ իմ արյան հիշողությամբ, մանկության ու պատանեկության տարիների լսած եկեղեցական երգերով, ժողովրդական մեղեդիներով, դասական երաժշտությամբ, ու այս ամենը խառնվում է, ու ծնվում է մի… հոգեվիճակ, ապրում, ասելիք։ Ես հայոց լեզվի նկատմամբ ունեմ պաշտամունքի հասնող սեր։ Երբ 1954 թ.-ին առաջին անգամ Չարենց տպվեց, այդ գիրքը եկավ մեր տուն, ու ես, հիշում եմ, վառարանի կողքը նստած սկսեցի թերթել գիրքը, ու ինչ օրս Չարենցն ինձ հետ է։ Ոչ մի բանաստեղծի, ոչ մի արվեստագետի հետ այդքան տեւական չեմ ապրել, որքան Չարենցի հետ։ Չարենցն իր ամբողջ տարերքով, իր ամբողջ Աստվածատուր հանճարով, իր ամբողջ ընդգրկումով՝ արեւելք, արեւմուտք, հեթանոսություն, միջնադար, աշուղական արվեստ, մոդեռնիզմ… մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ …Ես ցորենի արտի մեջ պառկել եմ, սինձ հավաքել եմ… Ալագյազի քամին շոյել է մաշկս։ Դուք պառկե՞լ եք խոտերի մեջ, զգացել եք հազարավոր բույրերից քամած խենթացնող բույրը, լսել եք այն երաժշտությունը, որի մեջ հազարավոր ձայներ են՝ միջատների, թռչունների, ամեն մի խոտի, տերեւի, ծաղկի՝ թանձր լռության ֆոնին։ Ու հանկարծ մաշկիդ վրայով անցնում է մի տաք հոսանք, մի քանի վայրկյան հետո՝ սառը։ Ալագյազի քամին՝ մերթ մեղմ, մերթ հուժկու։ Սրանք սերեր են։ Սրանք երկրիդ ձայներն են, բույրերը, գույները։ Սա է եղած չեղածը։ Մեկի մոտ բանաստեղծություն է դառնում, մյուսի մոտ մեղեդի, երրորդի մոտ գեղանկար…

Ես նույնքան մեծ սեր ունեմ բառի արվեստի հանդեպ։ Սիրում եմ կարդալ։ Փոքր ժամանակ ես գրադարանից գրքեր էի թռցնում։ Չէի ցանկանում բաժանվել իմ կարդացած գրքերից ու սկսեցի թռցնել։ Գիրքը խցկում էի վերնաշապիկիս տակ ու դուրս գալիս գրադարանից։ Այդպես մի ճամպրուկ լցվեց։ Ես երջանիկ էի՝ սիրելի գրքերս կողք կողքի էին, ձեռքիս տակ։ Մի օր էլ հայրս ասաց. «Գրադարանի վարիչին ասել եմ, որ քո ընկերներից մեկը գրադարանից գրքեր է գողացել, ամաչում է վերադարձնել ու քեզ է խնդրել, որ գրքերը հանձնես գրադարանին»։ Այդպես ես բաժանվեցի իմ սիրելի գրքերից։

Շարունակելի

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.` ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


27/07/2011