Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԶԻՆՂԵԿԸ



ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԶԻՆՂԵԿԸԳնդապետ Սամվել Վանեսյանը զինղեկ է 2015 թվականի սեպտեմբերից: Նա աշակերտներին է փոխանցում իր մասնագիտական փորձը, մեծ ջանքեր է ներդնում նրանց ռազմահայրենասիրական դաստիարակության գործում: Մասնակցել է Արցախյան ազատամարտին, վիրավորվել է: Դեռևս մարտական գործողությունների ընթացքում՝ 1992թ., պարգևատրվել է ԼՂՀ «Արիության մեդալով»: ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչությունում, ապա նաև զորամասում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության և Արցախի գերատեսչական մեդալներով, անվանական զենքով: Գնդապետ Վանեսյանի հայրենասիրական գործունեությունը չի սահմանափակվում մարտական ծառայությամբ: 2005 թվականին նրա ջանքերով Լոռու մարզում կանգնեցվում են Հայոց ցեղասպանության և Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներ, կառուցվում է սբ. Աստվածածին մատուռը, 2010 թվականին՝ գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի արձանը: Այսօր էլ գնդապետ Վանեսյանը չափազանց կարևոր գործ է կատարում՝ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունն է ապահովում:

 

Երևանի թիվ 120 դպրոցի զինղեկ, գնդապետ Սամվել Վանեսյանը նշում է, որ  դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բավական բարձր է ոչ միայն «Նախնական զինվորական պատրաստություն», այլ նաև «Մայրենի լեզու», «Պատմություն» առարկաների ուսուցիչների կողմից տարվող դաստիարակչական աշխատանքների, ուսուցչական կոլեկտիվի համատեղ ջանքերի շնորհիվ: Բայց այդ աշխատանքները դեռ ամբողջացման և կատարելագործման կարիք ունեն «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասընթացները ավելի կիրառական ու նպատակային դարձնելու համար: Մասնավորապես՝ պետք է այնպես կազմակերպել, որ աշակերտներն ավելի հաճախ այցելեն զորամասեր, այդ թվում՝ սահմանամերձ, պատմամշակութային կարևոր հուշարձաններ, իմանան պարտադիր ժամկետային ծառայություն անցնող հերոս զինվորների՝ իրենց պես պատանիների և երիտասարդների սխրագործությունների մասին:

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԶԻՆՂԵԿԸ-Այսօրվա երեխաները մեր հայրենիքի ապագա պաշտպաններն են: Զինվորական ծառայության առանձնահատկություններին, ինչու չէ, նաև դժվարություններին, նրանց ծանոթացնելը պարզապես անհրաժեշտություն է: Վաղվա զինվորը ծառայությանը պետք է պատրաստ լինի և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, մեծամասամբ տեղեկացված լինի զինվորական կյանքին,-նշում է գնդապետ Վանեսյանը:

Մինչև 2015 թվականի ամառը թիվ 120 հանրակրթական դպրոցի ՆԶՊ դասասենյակը համապատասխան կահավորված չի եղել: Վերջին մեկ տարվա ընթացքում բավական լուրջ աշխատանք է կատարվել բացը լրացնելու նպատակով: Այսօր արդեն դպրոցն ունի ուսումնական ինքնաձիգ և օդամղիչ հրացաններ, դասերն անցնում են պատշաճ մակարդակով, կազմակերպվում են գործնական պարապմունքներ: 8-րդ և 9-րդ դասարանցիները պարբերաբար այցելում են գնդապետ Մարտիրոսյանի հրամանատարությամբ գործող զորամաս, ականատես լինում ներզորամասային տարբեր միջոցառումների:

-Վերջին անգամ զորամաս այցելեց շուրջ 100 աշակերտ,-ասում է գնդապետը: -Զորամասի մարզահրապարակում ստուգեցինք նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Աշակերտների մեծ մասը կարողացավ պտտաձողի վրա ձգվել ճիշտ և սահմանված քանակով: Տեսնելով զինվորների ֆիզպատրաստության պարապմունքները՝ երեխաները համոզվեցին, որ ապագա զինվորին անհրաժեշտ է կոփված լինել: Այնուհետև նրանք ծանոթացան զինվորական առօրյային, կենցաղին, համտեսեցին բանակային ճաշը: Օրվա ավարտին նրանք ոգևորված, անմոռանալի հիշողություններով վերադարձան տուն: Հաջորդ օրերին էլ միայն զինվորների մասին էին խոսում:

Նաև հավելում է, որ զորամասի հրամկազմի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են դպրոց, զրուցում աշակերտների հետ: Գնդապետը կարևոր է համարում նմանատիպ փոխայցելությունները, հայրենասիրական տարբեր միջոցառումների անցկացումը զինվորականների, վետերանների մասնակցությամբ: Դրանով ավելի է ամրապնդվում բանակ-հասարակություն կապը:

1978-1982 թվականներին նույնպես Սամվել Վանեսյանը զինղեկ է աշխատել: Հետագայում էլ չի կտրվել, հետևել է ոլորտի զարգացումներին: Քաջատեղյակ լինելով երկու տարբեր համակարգերում՝ խորհրդային և ներկայիս դասավանդման հայաստանյան մեթոդներին, ուսումնանյութական բազային՝ գոհունակությամբ նշում է, որ այսօր մեր դպրոցներում ՆԶՊ առարկայի դասավանդումը բարձր մակարդակի վրա է: Դասագրքերը որակյալ են, թեմայի շուրջ համապարփակ տեղեկատվություն են տալիս՝ հնարավորություն ընձեռելով աշակերտին համառոտագրել նյութը և ավելի հեշտացնել նյութի ընկալումը: Միայն թե՝ հարկավոր է որոշակի շտկումներ կատարել ուսումնական գործընթացում: Օրինակ՝ նա ցավով նշում է, որ հաճախ հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո տղաները մոռանում են ՆԶՊ դասերի ժամանակ ստացած գիտելիքների և հմտությունների զգալի մասը: Գնդապետի կարծիքով, հարկավոր է մի մեխանիզմ մշակել, որը կօգնի աշակերտներին սովորածը չմոռանալ և կիրառել մինչև ծառայության անցնելը:

Այս առումով նա փաստում է, որ աղջիկները երբեմն ավելի հետաքրքրասեր և հետևողական են, ավելի ուշադիր են դասերին, քան տղաները: Այստեղ մեծ դեր են խաղում և՛ ընտանեկան դաստիարակությունը, և՛ շրջապատի ազդեցությունը, և՛ շարժախաղերից զուրկ նոր՝ «ինտերնետային» իրականությունը, նաև հեռուստատեսությամբ հայրենասիրական ու դաստիարակչական հաղորդումների սակավությունը: Դրա դեմ հարկավոր է ու հնարավոր է պայքարել ոլորտում ավելի մեծ առաջընթաց արձանագրելու համար:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #48 (1168) 07.12.2016 - 13.12.2016, Բանակ և հասարակություն


08/12/2016