Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԴՊԵՍ ԷԼ ԿԱ…



Սալիմի տղաները… Խաչատուրը, Գառնիկը, Արծվիկը, Վահրամը… Չորսն էլ քաջ ու անձնուրաց, չորսն էլ այն ծանր, դժվարին օրերին առաջին գծում էին՝ մարտական զենքով ու զինվորի անբաժան ուսապարկով։ Այս մասին գիտեն բոլորը։ Գիտեն հայրենի Մեծ Թաղերում եւ ամբողջ շրջանում։ Գիտեն, որ ամենափոքրը՝ Վահրամը, 91-ին թողել է ժողինստիտուտը եւ Վալերի Բալայանի ջոկատում կռվել Մալիբեյլի, Հասանղայա եւ էլի մի շարք գյուղերի ազատագրման համար, ծանր վիրավորվել է, երեք անգամ վիրահատվել ու հրաշքով փրկվել մահից։ Հիմա երկրորդ կարգի հաշմանդամ է։

Արծվիկի մարտական ուղին սկսվել է 1989-ին։ Մասնակցել է շատ ու շատ մարտերի, նաեւ հինավուրց Շուշիի ազատագրմանը, վիրավորվել է ու դեռ կարգին չբուժված` եկել-միացել ջոկատի տղաներին։

Գառնիկը մեր պայքարի առաջին օրից մինչեւ վերջինը դիրքերում է եղել, կռվող տղաների շարքում… Այս ամենը լավ գիտեն բոլորը։

Գիտեն նաեւ, որ ավագը՝ Խաչատուրը, երբ լսել է Արցախում բռնված մեծ շարժման ու մեծ կռվի մասին, հեռավոր Սիբիրից 92-ի հուլիսին «հավքի թեւով» հասել ու աներեր կանգնել է կրտսեր եղբայրների կողքին, ասելով՝ որտեղ դուք, այնտեղ էլ ես…

Մայրը՝ Վարդուշը, որ մինչ օրս էլ այդ մասին հիշելիս չի կարողանում առանց հուզվելու խոսել, պատմում է.

-Մի իրիկուն, երբ ես ու Սալիմը տխուր-տրտում նստած՝ մեր երեխաներին էինք հիշում, կարոտում ու Աստված կանչում, հանկարծ սրահում հազի ձայն լսեցինք։ Զգացինք, որ տուն մարդ է գալիս, վեր կացանք, դուռը բաց արինք ու զարմանքից մնացինք քարացած։ Աստիճաններով շտապ-շտապ բարձրանում էր մեր Խաչոն…

Ուրախացանք։ Շա՜տ ուրախացանք։ Ինչքա՜ն ժամանակ է՝ չէինք տեսել։ Համբուրեցի, կարոտս առա, ուրախությունից լաց եղա, ու մին էլ մտքովս ուրիշ բան անցավ, ու մի փոքր երկյուղած՝ ասացի.

«Խաչո՛, բալա՛ս, դու չգիտե՞ս, որ էստեղ կռիվ ա… Չգիտե՞ս, որ երեք եղբայրներդ էլ կռվի դաշտում են… Ինչո՞ւ ես եկել… Գոնե դու…»։

Թույք չտվեց, որ խոսքս ավարտեմ։

-Բա ո՞նց չգիտեմ… Ամբողջ աշխարհը գիտի… Գիտեմ ու եկել եմ աշխարհին հասկացնելու, որ հային հաղթողը դեռ չի ծնվել…

Այլեւս ոչինչ չասացի։ Հոգնած էր, բավականին տեղ ոտքով էր եկել։ Նստեց, մի կտոր հաց կերավ, թեյ խմեց, մի քիչ հարց ու փորձ արեց ու պառկելուց առաջ, ասես նոր զգալով, ասաց՝ «էս մեր թոնրի հացի համը ուրի՜շ է…»։

Առավոտ վաղ լավ նախաճաշեց, թոնրի տաք հացից անուշ արեց ու գնաց։ Գնաց ու էլ հետ չեկավ։ Հետո ուրիշներից իմացա, որ կամովին անդամագրվել, զենք է առել ձեռքը, հասել խիզախորեն մարտնչող մեր տղաներին ու ավագի իր օրինակով ոգեւորել եղբայրներին, շատերին։ Ավա՜ղ, երկար չձգվեց նրա մարտական ուղին, ու նա չտեսավ տունդարձի հաղթական ճանապարհը, չեկավ, որ նորից վայելի մեր թոնրի հացը… Չեկավ…

Մայրը փղձկաց, սկսեց լուռ արտասվել, ու ես բառեր չէի գտնում նրա վիշտը սփոփելու։ Հայացքս հառել էի նախօրոք արած նշումներիս ու լուռ մտորում էի…

♦♦♦

…Ծնվել է 1967-ի օգոստոսի 27-ին, Մեծ Թաղերում։ 84-ին ավարտել միջնակարգը, հետո՝ Քաջարանի ավտոփականագործական ուսումնարանը։ Ապա զորակոչվել է բանակ, ծառայել Տյումենի մարզի Նոյաբրսկ քաղաքում։ Ծառայել է գերազանց եւ իբրեւ կրտսեր սերժանտ աչքի ընկել իր կարգապահությամբ, ռազմական տեխնիկային տիրապետելու ընդունակությամբ, իր ակտիվությամբ։ Արժանացել է պատվոգրերի, գովասանագրերի։ 88-ին Նոյաբրսկ քաղաքում ավարտել է նավթագործական ուսումնարանը եւ աշխատանքի անցել նավթուղիների վերանորոգման արտադրամասում՝ որպես ինժեներ։ Ու այսպես՝ հինգ երկար ու ձիգ տարիներ։ Հասկանալի է. լավ ընկերներ, սեր ու հարգանք, հանգիստ-ապահով կյանք, բարձր աշխատավարձ, ամե՜ն-ամե՜ն ինչ…

Բայց հայրենական հողի կանչը երբեք էլ չի նիրհել Խաչոյի հոգում։ Մի քանի անգամ զանգել էր Երեւան ու ամեն անգամ լսել նույն պատասխանը՝ վիճակն այստեղ շատ լուրջ է, օրհասական, Արցախը՝ հրի ու ծխի մեջ…

Հապաղելն այլեւս անտանելի էր դարձել, երկմտելը՝ աններելի։

-Գնում եմ,- որոշումը հայտնել էր ռուս ընկերներին։ Ու գալիս է…

♦♦♦

Գալիս է հաշմանդամ դարձած եղբոր վրեժն առնելու, գալիս է իր բազկի (ահեղ ուժի տեր էր, թիկնեղ, բարձրահասակ) զորությունը ցույց տալու։

Սկզբում ծառայում է «Շիլկա»-ի վրա, հետո մտնում է հետախուզական ջոկատ, մասնակցում Ուխտաձորի, Քաշաթաղի, Սիրիկի ազատագրմանը։ Կռիվ տալով՝ հասնում է Խծաբերդի կրակակետերը։ Հետո եղբոր՝ Գառնիկի հետ անդամագրվում է Մոնթեի ջոկատին, կռվում Քելբաջարի, Մարտակերտի ազատագրման համար։ Այստեղ է, որ մյուս եղբայրը՝ Արծվիկը, Ժիրոյի ջոկատից գալիս ու միանում է եղբայրներին։ Եվ այսպես, երեք եղբայրներով մեկնում են Հադրութ, կռիվ մղում Նորաշենի, Ղարադաղլուի, Քոշբեկի, Խաթունբուլաղի համար։

Կռվի ճանապարհը ասես ո՛չ սկիզբ ուներ, ո՛չ էլ վերջ։ Այն շարունակ ձգվում, ավելի հեռու էր տանում նրանց՝ հասցնելով այնտեղ, որտեղ մարտերը օրեցօր ավելի էին թեժանում։ Այս անգամ արդեն Ֆիզուլիի մոտերքում էին, դարձյալ առաջին գծում։

♦♦♦

Կռիվը վճռորոշ էր, ծանր ու ահավոր։ Ադրբեջանցիները, թեեւ կորուստներ շատ էին տվել, նահանջելու մտադրություն չունեին եւ ուղիղ նշանառությամբ կրակ էին թափում քաջաբար կռվող մեր փոքրաթիվ մարտիկների վրա, որոնք վերջին ճիգերն էին լարում՝ նորից առաջ նետվելու համար։ Այսուայնտեղից լսվում էին վիրավորների հառաչանքները, եւ հանկարծ արյունալի իրարանցման մեջ Խաչատուրը նկատում է համագյուղացի Պետոյին ու գնդակների տարափի տակ փորձում է շալակած դուրս բերել մարտի դաշտից, բայց հենց այդ պահին խոցվում է։ Թշնամու արձակած ավտոմատի գնդակից ծնկները թուլանում են, աչքերը մշուշով են պատվում, շնչելը դժվարանում է, բայց էլի ուժ է գտնում մի քանի րոպե ոտքի վրա մնալու։ Եղբայրը՝ Արծվիկը, արծվի նման թռչում կանգնում է եղբոր տեղը, սակայն նա էլ է վիրավորվում։ 93-ի հուլիսի 24-ն էր, Ղարամամեդլու գյուղի մոտ։

Երկու եղբայրներին ու էլի մի քանի վիրավորի նույն օրը փոքր ուշացումով տեղափոխում են Ստեփանակերտ՝ զինվորական հոսպիտալ, որտեղ էլ հաջորդ օրը, վիրահատությունից հետո, անվեհեր հայորդին՝ բազում անգամներ մահվան դեմ հանդիման անվեհեր կանգնած Խաչատուրը, ավանդում է հոգին։ Ընկնում է դեպի հաղթանակ տանող կեսճանապարհին։ Ընկնում է, որ Ղարաբաղն ու Մայր Հայաստանը քայլեն միասին, ընկնում է՝ հանուն հայրենի եզերքի, հանուն հարազատ օջախի… որ մեր ավանդապաշտ պապիկ-տատիկների մատներով օծված թոնիրներից քուլա-քուլա բարձրացող ծուխը մինչ երկինք հասնի, որ անուշաբույր մեր ցորեն հացը միշտ առատ լինի, որ մեր սարերում, մեր սիզավետ հովիտներում թուրք չոբանն այլեւս վրան չխփի, որ Քիրսի ստորոտից բխող մեր Իշխանագետի զմրուխտ ափերին էլ չմակաղի ուզուն Սուլեյմանի, կեղծ ու խորամանկ Մամեդի ոչխարի հոտը, որ ութսունամյա Շուշան տատը, սեւաչ Սաթիկն ու ժիր Վարդանիկը էլ երբեք «Դանըշըր Բաքը» խոսքը չլսեն, որ հայը իր հողի, իր վաստակի, իր գլխի տերը լինի։

Փառք Աստծո, այդպես էլ կա։

Մենակ նա չկա։ Խաչատուրը։ Նաեւ՝ նրա բախտակից շատ ու շատ տղաներ։ Նրանց սխրանքը, նրանց սուրբ հիշատակը միշտ կծխա մեր՝ ապրողներիս սրտերում։

♦♦♦

Այո՛, հայրենիքի ազատության համար զոհվածները չեն մոռացվում։ Նրանք հիշվում, մեծարվում են միշտ եւ ամենուր։ Ու պիտի հիշվեն դարեդար։ Խաչոյի սխրանքը, նրա հերոսական արարքը գնահատվել է ըստ արժանվույն. 2001-ի հունիսի 7-ին հետմահու Խաչատուրը պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով, 2003-ի ապրիլին՝ «Արիության համար» մեդալով։

Այսօր Սալիմի զավակներից երեքը շարունակում են իրենց առօրյա գործունեությամբ եւ աշխատանքով շեն պահել հայրական օջախը, որի համար զոհվեց Խաչատուր եղբայրը. Գառնիկը ծառայում է (ունի երեք աղջիկ), Վահրամը ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ գիտական թեզի վրա է աշխատում, իսկ երրորդը՝ Արծվիկը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի տուն-թանգարանի տնօրենն է (Ավետիք անունով մի տղա ունի), ապրում է հայրենի գյուղում, հայրական նորակառույց տանը, իրենց շեն օջախում, շքեղ բնության գեղատեսիլ գրկում, որտեղից գիշեր ու զօր լսվում է այնքա՜ն հարազատ, այնքա՜ն սրտամոտ Իշխանագետի հաճելի վշշոցը։

ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆ

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Ճակատագրեր


27/07/2011