Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԱՇԱԹԱՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ



ՔԱՇԱԹԱՂԻ ԼՈՒՅՍԵՐԸՍրճարանում կիսախավար է: Սուրճի համով լիկյորը երանելի թմբիր է բերում: Բազկաթոռը տաք է ու փափուկ: Բրունո Մարսը ինչ-որ երգ է երգում միայնության մասին: Նարեկի սիրած երգն է: «Ես նստում եմ միայնակ ու խոսում եմ լուսնի հետ»….

– Միայնության փիլիսոփայությունը Քամյուի «Օտարը» վեպում….,- Նարեկի ձայնն է: Ես փակում եմ աչքերս, որ վերանամ սրճարանի աղմուկից: «Մի սրճարան լիներ, կնոջս հետ տնից դուրս գայինք, թեկուզ մի ժամով կտրվեինք օրվա հոգսից, երաժշտություն լսեինք», – երեկ ասաց Զորիկը: Զորիկն իմ ընկերն է: Երեկ նա մեր տանն էր, հիմա արդեն Բերձորում կլինի: 20 տարի առաջ Զորիկը թողեց պատասխանատու քարտուղարի պաշտոնը «Համալսարան» թերթում, իր մայրաքաղաքային հարմարավետ բնակարանը, ընտանիքն առավ ու գնաց Բերձոր: «Սկզբում մենակ գնացի: Ինձ մի կիսավեր տուն տվեցին: Առաջին օրն էր, ու քունս չէր տանում: Դուրս եկա բակ: Համատարած խավար էր: Հանկարծ շուրջս միանգամից լուսավորվեց, տները շատացան, շարվեցին կողք կողքի՝ ոսկեգույն պատուհաններով, երեխաների զրնգուն ծիծաղ լսվեց: Չհասկացա՝ տեսի՞լք էր, թե հոգնությունից մի պահ ննջեցի ու երազ տեսա: Ինքս ինձ խոսք տվեցի, որ մինչև երազս չիրականանա, Բերձորից չեմ հեռանալու: …Գործն էնքան շատ էր, որ շնչելու ժամանակ չկար: Աղջիկս հոկտեմբերին ծնվեց, բայց ես միայն դեկտեմբերի վերջին կարողացա Բերձորից Երևան վերադառնալ ու տեսնել երեխայիս»….

-Որտե՞ղ ես,- Սոնան շարժում է թևս,- Պրյոմ, պրյոմ…

– Երեկ Քաշաթաղի ծննդյան օրն էր: 1993 թվականի դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծվեց Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր կենտրոնով,- ասում եմ ես հանդիսավոր: Բոլորը նայում են շփոթված:

– Երեկ Զորիկը մեր տան էր,- բացատրում եմ:

-Զորիկն ո՞վ է, – հարցնում է Նարեկը:

-Լրագրող է: Զոհրաբ Ըռքոյան: Քաշաթաղի պաշտոնաթերթի խմբագիրն է:

-Անունը բան չասաց: Ի՞նչ էլ կոպիտ ազգանուն ունի՝ Ըռքոյան:

Նարեկի սանրվածքը նյարդայնացնում է ինձ: Տեսնես՝ մազերին ինչ է քսում, որ այդպիսի հավասար զոլեր են գոյանում գլխին: Զորիկը նոր էր վիրահատվել, շատ գունատ էր ու անընդհատ հազում էր, բայց հաջորդ օրը պիտի վերադառնար Բերձոր. «Չեմ կարող չգնալ, շատ գործ կա, մի՛ պնդիր»:

– Դու Զորիկին որտեղի՞ց պիտի իմանաս, Նարեկ ջան, դու Ումբերտո Էկոյից ցածր ոչ մեկին չես ճանաչում,- հեգնում եմ: Նարեկը շփոթված ժպտում է, Սոնան գլխով է անում՝ ի՞նչ ես ուզում:

– Քո պապի պապի անունն ի՞նչ է,- ես շարունակում եմ հարձակումը:

-Չգիտեմ,- անվստահ ասում է Նարեկը:

– Դրա համար էլ էդքան շարքային ազգանուն ունես, իսկ Զորիկի «կոպիտ» ազգանունը իր ալաշկերտցի պապի պապի՝ Առաքելի անունից է: Ի դեպ, վերջին հարցազրույցդ բանի նման չէր. քո գյուղի մասին այնպես էիր պատմում, ինչպես ես կպատմեի պանրի արտադրության մասին՝ սիրուն բառերով ու առանց զգացմունքի: Բայց դու մեղավոր չես, որովհետև, երբ ուզենաս, կնստես ջիպդ ու կես ժամից քո գյուղում կլինես: Խոսքերիդ մեջ կարոտ չկար, իսկ Զորիկը այնպես էր պատմում իր ծննդավայրի մասին, որ լացս գալիս էր: Զորիկը տարին մի անգամ էլ չի կարողանում տեսնել իր գյուղը. Բերձորից Մարտունի հասնելու համար մեկ օր ճամփա պիտի գնա: Եթե ես նկարիչ լինեի, աշխարհի ամենալավ կտավը կնկարեի Զորիկի մանկության մասին:

– Դու պատմիր, ես կնկարեմ,- ասում է Սոնան:

«Երբ սարերը ծաղկում էին, տղերքով գառներին տանում էինք արածեցնելու: Գառները սարերին պահ տված՝ վազվզում էինք ձորերում, մտնում էինք գետը, որը հենց գյուղի միջով էր հոսում…. Երբ հոգնում էինք, պառկում էինք խոտերի մեջ, ու գետի միալար աղմուկը նինջ էր բերում: Էնքան է պատահել, որ խաղով ընկած՝ մոռացել ենք տուն գնալ, ու մերոնք սար ու ձոր չափելով՝ փնտրել են մեզ:

Մենք ութ երեխա էինք: Հացի սեղանի շուրջ չէինք տեղավորվում, ու սկսվում էր հրմշտոցը: Բախտներս բերում էր, որ հաճախ մեզնից մեկ-երկուսը հրաժարվում էին հացից, ասում էին՝ Շամամ քեռակինը կամ մեր ազգականներից մեկ ուրիշը կերակրել է: Մեր գյուղում նույնիսկ հեռավոր ազգականների մեջ իմ ու քո չկար: Ում դռանը սովածանում էինք, այնտեղ էլ կշտանում էինք»:

– Ես չեմ կարող Զորիկի նման պատմել,- ասում եմ Սոնային:- Որովհետև դա նրա՛ մանկությունն է:

– Դու էլ քեզ նման պատմիր,- պատասխանում է Նարեկը:

-Զորիկը պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետում էր սովորում, երբ սկսվեց պատերազմը: Իսկ մինչ այդ ազատագրական շարժման ակտիվիստներից էր: Նա կամուֆլյաժով է գնացել աղջիկ տեսնելու: Երբ հերթական անգամ Արցախից եկել է տուն, մայրն ասել է՝ մինչև չամուսնանաս, հետ չես գնալու: Մի աղջիկ եմ հավանել…

Երբ հարցրի՝ հատկապես քեզ ի՞նչը դուր եկավ Արմիկի մեջ, Զորիկը ծիծաղեց՝ կռիվ էր, ով էր էդ մանրուքների մասին մտածում: Մեր ընկերները զոհվում էին սահմանին…

…Ճնշող լռություն է: Ոչ ոք չի խոսում մարդկային հոգիների ներդաշնակությունից, չի փիլիսոփայում ամուսնության ու սիրո մասին:

– Քանի՞ երեխա ունի Զորիկը, – Նարեկը «ճեղքում է» լռությունը:

– Երեք աղջիկ ունի: Նա մանկուց երազել է նկարիչ դառնալ, բայց երազանքն անկատար է մնացել: Հիմա Զորիկի երկու աղջիկները նկարչուհի են՝ մասնագիտական կրթությամբ, իսկ կրտսեր աղջիկը՝ Գայանեն, դպրոցական է:

Զորիկի վիրահատության պատճառով ընտանիքը Երևան էր եկել, ու Գայանեն մեկ ամիս Երևանում դպրոց գնաց: Երեկ ասում էր. «Մեր Բերձորի դպրոցը հազար անգամ լավն է ձեր Երևանի դպրոցից»: Նա Բերձորում է ծնվել, ասում է ՝ ես քաշաթաղցի եմ, Քաշաթաղից լավ տեղ չկա աշխարհում: …Դպրոց հասնելու համար Գայանեն զառիվերով ահագին ճանապարհ է կտրում: Երբ փոքր էր, խրվում – մնում էր ձյուների մեջ:

…Նորից երաժշտություն են միացնում, ու ես լռում եմ: Երաժշտության ռիթմով սրճարանի օդը փոխում է գույները:

Մեր թերթի հնաբնակներն ասում են, որ Զորիկը «Հայ զինվորում» տպագրվել է թերթի ստեղծման օրվանից: Սկզբում զոհված տղաների մասին է գրել: Նրանցից շատերը իր աչքի առաջ էին զոհվել: Հետո սկսել է Քաշաթաղի մասին գրել: Եթե Զորիկի հոդվածները շարես կողք կողքի, ամենայն մանրամասնությամբ կիմանաս, թե ինչպե՞ս հիմնադրվեց Քաշաթաղը, ինչպե՞ս հերթական ընտանիքը արմատ գցեց Քաշաթաղի հողում, ինչպե՞ս բացվեց հերթական դպրոցը, ինչպե՞ս գազաֆիկացվեց հերթական գյուղը, ե՞րբ տեղադրվեցին խմելու ջրի խողովակները այս կամ այն գյուղում, ե՞րբ սկսեց հոսել ոռոգման ջուրը…

-Զորիկը առանց ձանձրանալու 20 տարի իր հոդվածներով պատմում է Քաշաթաղի մասին, մեզ է պատմում, աշխարհին է պատմում: Պատմում է, որ սիրենք Քաշաթաղը, որ Քաշաթաղում նոր տներ բարձրանան, շատ երեխաներ ծնվեն: Որ հասկանանք՝ ինչպես է կառուցվում Հայրենիքը:

Զորիկը տարիներ շարունակ Քաշաթաղի կրթության բաժնում է աշխատել: Յուրաքանչյուր դպրոցի հոգսն ու ցավը անգիր գիտի: Ընկերների հետ շրջել են Հայաստանի մարզերով, ուսուցիչներին համոզել են գնալ Քաշաթաղ, դասավանդել Քաշաթաղի դպրոցներում: Որովհետև առանց դպրոցի գյուղը կմեռնի: Հայ մարդը կդիմանա ամեն զրկանքի, բայց իր երեխային առանց ուսման չի թողնի: Այսօր Քաշաթաղի ուսուցիչների 30-40 տոկոսը տեղի դպրոցների շրջանավարտներն են, որոնք կրթություն են ստացել մայրաքաղաքի բուհերում ու վերադարձել են իրենց ծննդավայրը: Չեն մնացել մայրաքաղաքում: Առավել ևս՝ արտերկիր չեն գնացել: Այսօր Քաշաթաղը 11 հազար 500 բնակիչ ունի, 52 դպրոց, 54 համայնք:

-20 տարի՝ ամբողջ երիտասարդությունը անցկացնել վերաբնակեցված գյուղում, երբ մայրաքաղաքում տուն ու աշխատանք ունես: Սա ավելի մեծ սխրանք է, քան պատերազմի դաշտում զենքը ձեռքին կռվելը, -ասում է Սոնան:

Նարեկը անտարբեր-արտիստիկ ծխում է:

-Կինդ քանի՞ բաժակ սուրճ է տալիս քեզ, մինչև մի պատմվածք ես գրում, քանի՞ անգամ է փոխում լիքը մոխրամանդ,- հարցնում եմ Նարեկին:

-Մամադ քեզ քանի՞ բաժակ մեղրով կաթ է տալիս, մինչև մի հոդված ես գրում:, – հակադարձում է Սոնան, ու բոլորս ծիծաղում ենք: Բացի Նարեկից: Ես ուզում եմ, որ Նարեկն էլ ծիծաղի:Նարեկը շատ լավ տղա է, տաղանդավոր, ազնիվ, բարի: Ինքս էլ չհասկացա, թե ինչու նեղացրի նրան:

-Նարեկ, քեզ երկու գիրք եմ նվիրելու,- ձայնիս մեջ լիքը ջերմություն եմ դրել:

-Ի՞նչ գիրք,- հարցնում է Նարեկը սառը, առանց իմ կողմը նայելու:

-Զորիկը պատմում էր, որ Քաշաթաղը թանգարան է բաց երկնքի տակ, կենդանի պատմություն է: Ամենուր մեր հնամենի մշակույթի հետքերն են: Գիտես՝ քանի խաչքար են հայտնաբերել Զորիկն ու իր ընկերները, քանի ամրոց, քանի մատուռ… Թիզ առա թիզ «սանրել են» ամբողջ Քաշաթաղը, լուսանկարել են: Ու Զորիկը եռալեզու ալբոմ է կազմել Քաշաթաղի նորահայտ հուշարձանների մասին՝ «Մեր Քաշաթաղը» վերնագրով: Այ էդ գիրքն եմ նվիրելու քեզ, մեկ էլ՝ Զորիկի «Արծիվներն ամպերի մեջ» գիրքը ՝ զոհված տղերքի մասին:

– Դու քանի՞ անգամ ես հոդված գրել Զորիկի մասին:- հարցնում է Նարեկը:

– Ոչ մի…, – ես հասկանում եմ, որ Նարեկը հակահարձակման է անցել:

– Բա, մարդը էդքան գործ է արել, ինքն էլ քո ընկերն է… որ Զորիկի մասին չես գրում, ո՞ւմ մասին ես գրում… Հետո էլ զարմանում ես, որ չենք ճանաչում նրան:

-Որ մի բան պատմեմ, ավելի կոգևորվես: Ուրեմն՝ Զորիկն իմանում է, որ Հերիկ գյուղում մի ընտանիք է մնացել միայն, բայց գյուղը կա, քանի որ կա էդ մի ընտանիքը՝ սրտի վերջին զարկի նման: Զորիկը նախ մի հոդված է գրում գյուղի մասին: Կարդալով հոդվածը՝ բարեգործական «Հայրենասեր» կազմակերպությունը հիմնանորոգում է գյուղի դպրոցը: Դրանից առաջ նույն կազմակերպությունը նորոգել էր Լեռնահովիտի ու Վուրգավանի դպրոցները: Հետո սկսում են մարդկանց համոզել, որ գան ու ապրեն Հերիկում: Մի խոսքով, գյուղը դիմանում է: Չի մեռնում: Հոկտեմբերի 4-ին Հերիկի դպրոցը անվանակոչվեց Քառօրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով:

– …Երեքիդ էլ ճանաչում եմ,- շիկահեր մատուցողուհին չորրորդ անգամ է փոխում մեր սուրճի բաժակները:

– Էս երկուսը եթերի աստղ են, ի՞նձ որտեղից եք ճանաչում,-հարցնում եմ:

– Ես մի ժամանակ այն սրճարանում էի աշխատում, որտեղ Դուք Ձեր հարցազրույցներն էիք անում ճանաչված, մեծ մարդկանց հետ…

– Մեծ: Ճանաչված…-կրկնում է Նարեկը:- Ամեն ճանաչված մեծ չէ: Իսկ ինչքա՜ն մեծեր կան, որոնց չենք ճանաչում: Ու իրենք էլ չգիտեն, որ մեծ են:

…Նարեկն ինձ մեքենայով տուն է տանում: Քաղաքի կենտրոնում ձյուն չկար, իսկ Դավիթաշենում ձյուն է գալիս: «Մնաս բարով, իմ սեր, մնաս բարով, ընկեր իմ»,- մորմոքում է Ջեյմս Բլանթը: Նարեկը դիտավորյալ զլել է ձայնարկիչը, որ չխոսի հետս:Հանկարծ հիշում եմ, որ Նարեկը քառօրյա պատերազմի ժամանակ հենց առաջին օրը մեկնեց ճակատ ու մեկ ամիս մնաց Արցախում: …Հիշում եմ, որ նրա հայրը զոհվել է Արցախյան պատերազմում, երբ տղան ընդամենը 4 տարեկան էր:

– Նարե՛կ, դու տաղանդավոր տղա ես, դու հրաշալի մարդ ես,-ասում եմ,- եթե դու մեծ երկրում ապրեիր, քո անունը կդնեին…գիտե՞ս՝ որ գրողի կողքին կդնեին քո անունը…

-Սպասի՛ր, սպասի՛ր…, – Նարեկը չի թողնում՝ շարունակեմ խոսքս,- ամեն ինչ լավ է, մի՛ նեղվիր:…Որ հոդված գրես Զորիկի մասին, վերնագիրը կդնես «Քաշաթաղի լույսերը»:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #50 (1170) 21.12.2016 - 27.12.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


21/12/2016