Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ



ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՊԱԿԻՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸՊակիստանի նախագահ Մամնում Հուսեյնն ու Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովն անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պայմանավորվել են արագ ավարտին հասցնել երկու երկրների համատեղ տնտեսական նախագծերը։ Մասնավորապես՝ Պակիստանի նախագահը կարեւորել է Ադրբեջանի հետ պաշտպանական ոլորտում հետագա համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը կարող է օգտագործել պակիստանյան ռազմական ձեռնարկությունների հնարավորությունները եւ ռազմական մասնագետներ պատրաստել Պակիստանում։

Հանդիպումից հետո  Պակիստանի ռազմական արդյունաբերության նախարար Ռանա Թանվեր Հուսեյնը հայտարարել է՝ Ադրբեջանը ցանկություն է հայտնել պաշտպանական արտադրանք, ռազմական տեխնոլոգիաներ ու տեխնիկա ներկրել Պակիստանից։

Պակիստանյան աերոնավիգացիոն համալիրի (Pakistan Aeronautical Complex Kamra) ղեկավար, ռազմաօդային ուժերի մարշալ Արշադ Մալիքն էլ ասել է, որ Պակիստանը պատրաստ է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին մատակարարել JF-17 Thunder կործանիչներ: Իրենք սերտորեն համագործակցում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հետ, ու կործանիչների առաքման հետ կապված որեւէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ JF-17-ում հնարավոր է տեղադրել ինչպես ռուսական, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտադրության հրթիռներ: Իսլամաբադը նաեւ  պատրաստ է Բաքվի հետ կիսվել տարբեր տեխնոլոգիաներով:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Պակիստանն ու Ադրբեջանը ցանկանում են ստեղծել համատեղ ռազմական ձեռնարկություններ, եւ քննարկվել է համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը: Բաքուն ցանկանում է նաեւ Իսլամաբադից գերճշգրիտ զենքեր գնել:

Փաստացի՝ պակիստանա-ադրբեջանական հարաբերությունները որակական նոր մակարդակի են բերվում: Լինելով միջուկային տերություն՝ Իսլամաբադը բավականին ազդեցիկ ուժ է իսլամական աշխարհում: Եվ Բաքուն փորձում է օգտագործել այդ երկրի թե՛ տնտեսական, թե՛ ռազմա-տեխնիկական ներուժը ինչպես ադրբեջանական տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու, այնպես էլ սեփական զինված ուժերի ամրապնդման նպատակով՝ Իսրայելից հետո Բաքվի համար դառնալով ռազմա-տեխնիկական համագործակցության ու զենքերի գնման նոր աղբյուր:

Պակիստանն այս պահին արտադրում է Burraq անօդաչու թռչող սարքեր, «Հաթֆ» տեսակի հրթիռներ, Aircraft Manufacturing Factory գործարանում արտադրվում են JF-17 եւ այլ կործանիչներ, Tank Manufacturing Factory տանկային գործարանն արտադրում է «Ալ-Հալիդ», «Ալ-Զառռար» կոչվող տանկեր, Heavy Artillery and Rocket Factory գործարանը արտադրում է տարբեր նշանակության արկեր եւ զինամթերք, Small Arms Ammunition Factory-ը` փամփուշտներ, Tank and Anti-Tank Ammunition Factory-ին` տանկային արկեր, ռադիոէլեկտրոնային համակարգեր եւ այլն։

Ադրբեջանը ցանկանում է հավասարակշռել իր առեւտրատնտեսական կապերը Թուրքիայի հետ` խորացնելով հարաբերությունները սուննի մեկ այլ միջուկային տերություն համարվող Պակիստանի հետ։ Պակիստանյան գրեթե 200 միլիոնանոց շուկան նավթի համաշխարհային գների անկման պայմաններում կարող է ադրբեջանական ցանկացած արտադրանքի սպառման տեսանկյունից ադրբեջանական բյուջեի համալրման լուրջ աղբյուր դառնալ:

Մի քանի ամսից կյանքի է կոչվելու Ադրբեջան-Իրան երկաթգծի նախագիծը, որը միանալու է Իրան-Պակիստան երկաթգծին: Այդպիսով՝ Պակիստանը կարող է ադրբեջանական շուկա դուրս գալ Իրանի տարածքով:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ.լեյտենանտ

Խորագիր՝ #47 (1167) 30.11.2016 - 06.12.2016, Տարածաշրջան


30/11/2016