Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ



ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆՍահմանամերձ Բերդավան գյուղում եմ: Կտրվել եմ քաղաքի աղմուկից, փոշուց, վայելում եմ Նոյեմբերյանի դրախտային բնությունը: Գյուղամիջում տարեց մարդիկ զրուցում են, քննարկում  աշխարհի մեծ ու փոքր հոգսերը, հետն էլ վայելում աշնան մարող արեւի շողերի ջերմությունը: Գյուղում խաղաղ է, միայն տների պատերին նշմարվող բեկորների հետքերն են վկայում, որ պատերազմը չի ավարտվել, որ հրադադարը պատրանք է միայն… Հակառակորդը ինչ տրամաչափի զինատեսակից ասես չի կրակել: Հրետակոծությունից փշրված ապակիները, վնասված կտուրները վերականգնվել են, անդառնալին միայն մարդկային կորուստներն են…

Բերդավանցիներն էլ մեր մյուս սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պես բազմաթիվ օրհասական պահեր են ապրել, բայց այսօր էլ ամուր կանգնած են իրենց նախնիների հողին, ու գյուղի դպրոցում մեր հայերենը հնչում է աղոթքի պես սուրբ, զենքի պես հատու, իսկ մանկապարտեզում երեխաների անհոգ ու զուլալ ծիծաղն աշխարհ է բռնում…

Գյուղն ունի երաժշտական դպրոց, մշակույթի տուն, նաեւ պարի խումբ, որի փոքրիկ պարուհիները վերջերս հանրապետական մրցույթում պատվավոր տեղ են զբաղեցրել:

Գյուղն ապրում է իր առօրյա կյանքով` հակառակորդի նշանառության տակ` պատերազմի եւ խաղաղության սահմանագծին: Ցանում են, հնձում, հող մշակում կրակոցների տեղատարափի տակ, եւ այստեղ ամեն տուն, ամեն մարդ սահմանապահ է:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ-Մեր մեծերը ժամանակին ասում էին` թուրքերը մեզնից միշտ էլ վախեցել են: Եղանով, մի քանի ավտոմատով մերոնք կռվել են, մի մետր հող թշնամուն չեն տվել: Չենք տվել ու չենք տալու,-ասում է Բերդավանի վարչական ներկայացուցիչ Սմբատ Մուղդուսյանը: Այս հողը սուրբ է, թանկ: Այստեղ մեր ծնողների շիրիմներն են, ու մենք չենք թողնի, որ թուրքը մտնի մեր հողը…

Սմբատ Մուղդուսյանը վերջերս է ընտրվել այս պաշտոնում, նրա ամեն խոսքից զգացվում է գյուղի հոգսուցավով ապրող մարդու մտահոգությունը: Գյուղի ամենափոքրիկ հաջողությունից անգամ ոգեւորվում է:

-Ջրի, լույսի, գազաֆիկացման խնդիրներն արդեն լուծված են, սակայն մտահոգիչ դեռ շատ բան կա` ճանապարհների անբարեկարգ վիճակը, գյուղտեխնիկայի պակասը, ոռոգման ջրի սակավությունը…

Ս. Մուղդուսյանը անչափ կարեւորում է գյուղի երիտասարդների՝ հայրենի բնօրրանից չհեռանալու հարցը` հարկ է աշխատատեղեր ստեղծել,  լուծել նրանց զբաղվածության խնդիրը…

-Բերդավանցի երիտասարդները աչքի են ընկնում եւ՛ սովորելով ¥կրթական մակարդակով մարզի առաջատարներից են), եւ՛ բարեխիղճ ծառայությամբ: Տղաներ ունենք, որոնք փոքր տարիքում ծնողների հետ տեղափոխվել են Ռուսաստան, ու երբ զորակոչվելու ժամանակը եկել է, վերադարձել են հայրենիք: Զորամասերից բազմաթիվ շնորհակալական նամակներ են եկել պարտադիր ժամկետային ծառայություն անցնող բերդավանցի երիտասարդների ծնողներին,-նշում է Սմբատ Մուղդուսյանը:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆՍահմանամերձ գյուղերի բնակիչները առանձնահատուկ սեր եւ հարգանք ունեն զինվորի հանդեպ, զինվորը իրենց խաղաղ կյանքի երաշխավորն է: Նոր տարվա շեմին գյուղի ժողովուրդը միշտ էլ իր այգու բարիքներից ուղարկում է դիրքերում կանգնած զինվորներին: Դպրոցի աշակերտներն էլ ապրիլյան դեպքերից հետո ծանրոցներ ուղարկեցին տարբեր զորամասեր:

Մոտենում է Ամանորը: Սմբատ Մուղդուսյանի նախաձեռնությամբ, գյուղացիները ծանրոցներ են պատրաստելու եւ տանելու այն զորամասեր, որտեղ ծառայում են իրենց գյուղից զորակոչված զինվորները:

-Զինվորը պետք է զգա թիկունքի ուշադրությունն ու ջերմությունը,-շեշտում է Սմբատ Մուղդուսյանը: -Այդ սերը օգնում է զինվորին ավելի նվիրումով ծառայել: Նա գիտակցում է, որ թիկունքում բոլորն էլ հարազատ են` իր հոգսերով, տագնապներով, իր հաջողություններով ապրող:

Ամուր թիկունքը բազմապատկում է զինվորի ուժը` բանակի ուժը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Բանակ և հասարակություն


23/11/2016