Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵՍ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ



Սկիզբը՝ նախորդ համարում

Պատմության կեղծարար Էդվարդ Էրիկսոնը

Է. Էրիկսոնը չի նշում, թե ինչո՞ւ էր 1915թ. մարտին Վանի նահանգում իրավիճակը սրվել: Իսկ պատճառը հետեւյալն է. թուրք-քրդական հարձակումները սկսվել էին դեռեւս 1914թ. աշնանը: Նահանգի հայկական բնակավայրերը ենթարկվում էին ավազակախմբերի անընդմեջ հարձակումներին, որոնք ահագնանում են 1915թ. սկզբին: Սակայն Էրիկսոնին իրականությունը չի հետաքրքրում, եւ նա միայն նշում է, որ թուրքական հրամանատարությունը «ստիպված էր» հայերի «ահաբեկչական» գործողությունները ճնշելու համար առանձնացնել ժանդարմական ստորաբաժանումներ:

Պատմաբանը համոզված է, որ հայերի «ապստամբությունները» պայմանավորված են եղել ռուսների սադրանքներով. ռուսական իշխանությունները հանձնարարում են Հայկական ազգային խորհրդին կազմակերպել կամավորական դրուժինաներ, որոնք պետք է գրավեին Վանը:

Ինքնին հասկանալի է, որ առանց ռուսական բանակի աջակցության, ռուս-թուրքական ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտնչող հայկական խմբերն ի վիճակի չէին իրականացնելու նշված գործողությունը: Կամավորների ընդհանուր թվաքանակը չէր անցնում երեք հազարից, որի մեջ էր նաեւ Երեւանում տեղակայված հայկական 5-րդ դրուժինան: Ինքնին հասկանալի է, որ նման օպերացիա գրեթե անհնար էր իրականացնել առկա ուժերով` առանց գնդացիրների եւ թնդանոթների:

Վանի հայության ինքնապաշտպանությունը «ապստամբություն» ներկայացնելու նպատակով Է. Էրիկսոնը վկայակոչում է վենեսուելացի վարձկան Ռ. դե Նոգալեսի հուշերը: Հարկ ենք համարում ընդգծել, որ «հաջողության այդ զինվորի» հուշերը լի են հայոց ցեղասպանության մասին բավականին մանրամասն վկայություններով: Միակ փաստը, որ իր հուշերում հերքում է Ռ. դե Նոգալեսը, թուրքական կանոնավոր բանակի մասնակցությունն է հայերի կոտորածներին, քանի որ ինքն էլ այդ դեպքում կմեղադրվեր հայերի ցեղասպանության մեջ:

Ամերիկացի պատմաբանը նշում է, որ հայերը նախապատրաստում էին մի շարք քաղաքական սպանություններ: Միաժամանակ նրանք որպես ուղեկցողներ էին հանդես գալիս ռուսական բանակի համար: Գերմանական աղբյուրները, որոնք հաստատում են թուրքական հետախուզության հայթայթած տեղեկությունները, վկայում են, որ հայերը, իբր, Կեսարիայում վաղօրոք նախապատրաստել էին զենքի, զինամթերքի եւ ռումբերի գաղտնարաններ: Է. Էրիկսոնը վկայակոչում է Ռ. դե Նոգալեսի հուշերը, ըստ որոնց` հայերն ունեցել են զգալի քանակությամբ զենք եւ զինամթերք:

Հայկական «ահաբեկչությունը» հարկադրում է թուրքական հրամանատարությանը ռազմաճակատից ուժեր բերել կամ ռազմաճակատի համար նախատեսվող զգալի ուժեր թողնել թիկունքում` հաղորդակցության ուղիները եւ բնակավայրերը պաշտպանելու համար:

Հայկական «ապստամբությունների» կարեւոր եւ վտանգավոր շրջաններից էր Դյորթ-Յոլից (Չոք Մարզվան) հյուսիս ընկած տարածքը: Այստեղով էր անցնում Ադանայից մինչեւ Օսմանյիե ձգվող երկաթուղին: Որպես հայերի կողմից նախապատրաստվող դիվերսիաների ապացույց` Է. Էրիկսոնը վկայակոչում է հայերի տներից թուրքական իշխանությունների հայտնաբերած 50 կիլոգրամ դինամիտը, որը հավանաբար «նախատեսվում» էր երկաթուղու տարբեր հատվածներ պայթեցնելու համար: Միաժամանակ նշվում է, որ հայ «ահաբեկիչները» ակտիվացնում են հարձակումները թուրքական 4-րդ բանակի հաղորդակցության ուղիների վրա:

Է. Էրիկսոնն արդեն որերորդ անգամ հարկ է համարում շեշտել, որ թուրքական 3-րդ բանակը վատ էր նախապատրաստված պատերազմին: Օրինակ, նա նշում է, որ բանակն ուներ միայն վեց շինարարական` սակրավորային գումարտակ: Անհրաժեշտությունից ելնելով` 1915թ. դրանց թիվը հասցվում է 30-ի: Գումարտակներից 11-ը կենտրոնացվում են Երզնկա-Էրզրում-Հասանկալե-Թորթում ճանապարհի վրա: Այստեղ գումարտակի կազմում ընդգրկվում են նաեւ հայ զինվորներ: Պատմաբանը, սակայն, չի նշում, թե քանի՞ հայ կար այդ գումարտակներում: Է. Էրիկսոնը միայն շտապում է ավելացնել, որ որոշ հեղինակներ ենթադրում են, որ այդ աշխատանքային ստորաբաժանումները կազմվել էին հատուկ ծրագրի համաձայն: Իրականում` գումարտակները կազմավորվել էին հայ զինվորներին սպանելու նպատակով:

Է. Էրիկսոնը նշում է, որ 1916թ. ամռանը սակրավորային 28 գումարտակները վերակազմավորման արդյունքում դառնում են 17: Նա գտնում է, որ անձնակազմի պակասը 1916թ. փետրվարին Էրզրումի մոտ կրած կորուստների հետեւանք էր: Սրանով Էրիկսոնը փորձում է քողարկել սակրավորական-բանվորական գումարտակներում հայ զինծառայողների սպանությունը` մեղքը բարդելով ռուսների առաջխաղացման վրա, որի պատճառով, իբր, նշված ստորաբաժանումները կորուստ են կրել:

Ամերիկացի պատմաբանը, վկայակոչելով թուրքական փաստերը, նշում է, որ Բաբերդ, Ելազիգ (Խարբերդ), Կեսարիա, Էրզրում, Մալաթիա եւ Սեբաստիա քաղաքներում հայ ապստամբներից բռնագրավվել էր հինգ հազար հրացան եւ մեկ տոննա պայթուցիկ նյութ: Այս քաղաքների շրջաններում գործել են մեծ թվով հայ ապստամբներ, որոնց նպատակն էր աջակցել ռուսական զորքերին:

Է. Էրիկսոնը, կրկին հիմնվելով թուրքական տվյալների վրա, հայտնում է, որ Սեբաստիայում գործում էին մեծ թվով հայկական պարտիզանական ջոկատներ, որոնք, իբր, հարձակվում էին մահմեդականների վրա եւ կապ էին պահպանում բրիտանական եւ ֆրանսիական նավատորմների հրամանատարության հետ:

Իրականում` Սեբաստիայում գործում էին Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանության ճնշումից հետո ողջ մնացած մոտ հազար հայեր: Նրանք, գտնվելով նահանգի լեռնային վայրերում, փորձում էին փրկվել իրենց հետապնդող թուրքական զորքից եւ ոստիկանական ջոկատներից: Այդ հայերի մեծ մասը զոհվում է անհավասար մարտերում: Միայն քչերին է հաջողվում ողջ մնալ եւ ընդհուպ մինչեւ 1918թ. հոկտեմբերի 30-ի զինադադարը մարտնչել թշնամու դեմ:

Մանրամասն նկարագրելով հայ «ահաբեկիչների» հարձակումները` Է. Էրիկսոնը ընթերցողին փորձում է բերել «տրամաբանական» եզրակացության, այն է` թուրքական իշխանությունները հարկադրված էին դիմելու խիստ միջոցների, որպեսզի սեփական բանակն ու բնակչությանը ապահովեին հայերի «հարձակումներից»:

Հայերի զանգվածային տեղահանությունը արդարացնելու նպատակով նա վկայակոչում է համաշխարհային պատմության մեջ արձանագրված «համանման» երկու դեպք: Առաջինը 1890-ական թվականներին իսպանացի գեներալ Վալերիանո Վեյլերի (1838-1930) կողմից Կուբայում կատարված «վերաբնակեցումն» է, որի ժամանակ «խռովարարները», իսկ իրականում` իսպանացի գաղութարարների դեմ մարտնչող շրջանների բնակչությունը, տեղափոխվում է իսպանական բանակի հսկողության ներքո գտնվող շրջանները: (Իսպանացի գեներալը հայտնի էր իր դաժանությամբ: 1895թ. նրան հանձնարարված էր ճնշել Կուբայում սկսված հակագաղութային ապստամբությունը: Գեներալին չի հաջողվում ճնշել ապստամբությունը, եւ 1897թ. նրան ետ են կանչում: 1902թ. փետրվարին նա դաժանորեն ճնշում է Բարսելոնայում ծագած հակակառավարական ապստամբությունը):

Երկրորդը 1899-1902թթ անգլո-բուրական պատերազմն էր` բուրերի ազատագրական պայքարը բրիտանացիների դեմ: Անգլիացիները բուրերին ծնկի բերելու եւ թիկունքային մատակարարման հնարավորությունից զրկելու նպատակով խաղաղ բնակչությանը բռնագաղթի են ենթարկում եւ նետում համակենտրոնացման ճամբարներ: (Անգլիացիներն այդ պատերազմի տարիներին սպանում են մոտ 30 հազար խաղաղ բնակիչ):

Էրիկսոնը նույն հաջողությամբ կարող էր շարունակել քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված բռնի եւ անօրինական գործողությունների պատմական օրինակների թվարկումը եւ նշել նաեւ ֆաշիստական Գերմանիայի ղեկավարության ստեղծած համակենտրոնացման ճամբարները:

Այս օրինակները հիշատակելուց հետո պատմության կեղծարարը նշում է, որ թուրքական իշխանությունները հայ բնակչության «վերաբնակեցման» քայլին դիմում են Վանի կորստից հետո: Նա նկատի ունի 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին քաղաքի հայության ինքնապաշտպանությունը:

Եթե հետեւելու լինենք ամերիկացի պատմաբանի տրամաբանությանը, ապա պետք է դատապարտենք նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակաֆաշիստական դիմադրական շարժումները Ֆրանսիայում, Իտալիայում, նախկին Հարավսլավիայում, Խորհրդային Միությունից բռնազավթված տարածքներում: Նույն տրամաբանությամբ` 1943թ. հրեաները, իսկ 1944թ.` լեհերը Վարշավայում «իրավունք» չունեին ապստամբելու գերմանացիների դեմ:

Պատմաբանը հաստատված է համարում այն, որ Թուրքիան չէր ցանկանում եւ չէր էլ նախապատրաստվում Անտանտի տերությունների դեմ պատերազմի, ուստի որեւէ քայլ չի ձեռնարկում հայկական հնարավոր ապստամբության դեմ պայքարելու ուղղությամբ:

1915թ. ապրիլ եւ մայիս ամիսների Վանի ապստամբության ժամանակ թուրքերն այդ տարածքում, իբր, չեն ունեցել լուրջ մարտական ուժ: Այդ իսկ պատճառով ռազմաճակատ ուղարկվող մի շարք ստորաբաժանումներ` 1-ին ռազմարշավային կորպուսը, 36-րդ հետեւակային դիվիզիան, տեղափոխվում են թիկունք` հայկական «ապստամբությունները» ճնշելու համար:

Է. Էրիկսոնի գնահատմամբ, հազարավոր ապստամբներ սպանվում են: Է՛լ ավելի շատ անմեղ հայեր վերաբնակեցման ընթացքում ոչնչացվում կամ մահանում են սովից ու հիվանդություններից:

Էրիկսոնը նշում է, որ հայերի աջակցության շնորհիվ ռուսները կարողանում են գրավել Էրզրումը: Նրա կարծիքով` թուրքական բանակը պատրաստ չէր պայքարելու լայնածավալ ապստամբության դեմ: Միեւնույն ժամանակ, ըստ նրա` ոչ մի կերպ չի կարելի արդարացնել հայերի կոտորածը: Ինչ վերաբերում է հայերի «տեղափոխմանը», ապա գտնում է, որ թուրքական կառավարությունը նշված քայլին դիմել է` ելնելով ռազմական անհրաժեշտությունից:

Ամփոփենք: Հրապարակի վրա է Թուրքիայի հովանավորությամբ կամ աջակցությամբ լույս տեսած աշխատություն, որում լայնորեն օգտագործվել են թուրքական Գլխավոր շտաբի փաստաթղթեր, եւ որում ներկայացվում է բացառապես թուրքական տեսակետը: Աշխատությանը «հեղինակություն» տալու համար նախաբանը գրել է Թուրքիայի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետը: Է. Էրիկսոնը հիմնվել է մեծ մասամբ թուրքական այդ փաստաթղթերի վրա, սակայն օգտագործել է նաեւ օտարազգի հեղինակների ուսումնասիրությունները: Նա համառորեն խուսափում է «ցեղասպանություն» եզրը օգտագործելուց` գիտակցելով, որ այդ դեպքում ծառանում է ոճրի հեղինակի մասին հարցը: Վայ-պատմաբանն օգտագործում է նաեւ «տարհանում», «տեղափոխում» բառերը` «բռնագաղթի» փոխարեն:

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
պատմ.գիտ. թեկնածու

Պատմության կեղծարար Էդվարդ Էրիկսոնը

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


27/07/2011