Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ



ՀԻՆ ՀՈՒՆԱՐԵՆԻ ԴԱՍԱԽՈՍ, ԼՐԱԳՐՈՂ ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ ԳԱՆՁԱՍԱՐԻ ՊԱՏԻՆ ՀԱՅՏՆՎԱԾ ՏԻՐԱՄՈՐ ՊԱՏԿԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԵրբ Վազգեն Սարգսյանը մահապարտների գումարտակ հավաքեց, մոտ երեք հարյուր հոգի էին, որ եկան հավաքվեցին նախ Գանձասարի վանքում: Մարտի գնալուց առաջ Պարգեւ Սրբազանը ամենքին էլ մկրտեց: Եվ երեք հարյուրով ելան երեք հազար ազերիների դեմ եւ նրանց վիթխարի այդ գորհը կասեցրին: Այս հաղթական դիմակայումից մոտ երկու ամիս էր անցել: Ծանր մարտեր էին, եւ ազերիները գրեթե հասել էին Գանձասարի մոտ գտնվող Խաչին Կամրջին: Արդեն անհնար էր թվում, որ Գանձասարը մերոնք կարողանային պահել:

Եվ արդեն իսկ Գանձասարը թողնելու ռազմական հրամանը եղել էր:

Սակայն վանքը թողնելուց առաջ Տեր Հովհաննեսը առաջարկում է.

-Եկեղեցում վերջին անգամ մեր աղոթքն անենք, ապա նոր վանքը թողնենք:

Եվ մոտ քսան-երեսուն հոգով, որ նրա հետ էին, սկսում են վանքում աղոթել: Եվ ահա աղոթքից հետո զորություն է իջնում նրանց վրա, ապա ասում են.

-Չէ՛, մեզ այսպիսի սեր պարգեւող վանքը թողնել չենք կարող, եթե ընկնելու ենք, թող որ մեր վանքի բակում ընկնենք, Աստծու բարեհաճության մեջ: Եվ Աստծու հոգով զորավորված, քսան-երեսուն հոգով ելնում են ազերիների մեծաքանակ ուժերի դեմ եւ նրանց փախուստի մատնում: Եվ հաջորդ օրը վանքի պատին հրաշքով երեւում են Աստվածամոր եւ Հիսուսի պատկերները, որ մինչեւ այսօր կան:

Դա նշանակում էր, թե` ահա ձեզ հաղթանակ շնորհողները: Որ նշանակում էր, թե` մշտապես եւ ամեն օր քաջ եղեք ձեր հավատքի մեջ, որովհետեւ ձեր հաղթանակը ձեր հավատքի միջոցով եղավ: Մի՛ երկմտեք: Եվ ճշմարիտ որ, ու՞մ է պետք անհավատությունը` անմխիթար ու անհույս մի բան, մինչդեռ հավատով ե՛ւ կյանքը կա, ե՛ւ հաղթանակը, ե՛ւ հույս-մխիթարությունը, որ թող մշտապես մեր ժողովրդի հետ լինի: Ամե՛ն:

Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Հոգևոր-մշակութային


12/04/2017