Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՆԸ ՔՐԴԵՐԻՆ ԵՐԿԱԹԳԻԾ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ



ԻՐԱՆԸ ՔՐԴԵՐԻՆ ԵՐԿԱԹԳԻԾ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄԻրանը մտադիր է մոտակա մի քանի տարիների ընթացքում երկաթուղի կառուցել դեպի Սիրիա: Երկաթգիծն Իրանի Քուրդիստանով անցնելու է Հյուսիսային Իրաք, այդ թվում՝ Շանգալ և այնտեղից էլ՝ Սիրիա: Շինարարական աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Ակնկալվում է, որ երկաթգիծը հետագայում Թեհրանը կկապի Դամասկոսի հետ ցամաքային ճանապարհով՝ չշրջանցելով նաև միջերկրածովյան նավահանգիստները:

Տրանսպորտային այս միջանցքի ստեղծմամբ Իրանը միանգամից մի քանի ռազմավարական խնդիր է լուծում։ Նախ՝ Իրանական Քուրդիստանում բացվում են հազարավոր աշխատատեղեր, ինչը մեղմացնում է այնտեղ սոցիալական մեծ լարվածությունը՝ զուգորդվող անջատողական տրամադրությունների հետ: Իրանական վերնախավը փորձում է կանխել այս նահանգում կենտրոնախույս ձգտումների ուժեղացումը, մանավանդ` Սիրիայում քրդական ինքնավարության հնարավոր ձևավորման ֆոնին: Նահանգը մայրաքաղաքի հետ անմիջականորեն կապելուց հետո տեղում կստեղծվեն բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ: Նախագահ Ռոհանին խոստացել է այստեղ շուրջ 2,750 միլիարդ թումանի 21 նոր նախագիծ սկսել, բացել 6 հազար աշխատատեղ: Մասնավորապես՝ նահանգում կբացվի նավթամշակման գործարան և երկու ամբարտակ:

Երկաթգծի գործարկումից հետո որակապես նոր մակարդակի կբարձրանան Թեհրանի հարաբերությունները Իրաքյան Քուրդիստանի հետ, որտեղ Իրանը ցանկանում է ավելացնել իր տնտեսական ներկայությունը, իսկ տեղի քրդական զինված ստորաբաժանումները՝ փեշմերգան օգտագործել երկաթգծի անվտանգության ապահովման համար։ Իրաքյան Քուրդիստանում իշխող Բարզանիի կլանը տնտեսական սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, հատկապես էներգակիրների ոլորտում, այնուամենայնիվ, Իրանը մտադիր է նոր հնարավորություններ առաջարկել:

Թեհրան-Սանանդաջ-էրբիլ երկաթգիծը Իրանին հնարավորություն կտա դուրս գալու դեպի Սիրիա և Միջերկրական ծով նյութատեխնիկական անմիջական աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային իր դաշնակիցներին:

Տնտեսական նշանակությունից բացի, երկաթգիծը փաստացի կնշանակի նաև Իրաքյան Քուրդիստանի ինքնուրույնության փաստացի ճանաչում և Թուրքիայից կախվածության նվազեցում:

Բնական է, որ երկաթգի շինարարությանը դեմ են Իրանի տարածաշրջանային հակառակորդները՝ Իսրայելը, Սաուդյան Արաբիան և նույնիսկ Թուրքիան: Նրանք ամեն գնով կփորձեն կանխել նախագծի իրականացումը: Թել Ավիվում լավ են հասկանում, որ բոլոր մտահղացումներն իրագործելուց հետո Իրանը ավելի է մեծացնելու իր աջակցությունը «շիական առանցքի» իր դաշնակիցներին` Սիրիային ու «Հեզբոլլահին»։ Հետևաբար, Իսրայելը ձգտելու է խափանել այդ տրանսպորտային միջանցքի գործունեությունը տարբեր մեթոդներով: Հնարավոր է՝ նաև ձգտի ֆինանսավորել ու զինել ապստամբներին իրանական Քուրդիստանում։ Նման գործելաոճ կարող է ցուցաբերել նաև Սաուդյան Արաբիան:

Այսպիսով, Իրանը նախաձեռնում է տարածաշրջանային մի նախագիծ, որի հաջողության դեպքում իրականություն է դառնալու «շիական կիսալուսին» աշխարհաքաղաքական գաղափարը: Եվ այս անգամ նման գաղափարի իրականացման համար Իրանը վտանգում է իր տարածքային ամբողջականությունը, քանի որ նախագծի տապալման դեպքում Իրանական Քուրդիստանի անջատողականությունը նոր թափ կստանա: Նաև այս պատճառով է, որ համապետական ընտրությունների նախօրյակին Իրանի նախագահն այցելել էր Սանանդաջ՝ տեղում պարզելու ժողովրդի տրամադրվածությունը և որոշակի խոստումներ տալու:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Ռազմաքաղաքական


19/04/2017