Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ ՇԱՂԿԱՊԵԼ ԲՈՒՀԱԿԱՆ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԱՊԱԳԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ



ԻՆՉՊԵՍ ՇԱՂԿԱՊԵԼ ԲՈՒՀԱԿԱՆ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԱՊԱԳԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ«Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման է ներկայացրել «Պատիվ ունեմ» նոր ծրագիրը, որի նպատակն է շաղկապել բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ:

Նա ընդգծել է, որ հայկական բանակը մշտապես կարիք ունի բանիմաց և հմուտ սպայական կազմի. «Մեծաթիվ բանակին անհրաժեշտ են մեծ թվով կրտսեր սպաներ, ովքեր կծառայեն դասակ-վաշտ օղակում: Նույնիսկ ցանկալի է, որ այդ օղակում ծառայող հրամանատարները, ունենալով անհրաժեշտ ռազմական կրթություն, գան տարբեր միջավայրերից, քաղաքացիական ամենատարբեր մասնագիտությունների տեր լինեն: Նրանք իրենց հետ զինված ուժեր կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ»,-ասել է նախարարը: Նաև հավելել է, որ այսօր բուհական տարկետումների համակարգը թերի է և ծնում է անարդարության բազմաթիվ դրսևորումներ: Իսկ բուհերի ընդունելության քննությունները, բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա՝ ողջ աշխարհում աշխատանքային փորձի ձեռքբերմամբ ընդհատվող ցիկլը մեզանում դարձել է չընդհատվող  ուսումնական ընթացք, որին հետևում է թեկնածուական ատենախոսության հապճեպ պաշտպանությունը՝ ժամկետային ծառայությանը մեկընդմիշտ հրաժեշտ տալու հեռանկարով»:

«Պետական հավատարմագրում ունեցող (պետական կամ մասնավոր) բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմելու նոր ծրագրում ընդգրկվելու համար՝ մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) դառնալով սպայի կոչմանը հավակնող թեկնածու: Սովորելով քաղաքացիական բուհում՝ այդ երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ՝ յուրաքանչյուր շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցնում են զինվորական պատրաստության դասընթաց: Այդ ուսուցումը հաջող անցնելու և քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայության զինված ուժերում: Ծառայությունը կազմակերպվում է հաշվի առնելով քաղաքացիական մասնագիտությունը, բայց բոլոր դեպքերում՝ առաջին կարգի զորամասերում՝ առաջնագծում: Այդպիսով, բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին, միաժամանակ անցնելով այն սպայական կարգավիճակում, մրցունակ աշխատավարձով, որը կկազմի ամսական առնվազն 260 հազար դրամ: Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մասնագիտական կրթությունը»,- մանրամասնել է Վիգեն Սարգսյանը:

Նախատեսվում է հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաների հաղթող ուսանողներին. «Նրանց ծառայություն կառաջարկվի սպայական պաշտոններում, բայց ռազմաարդյունաբերական համալիրում, որտեղ նրանք կկարողանան ավելի մեծ արդյունավետությամբ կիրառել իրենց գիտելիքները: Նրանց կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր»: Նախարարի խոսքով՝ ծրագրի կարևոր արդյունքներից կլինի նաև լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: «Մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ: Այսպիսով, տարկետումը բանակից խուսափելու միջոցից վերածվում է բանակին առավել արդյունավետ ծառայություն բերելու միջոցի, իսկ պետությունը դրա դիմաց առաջարկում է փոխհատուցման շոշափելի փաթեթ»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը:

Շուշան Ստեփանյան

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


20/04/2017