Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՆ



ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՐԻՑ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՆՄարտի 10-ին Ռուսաստան էր այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այցը մեկօրյա էր, սակայն բավականին հագեցած: Քննարկվել են ռազմաքաղաքական և տնտեսական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ կողմերը կարողացել են շատ հարցերի շուրջ փոխըմբռնման հասնել, իսկ թուրքական ԶԼՄ-ները գրում են «հաղթանակների» մասին:

Թուրքիայում շուտով անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, և մինչ այդ Էրդողանի համար կարևոր է դիվանագիտական ցանկացած հաջողություն: Գերմանիայի և Նիդեռլանդների հետ լարված հարաբերությունների համապատկերում Ռուսաստանի նախագահի հետ բավական ջերմ հանդիպումը կներկայացվի որպես խոշորագույն ձեռքբերում:

Էրդողանը Մոսկվա էր ժամանել առաջին հերթին 2015 թվականին ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցելուց հետո Մոսկվայի սահմանած տնտեսական պատժամիջոցները վերացնելու շուրջ բանակցելու, Ռուսաստանի տարածքում թուրքական ձեռնարկությունների ազատ գործունեության հնարավորություններ ստեղծելու նպատակով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ որոշ պատժամիջոցներ մի քանի ամսվա ընթացքում կհանվեն: Մասնավորապես՝ կթույլատրվեն գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը և շինարարական կազմակերպությունների գործունեությունը:

Ավելի բարդ է անցել միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի քննարկումը: Սակայն այս դեպքում էլ Մոսկվան և Անկարան կարողացել են հասնել որոշակի փոխըմբռնման:

Էրդողանին ամենից շատ մտահոգում են Սիրիայի շուրջ զարգացումները: Մոսկվան պատրաստ է համագործակցել քրդերի հետ և դեմ չէ Սիրիայի կազմում քրդական գոնե մշակութային ինքնավարության ստեղծմանը: Անկարան քրդական կազմակերպությունները համարում է ահաբեկչական և դեմ է ցանկացած ինքնավարության, ինչպես նաեւ Թուրքիան դեռեւս չի ճանաչում Բաշար ալ Ասադի օրինականությունը, բայց նախկինի պես չի պնդում նրա հեռացման անհրաժեշտությունը: Թուրքիայում հուսով են, որ Սիրիայում իշխանության կգան սուննի չափավոր իսլամիստները, այնինչ այս հարցում Անկարայի համար լուրջ խոչընդոտ է Թեհրանի հակառակ դիրքորոշումը:

Թուրքիան փորձում է թույլ չտալ Սիրիայում Իրանի ազդեցության մեծացումը և այդ նպատակով պատրաստ է համագործակցելու իրանական կողմի հետ: Սիրիական կարգավորման շրջանակներում Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ ձևաչափը Անկարային հնարավորություն է տալիս գոնե այս փուլում լինելու Սիրիայի ճակատագրի կերտողներից մեկը: Արևմուտքում դառնալով վտարակ՝ Էրդողանը, ի դեմս Ռուսաստանի և Իրանի, ձեռք է բերել հավասարազոր գործընկերներ: Իհարկե, չի կարելի բացառել, որ Էրդողանը կարող է քանդել Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքը՝ Արևմուտքին սիրաշահելու և ավելի մեծ օգուտ քաղելու համար:

 

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #10 (1181) 15.03.2017 - 21.03.2017, Տարածաշրջան


15/03/2017