Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳ-ԲԱՆԱԿ



ԱԶԳ-ԲԱՆԱԿՊաշտպանական գերատեսչության ղեկավարի փոփոխությունը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ բանակաշինությունը հասել էր մի հանգրվանի, որից հետո առաջընթացի ու զարգացման համար անհրաժեշտ էին առաջին հերթին հոգեբանական, բարոյական ու գաղափարական խթաններ՝ ազգի համահավաքության, ներքին հանդուրժողականության, հավատի ու վստահության շեմը քայլ առ քայլ բարձրացնելով, ազգը համախմբելով այն ամուր ու կենտրոնաձիգ առանցքի շուրջ, որը կոչվում է հայրենիքի պաշտպանություն: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջ քաշեց Ազգ-բանակ հայեցակարգային գաղափարը, որի հենքային դրույթները հասկանալու համար պիտի սահմանել, թե ի՞նչ է խորհրդանշում բանակը այս համատեքստում: Բանակը սոսկ զինված մարդկանց խումբ չէ, որը կռվում է հակառակորդի դեմ ու պաշտպանում Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, բանակը ազգի կեցության, երկրի անվտանգության, անկախ պետականության գլխավոր երաշխավորն ու խորհրդանիշն է, ու Ազգ-բանակ կոնցեպցիան ժողովրդի ներքին դիմադրողականությունը բարձրացնելու, հայրենիքի պաշտպանությանը հասարակության յուրաքանչյուր անդամին մասնակից դարձնելու, ժողովրդի պաշտպանունակությունը ամրապնդելու, երկրի անվտանգությունը ազգային-պետական գաղափարախոսության ամենագերակա գաղափարը հռչակելու, հայրենիքի պաշտպանի կերպար ձևավորելու ու այս ամենը խոչընդոտող բոլոր երևույթները մերժելու ծրագիր է ենթադրում: Այսինքն՝ մենք խնդիր ունենք հավաքելու ազգի տարամիտված ներուժը՝ բարոյական-գաղափարական նպաստավոր դաշտ ձևավորելու, մեր համազգային նպատակների ու յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքի գերակայությունները սահմանելու, յուրաքանչյուրիս ջանքերը ճիշտ ուղղորդելու, հոգեբանական վերելքի խթաններ ստեղծելու ճանապարհով:

Ազգ-բանակ գաղափարը կլինի բարի ցանկություն, գեղեցիկ հռչակագիր, եթե դրան չհաջորդի գաղափարի իրացմանը միտված գործողությունների ծրագիրը: Եթե պատասխան չտրվի ամենակարևոր հարցին՝ ինչպե՞ս ենք ապահովելու հասարակության տարբեր խավերի համախմբումը հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ, ինչպե՞ս ենք արմատավորելու միասնական ազգային շահի՝ մենք-ի գաղափարը, ինչից էլ սկսվում է ինքնագիտակից, պետականամետ ու հայրենիքի կառուցման գաղափարի նվիրյալ հասարակության ձևավորումը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ազգ-բանակ կոնցեպցիայով ներկայացրեց հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ ազգային համախմբման տեսլականը՝ հայրենիքի պաշտպանության գաղափարը դիտելով որպես բացարձակ ու համազգային արժեք: Ինչին հաջորդեց հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին ու վիրավոր զինծառայողներին օգնելու համար հիմնադրամ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացու կողմից 1000 դրամ հատկացում անելու առաջարկը: Ենթադրվում էր, որ հասարակության շրջանում ծնվելու էին մի շարք հարցեր, որոնք սխալ ուղղորդմամբ՝ դառնալու էին շահարկման առիթ: Պետությունը կարո՞ղ է լուծել հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և վիրավորների բուժման խնդիրը: Իհարկե, կարող է: Պետությունը կարո՞ղ է գտնել հիմնադրամի ֆինանսավորման այլ աղբյուրներ, օրինակ՝ խոշոր հարկատուների վրա դնելով այդ բեռը, ինչպես առաջարկում էին որոշ քաղաքացիներ: Իհարկե՝ կարող է: Իսկ ինչո՞ւ ընտրվեց հատկապես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու 1000 դրամ նվիրաբերելու տարբերակը: Պատասխանը միանշանակ է ու աներկբա՝ յուրաքանչյուրիս տված 1000 դրամը այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում ոչ այնքան ֆինանսական օգնություն է, որքան հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողների ընտանիքների հանդեպ յուրաքանչյուրիս բարոյական պարտքի ամրագրում: Ամեն ամիս մեր հատկացրած 1000 դրամը եթե ոչ հեղաշրջում, ապա շարժ է անելու մեր գիտակցության ու մեր հոգեբանության մեջ, հիշեցնելու է, որ մեր հայրենակիցը երկրի սահմանը պաշտպանելիս զոհվել կամ վիրավորվել է մեզ, մեր ծնողի, մեր զավակի, մեր հարազատների համար, ու մենք պարտք ունենք նրա զավակի, ծնողի, կնոջ ու հարազատների հանդեպ: Այս միտքը ինքնաբերաբար կծնի մեկ ուրիշ միտք՝ արդյոք մեզ, մեր կյանքը, մեր ապրելու իրավունքը, մեր բարեկեցությունն ու մեր խաղաղ առօրյան սեփական կյանքի ու առողջության գնով պաշտպանած զինծառայողի հանդեպ մեր պարտքը ավարտվում է 1000 դրամ նվիրաբերելո՞վ: Պատասխանը չի կարող չլինել միանշանակ՝ իհարկե, չի ավարտվում, թեկուզ այն պատճառով, որ վաղը հենց մեր հարազատներից որևէ մեկը կարող է զոհվել կամ վիրավորվել հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Ու որպեսզի մենք ավելի քիչ զոհեր ունենանք սահմանին, անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցներով ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու բարձրացնել բանակի մարտունակությունը: Որպեսզի մեր որդիներն ապրեն ավելի պաշտպանված հայրենիքում, եւ մեր ծնողներն ավելի խաղաղ ու անհոգ ծերություն ունենան: Ու որպեսզի մենք ապագայում կարողանանք եթե ոչ առանց կորուստների, ապա գոնե նվազագույն կորուստներով պաշտպանել Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, անհրաժեշտ է վերանայել անձնական ու ազգային շահի հարաբերակցության խնդիրը ոչ թե այդ երկուսը հակադրելով իրար, այլ համարելով փոխպայմանավորված երևույթներ՝ մեր ամենօրյա գործունեության մեջ ամրագրելով հանուն ամուր պետականության ու հզոր բանակի գործելու կենսաձևը: Ավելի պարզ ու մատչելի ասած՝ ուսուցիչը պիտի ավելի մեծ նվիրումով գիտելիք ու բարոյականություն սերմանի իր աշակերտի հոգում, եթե անգամ իր աշխատավարձի չափը չի համատասխանում իր կատարած աշխատանքին, հեռուստաընկերությունները պիտի ավելի մեծ եռանդով քարոզեն ազգային մշակույթը, եթե անգամ դա չի արդարացնում իրենց կոմերցիոն ակնկալիքները, գրողները պիտի ավելի մեծ սիրով բարձրացնեն հայրենիքի պաշտպանի ու բանակի կերպարը իրենց ստեղծագործություններում, ռեժիսորները մասնագիտական պարտքի գիտակցումով պիտի ֆիլմեր նկարեն ոչ թե քրեական հեղինակությունների, այլ թշնամու դեմ պայքարում սխրանք գործած զինվորի մասին՝ սահմանելով ուժի ու հերոսության չափանիշներ գեղարվեստի միջոցով, պատկան մարմինները պիտի փողոցներ անվանակոչեն ոչ թե ռաբիսի արքաների, այլ մեր ժողովրդի ու մեր զինվորի ոգին ռազմահայրենասիրական երգերով զինած կոմպոզիտորների անուններով, ի վերջո՝ լրագրողը պիտի ազնիվ ու անշահախնդիր լինի, գործարարը պիտի չթաքցնի իր եկամուտները, բարեխղճորեն վճարի հարկերը՝ չգողանա ծերերի թոշակը, ուսուցչի աշխատավարձը, պետական պաշտոնյան պիտի ազնիվ վաստակով ապրի, որպեսզի յուրաքանչյուր շքեղ առանձնատուն չդիտվի որպես գողության ու թալանի խորհրդանիշ՝ խորացնելով պառակտումն ու անհանդուրժողականությունը այն հասարակության ներսում, որը պատերազմի մեջ է, որի ներուժի յուրաքանչյուր կաթիլը կենսական նշանակություն ունի ազգի ու պետության համար…Այս շարքը կարելի է երկար թվարկել՝ հիշատակելով բոլոր ոլորտներն ու հասարակական շերտերը:

Օրինաչափորեն կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ է հենց պաշտպանության նախարարը բարձրացնում համազգային հնչեղության այս խնդիրը: Պատասխանը շատ պարզ է՝ պաշտպանության նախարարը ղեկավարում է մի կառույց, որին այս կամ այն չափով առնչվում է ամբողջ ազգը, ամբողջ հասարակությունը: Կա՞ մեկը, որը բանակում հարազատ չունենա՝ սպա կամ զինվոր, կա՞ մեկը, անկախ սոցիալական դիրքից, մտավոր կարողություններից, պաշտոնից, որին չհուզի հայրենիքի սահմանների պաշտպանության խնդիրը: Կա՞ մեկը, որը չհասկանա՝ եթե երկրի ներսում կարող են լինել շահողներ ու կորցնողներ, ապա սահմանին մենք հաղթելու ենք միասին կամ պարտվելու ենք միասին: Ահա թե ինչու պաշտպանության նախարարը ազգի համախմբման գաղափարի առանցք է դիտում երկրի անվտանգության ու պաշտպանունակության հույժ կարևոր խնդիրը, ու Ազգ-բանակ հայեցակարգը առաջարկվում է հենց պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից:

Մենք հասել ենք մի հանգրվանի, որից հետո կամ պիտի մնանք կեսճանապարհին, կամ պիտի գնանք սեփական սխալներն ու բացթողումները շտկելու ճանապարհով՝ աստիճանաբար դառնալով հզոր հայրենիքի գաղափարական առանցքի շուրջ համախմբված ազգ՝ Ազգ-բանակ, որի քաղաքացին 1000 դրամ է նվիրում իր հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողի ընտանիքին ու վիրավորներին՝ ինքնակամ, սեփական խղճի թելադրանքով, պարտքի գիտակցումով, որի պաշտոնյան կաշառք չի վերցնում՝ ոչ թե դրա իրավական հետևանքներից վախենալով, այլ երկիրը թուլացնելու հեռանկարից խուսափելով ու սեփական պատվի և արժանապատվության թելադրանքով, որտեղ բանակից խուսափելը բացառվում է, քանի որ այդ հանցանքը, քրեական հետապնդումից բացի, հասարակական խիստ պարսավանք ու ուժեղ հակազդեցություն է առաջացնում, որտեղ զարտուղի ճանապարհով հարստացողը գող է կոչվում, ոչ թե ճարպիկ, որտեղ հասարակությունն ունի իր ամուր բարոյական արժեհամակարգը, և առաջին հերթին առաքինության չգրված օրենքներն են հուշում մտածելակերպի ու վարքի չափանիշներ եւ ավելի մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության ու կենսակերպի վրա, քան զանազան օրենսգրքերը… Կարծեմ, ոչ մի օրենք չկա, որը պատասխանատվության ենթարկի անաշխատունակ ծնողին չխնամող զավակին, բայց մենք սիրում ու պատվում ենք մեր ծնողներին, մեր վաստակից բաժին ենք հանում նրանց: Չկա օրենք, որը քրեական պատասխանատվության ենթարկի իր զավակից հրաժարվող ծնողին, բայց մենք ամենածանր զրկանքների գնով անգամ անհոգ մանկություն ենք ապահովում մեր երեխաներին: Չկա օրենք, որը մեզ պատժի մուրացկանի՝ մեր խղճին պարզած ափը դատարկ թողնելու համար, մեր անօգնական հարևանին չխնամելու համար, բայց գործում է մեր խղճի օրենքը, մեր ներքին բարոյական սահմանադրությունը՝ ամրագրված հայ հասարակության բարոյախոսությամբ, ըստ որի՝ պարտքը ծնողների ու զավակների հանդեպ, գթասրտությունը բարձր արժեքներ են:

Ես շատ լավ եմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ թալանածը հետ բերեք, կամ թերահավատ են՝ իրենց տված գումարը կգտնի՞ ճիշտ հասցեատիրոջը: Եթե կան կասկածողներ, ուրեմն՝ պատճառ ունեն կասկածելու: Ազգ-բանակ կոնցեպցիան նաև այդ կասկածը ցրելու ու վստահության երաշխիքներ ձևավորելու նախադրյալ է: Որովհետև զուգակցվելու է անվստահություն ծնող երևույթների վերացմանը միտված գործողություններով՝ իրավական գնահատական տալով բանակում կատարվող յուրաքանչյուր հանցանքի ու զանցանքի, ամրագրելով պատժի անխուսափելիության գաղափարը, միևնույն ժամանակ՝ բարոյական դաշտում ամրագրելով արատավոր երևույթները մերժող մթնոլորտ…

Ազգ-բանակ գաղափարը յուրաքանչյուրիս համար է: Այդ գործընթացում ամեն մեկս ունի անելիքների ու պարտականությունների իր բաժինը՝ սկսած երկրի նախագահից մինչև ամենասովորական քաղաքացին ու արտերկրում բնակվող հայը: Իսկ կենտրոնում Հայրենիքի պաշտպանության գաղափարն է: Ես ի՞նչ եմ արել հայրենիքի պաշտպանության համար, ի՞նչ կարող եմ անել…Ես ի՞նչ պարտականություն ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու և Հայաստանից դուրս բնակվող իմ հայրենակցի հանդեպ….Այս հարցերը կծնվեն միայն այն ժամանակ, երբ բոլորիս՝ հարուստի, աղքատի, պաշտոնավորի, գործազուրկի, պատգամավորի, վարորդի գիտակցության մեջ ամրագրվի մենք-ի գաղափարը, ընդհանուր երկրի, ուրեմն և՝ համազգային – նույնական շահի գաղափարը, որի բարձրակետը հայրենիքի պաշտպանությունն է: Արժեք, որին պիտի ստորադասվի ամեն ինչ, որին խոչընդոտող բոլոր մանր ու մեծ գործոնները պիտի հիմնավորապես վերացվեն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


23/11/2016