Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺ ՈՒՍԱՆՈՂ «ԿԱՄԱՆԴԻՐԸ»



ՀԱՎԵՐԺ ՈՒՍԱՆՈՂ «ԿԱՄԱՆԴԻՐԸ»Դեկտեմբերի 21-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Կարեն Մանվելյանի 50-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները եւ այլք:

1988 թվականին՝ խորհրդային բանակից վերադառնալուց հետո, անմիջապես հայտնվեց ղարաբաղյան շարժման էպիկենտրոնում: Օր ու գիշեր թատերական հրապարակում էր: 1989 թվականին Կարենն ընդունվեց ժողտնտեսության ինստիտուտ, փայլուն սովորելուն զուգահեռ դարձավ ուսանողական շարժման ակտիվիստներից: 1990 թվականին անդամագրվեց Ռամկավար ազատական կուսակցությանը և հիմնեց «Արմենական» ակումբը: 1991 թվականից սկսեց պարբերաբար մեկնել սահմանամերձ շրջաններ՝ տարատեսակ օգնություն, զենք ու զինամթերք հասցնելով կռվողներին: Այնուհետև միացավ ԵԿՄ ջոկատներից մեկին, որի շարքերում էլ մասնակցեց ՀՀ սահմանների պաշտպանությանը, Արցախի ազատագրական մարտերին: 1992թ. նոյեմբերի 5-ին Լաչինի մարդասիրական միջանցքի համար մղվող մարտերից մեկում Կարեն Մանվելյանն իր մարտական ընկերոջ` Տիգրան Մուշեղյանի հետ փրկեց ընկերներին շրջապատման վտանգից, ապահովեց ջոկատի նահանջը, որի ժամանակ էլ ընկավ հերոսի մահով: ՀՀ նախագահի հրամանագրով նա հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Հուշ-երեկոյի ընթացքում Կարեն Մանվելյանի մասին հնչող սրտառուչ խոսքերը, նրա հետ կապված բազմաթիվ դիպվածներն ու պատմություններն ընդմիջվում էին օրագրային գրառումների ընթերցմամբ: Դրանք ամբողջությամբ չեն պահպանվել, բայց եղածն էլ բավական է՝ Կարենի կերպարը պատկերացնելու համար: «Տիգրանը կանչեց ու ասաց, որ ինձ այսօրվանից նշանակում է ջոկի հրամանատար: Անկեղծ ասած՝ շատ զարմացա, քանի որ մեր ջոկատում տարիքով ամենափոքրն էի: Մյուսները երեսունն անց էին, ուստի առարկեցի… Նա համառեց: «Ջոկատի տղերքը լավն են, բայց ինձ բանիմաց մարդ է պետք: Ինչքան ժամանակ է՝ քեզ հետևում եմ: Դու գլուխ կհանես»,- ասաց:

ՀԱՎԵՐԺ ՈՒՍԱՆՈՂ «ԿԱՄԱՆԴԻՐԸ»Ավագ ընկերներս իմ նշանակումն ընդունեցին մեծ ոգևորությամբ: Իսկ Քյավառն ինձ սկսեց «կամանդիր» կոչել…»:

Մեկ այլ գրառում պատմում է պատերազմի ամենաթեժ մարտերից մեկի մասին. «Այստեղ զինվորական համազգեստով մարդիկ ավելի շատ են, քան քաղաքացիականները: Քանի օր է՝ սպասում ենք կարևորագույն հրամանի՝ գրոհի: Շուտով սկսելու ենք Լաչինի միջանցքի ընդլայնման գործողությունը. մտնելու ենք Կուբաթլի: Սա իմ կյանքի ամենաուրախալի օրն է…: Կուբաթլիում ադրբեջանցիները կատաղի դիմադրություն էին կազմակերպել, բայց դա ընդամենը մի երկու շաբաթ տևեց, կարողացանք կոտրել: Երբ հերթական անգամ գրավեցինք ադրբեջանցիների դիրքերը, մի դաժան տեսարան բացվեց մեր առաջ: Մոտ քսան ադրբեջանցի զինվորի դիակ էր փռված. նորակոչիկներ էին՝ հազիվ 18 տարեկան: Ով գիտի՝ մի կարգին զենք բռնել էլ չգիտեին: Մի տեսակ մեղքս գալիս էր. «Սրանց հարկավոր է թաղել»,- մտածեցի: Տղերքն իմ որոշումը դժգոհությամբ ընդունեցին, հրաժարվեցին կատարել: Վերցրի բահն ու սկսեցի փորել: Շուտով բոլորը միացան ինձ»:

Կարենի մարտական ընկերներից ազգությամբ էստոնացի ազատամարտիկ, քանդակագործ Ֆելիքս Բուրմանն իր խոսքում նշեց. «Ես մեծ պատիվ եմ համարում, որ ճանաչել եմ նրան: Կարենը, անշուշտ, հաղթանակով գնաց… 63 տարեկան եմ, ու ինքս ինձ երդում եմ տվել, որ, ի հիշատակ Կարենի ու իմ բոլոր զոհված մարտական ընկերների, նաև ի հիշատակ այն փայլուն ու զորեղ երիտասարդների, ովքեր իրենց կյանքը տվեցին ապրիլյան պատերազմի ընթացքում, մինչև կյանքիս վերջը ծառայելու եմ այս ժողովրդին: Ապրիլյան պատերազմի առաջին օրվանից ես էլ առաջնագծում էի: Մենք խաչակիրներ ենք, և եթե մեզ փորձեն ծնկի բերել, մենք՝ այսօր ապրողներս, կշարունակենք նրանց կիսատ թողած գործը»:

Կարենն իր զինվորական ուսապարկում անհրաժեշտ պարագաների հետ  կրում էր նաև իր դասագրքերը: Նա մարտադաշտ էր մեկնել ուսանողական նստարանից, և կարճատև դադարների ընթացքում պարապում էր՝ արձակուրդ վերցնելով գալիս, փայլուն հանձնում էր  քննություններն ու էլի մարտադաշտ  մեկնում:

«…Դասախոսն ուշադիր նայեց ինձ ու ասաց՝ «Տղա՛ ջան, ես քեզ առաջին անգամ եմ տեսնում, ո՞վ ես»: Ես ներկայացա: «Դու ոչ մի օր դասերիս չես եկել ու հույս ունես քննությո՞ւն հանձնել»: Իմ բոլոր փորձերը բացատրելու, որ վերջերս զբաղված եմ ու չեմ կարողացել դասի գալ, բայց քննությանը լիովին պատրաստ եմ, անիմաստ էին. դասախոսն անդրդվելի էր: «Իմ դասին չնստողը քննություն չի կարող ստանալ: Լիկվիդի՛ն կգաս»: Վաղը մեկնում եմ: Երկու շաբաթից կգամ ու կհանձնեմ»: Սա Կարեն Մանվելյանի վերջին գրառումն է օրագրում: Տասն օր անց «Ազգ» օրաթերթը գուժում է՝ «Նոյեմբերի 5-ին, հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իր պարտականությունը կատարելիս Լաչինում թշնամու գնդակից զոհվել է Կարեն Բախշիի Մանվելյանը…: Երևանի ժողտնտեսության ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, 25-ամյա Կարեն Մանվելյանը, կամավոր զինվորագրվելով ինքնապաշտպանական ուժերին, իր կյանքը զոհել է հանուն մեր ժողովրդի արդար իրավունքների վերականգնման…»:

♦♦♦

«…Երևանում ցերեկով այնպիսի տպավորություն է, թե պատերազմ չի, և սահմանին ու Արցախում մարդ չի զոհվում: Միայն մութն ընկնելուց հետո անլույս Երևանին նայողը կհասկանա, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան այնպես չէ. մի բան է կատարվում…: Գիշերը փորձեցի հատակին քնել. խրամատներից հետո փափուկ անկողին մտնել չեմ կարողանում: Մթության մեջ դուրս եմ գալիս միջանցք, որ գնամ. մայրս ուղեկցում է ինձ մի մոմ ձեռքին…Ուզում եմ շրջվել ու ինչ-որ բան ասել, բայց չեմ կարողանում: Հասկանում եմ, որ մորս աչքերի մեջ նայել չեմ կարող: Արագ-արագ լուռ հեռանում եմ՝ այդպես էլ ոչինչ չասելով: Լույս չկա, վերելակը չի աշխատում: Իջնում եմ ոտքով, բայց գիտեմ, որ մաման դեռ երկար ժամանակ մոմը ձեռքին կկանգնի չաշխատող վերելակի մոտ ու կնայի հետևիցս…»:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #51 (1171) 28.12.2016 - 03.01.2017, Բանակ և հասարակություն


28/12/2016