Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԶինված ուժերի 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 21-ից 25-ը անցկացվեց ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հերթական զորավարժությունը:

Զորավարժության սցենարի համաձայն՝ պայմանական հակառակորդն ուժեր էր կուտակել սահմանամերձ շրջաններում՝ նպատակ ունենալով հատելու ՀՀ պետական սահմանը: Միացյալ զորախմբում ներգրավված բոլոր ստորաբաժանումներն անմիջապես բերվում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

ԶՈՒ ՄԽ հրամանատարությունը որոշում է կայացնում նախապես հաստատված պաշտպանական գործողությունների պլանի կիրառման մասին: Իրականացվում է պետական սահմանի պահպանության հատվածի պաշտպանությունը հայկական կողմին փոխանցելու գործողությունը, որից հետո ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի հետ համատեղ անցկացվում են միասնական գործողությունների պլանով նախանշված միջոցառումները:

Զորավարժության վերջին օրը մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ սահմանապահ զորքերի պաշտպանության շրջան` համատեղ պաշտպանության գործողությունների պլանով նախատեսված միջոցառումները տեղում ճշգրտելու ու դրանց իրագործման ժամանակացույցը կազմելու: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը առաջադրված խնդիրների կատարման, Միացյալ զորախմբի գործողությունների պլանով նախատեսված միջոցառումների ներդաշնակման վերաբերյալ հանձնարարականներ տվեց համապատասխան պաշտոնատար անձանց:

Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշեց, որ միացյալ խմբավորման նպատակն ի սկզբանե եղել է տարածաշրջանում առկա մարտահրավերների համայնապատկերում ՀՀ տարածքի անվտանգության միասնական ապահովումը: Իսկ այսօրինակ միջոցառումների շնորհիվ մեկ անգամ ևս վերահաստատվում է երկու բարեկամ երկրների միջև ռազմական համագործակցությունը զարգացնելու փոխադարձ պատրաստակամությունը: Նաև հավելեց, որ այս գործընթացը  շարունակական բնույթ է կրելու, քանի որ զինվորական գործը պահանջում է հրամանատարական կազմի մշտական քրտնաջան աշխատանք՝ մեր առջև դրված ցանկացած մարտական խնդիր լիարժեք կատարելու համար: Եվ հայ ժողովրդի պետականության ամրապնդման յուրաքանչյուր ձև ու միջոց մենք պարտավոր ենք օգտագործել մեր ապագա սերունդների համար:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


29/03/2017