Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՈՒ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ



ԻՆՉՈՒ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸՕրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն տվեց Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (ԶՄԽ) մասին Հայաստանի հետ համաձայնագրին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը եւ ԱԳՆ-ին հանձնարարված է համատեղ բանակցություններ վարել հայկական կողմի հետ, ապա եւ համաձայնության հասնելուն պես ստորագրել նշված համաձայնագիրը: Այն նախատեսում է երկու երկրների զորքերի միացյալ (համատեղ) խմբավորման համար պաշտպանության եւ անվտանգության ընդհանուր տարածքի ձեւավորում` վերաբերելով ուժային հատվածին, սահմանապահ, մաքսային կառույցներին: Այնուամենայնիվ, սա վերաբերում է երկու երկրների գործողությունների, ընդհուպ մինչեւ պաշտպանական ներուժի համաձուլմանը:

Ամռանը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ՀՕՊ-ՀՀՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր կնքելուց հետո ԶՄԽ-ի ստեղծումը երկրորդ տրամաբանական քայլն է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման ուղղությամբ, իհարկե ՀԱՊԿ-ի ձեւաչափով: Պետք է ենթադրել, որ այդ փաստաթղթերի մշակումը նոր չի սկսվել, բայց այն, որ դրանք շրջանառության մեջ դնելը եւ ստորագրելը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա արյունալի պատերազմից հետո, ամենեւին էլ խորհրդանշական քայլի տպավորություն չի թողնում: Այնպես ստացվեց, որ Հայաստանի հետ ԶՄԽ-ի մասին հրամանը Պուտինն ստորագրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Լելեթեփեում կատարած հայտարարարությունից անմիջապես հետո` «զավթիչ պետությունը (նկատի ունի Հայաստանը – Ս. Տ.) հույսը թող չդնի օտար ուժի վրա»:

ԶՄԽ-ի գլխավոր նպատակը Ռուսաստանի կամ Հայաստանի վրա զինված հարձակման կանխարգելումը, ինչպես նաեւ հարավում պետական սահմանի պաշտպանությունն է: Հայաստանի տարածքից 200-300 կիլոմետր դեպի հարավ ծավալվում են մարտական գործողություներ: Ավելի հյուսիս` Վրաստանում, պարբերաբար անցկացվում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների բրյուսելյան հանդիպումը՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է. «Վրաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի ասպիրանտ պետություն, պաշտպանում է եվրաատլանտյան ընդհանուր անվտանգության ուժեղացմանն ուղղված դաշինքի ջանքերը»: Առավել եւս, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2017 թվականին ՆԱՏՕ-ի անդամ պետություններից վեցը` Կանադան, Գերմանիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը միանալու են Սեւ ծովում դաշինքի գործիքակազմի ուժեղացման ծրագրին:

Ստացվում է, որ ՀԱՊԿ-ը Անդրկովկասում անմիջական հակամարտության ուղեծրի վրա է` Հյուսիսատլանտյան դաշինքի, որը, ինչպես գրում է ամերիկյան The Washington Post թերթը, «վախենում է Եվրասիայի խորքերը Ռուսաստանի ներթափանցումից եւ դեպի Մերձավոր Արեւելք ուղիղ միջանցքի ստեղծումից»: Ռուսաստանի ԱԳՆ-ն բազմիցս զգուշացրել է, որ «Վրաստանի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը կբարձրացնի լարվածության աստիճանը»: Վերջապես, Հայաստանի հարավ-արեւելքում երկար տարիներ չի մարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը մի կողմից Ադրբեջանին թույլ չի տալիս կտրելու Ռուսաստանին կապող բոլոր թելերը, մյուս կողմից սպառնալիք է Հայաստանի հետ նոր պատերազմ սանձազերծելու եւ հակամարտությունն իր օգտին լուծելու ուժային սցենարին: Այդ իսկ պատճառով Անդրկովկասը ասես միաձուլվում է Մերձավոր Արեւելքի հետ: Աշխարհաքաղաքական առումով Ադրբեջանը խցանված է, եւ եթե Վրաստանում ներքաղաքական անկայունության գործընթաց սկսվի, այն կզրկվի իր էներգապաշարները արտաքին շուկաներ արտահանելու հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղը ճեղքել անցնելը, առավել եւս ԶՄԽ-ի հայտնվելուց հետո, շատ դժվար կլինի, այն դեպքում, որ Թուրքիայի պես ռազմավարական գործընկերն ինքը ոչ շահեկան վիճակում է եւ հազիվ թե կարողանա Ադրբեջանի հետ իրապես ռազմական դաշինքի մաս կազմել: Ռուս որոշ փորձագետներ կարծում են, որ ԶՄԽ-ի ստեղծումը նախ կմեծացնի Հայաստանի պաշտպանունակությունը արտաքին ագրեսիայի դեպքում, քանի որ այդ երկրի զինված ուժերին կտա ռուսաստանյան կողմի պաշարներից օգտվելու հնարավորություն, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկտրվի Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական ենթատեքստից, ձեռք կբերի հետխորհրդային տարածքի ներքին հակամարտության նախկին կարգավիճակը: Հետեւաբար, այս ամենի ընկալումը նյարդայնացնում է Բաքվին:

Այսպես, Baku Network փորձագիտական խորհրդի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Էլհան Ալեսքերովը կարծում է, որ «այն ժամանակահատվածում, երբ խաղաղարար գործընթաց է ընթանում, Ռուսաստանի` Հայաստանի հետ ՀՕՊ միացյալ համակարգի եւ հարավային ուղղությամբ միացյալ զորախմբավորման ստեղծումը կարող է դիտվել որպես Ադրբեջանի նկատմամբ թշնամական գործողություն»: Փորձագետը նաեւ նշում է, որ դրանից կարող են օգտվել «երրորդ երկրի ուժերը», որոնք «ցանկանում են ներդրվել տարածաշրջանում եւ ուժեղացնել իրենց ազդեցությունը` փոխելով ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում»: Նաեւ կարծում է, որ «Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի հետ սահմանին այդպիսի խմբավորման ստեղծումը աննպատակահարմար է նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից», քանի որ «բոլոր երեք պետությունների հետ Ռուսաստանն այսօր պահպանում է կանոնավոր ռազմավարական հարաբերություններ»: Իրոք, Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ունի Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի հետ: Ուստի ԶՄԽ-ի ստեղծումն ուղղված չէ նրանց դեմ: Ընդհակառակը` կայունացնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Ալեսքերովը ենթադրում է, որ «ԶՄԽ-ի ստեղծումը կարող է օգնել Հայաստանին ազատված ռազմական ներուժն ուղղելու Լեռնային Ղարաբաղ` գրոհի անցնելու հույսով»:

Իսկ Երեւանի կամ Ստեփանակերտի ինչի՞ն է պետք պատերազմ հրահրելը: Այլ հարց է, որ դա կարող է շեղել Բաքվի ուշադրությունը հակամարտության կարգավորման ուժային եղանակից եւ խթանել քաղաքական-դիվանագիտական լուծման որոնումը, ինչի շուրջ բազմիցս կոչ են արել ինչպես Մոսկվան, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող պետությունները: Մինչդեռ, ինչպես հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, հենց Բաքուն չի ցանկանում Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների ծիրում բանակցությունների վերսկսումը` առաջնային դիրք մղելով հակամարտության կարգավորման ընդհանուր դրույթները:

Մի կարեւոր նրբերանգ: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիավուշ Նովրուզովը եզրահանգում է անում, համաձայն որի՝ «Եթե Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հակամարտող կողմերից մեկի հետ ստեղծում է զորքերի միացյալ խմբավորում, հավասարակշռությունն ամբողջովին խախտվում է, ինչը, իր հերթին, տարածաշրջանի համար վտանգ է ստեղծում»: Ապրիլյան մարտերից հետո Վիեննայի եւ Պետերբուրգի համաձայնագրերում շեշտվում է զինադադարի պահպանման անհրաժեշտությունը 1994 թվականին ստորագրված փաստաթղթի հիման վրա, որի տակ Բաքվի ու Երեւանի ստորագրությունների կողքին կա նաեւ Ստեփանակերտի` հակամարտ կողմերից մեկի ստորագրությունը:

Բանակցային գործընթացը միայն Բաքու-Երեւան երկխոսության ձեւաչափով անցկացնելը հակամարտության կարգավորմանը խոչընդոտող հանգամանքներից մեկն է:

Ռուսաստանն Անդրկովկասում ստիպված է երկարաժամկետ մարտավարություն իրականացնել` հասկանալով, որ նմանատիպ հակամարտությունների կարգավորումը կարող է եւ պետք է տեղավորվի միայն Անդրկովկասի աշխարհաքաղաքական ապագա ուրվապատկերում` առանց Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ լարվածության:

 

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ

Regnum

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Ռազմաքաղաքական


23/11/2016