Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ՝ ՀՕՊ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ



ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ՝ ՀՕՊ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆՄեր պատմության բոլոր վճռական գոյամարտերում մարտական դրոշը հայ ռազմիկի համար յուրօրինակ ոգեշնչման աղբյուր է եղել եւ քաջալերել ու հերոսության է մղել նրան: Մարտական դրոշը զինվորական պատվի, արիության և փառքի խորհրդանիշն է: Եվ հենց այդ համատեքստում հասկանալի էր այն ոգևորությունն ու բարձր տոնական տրամադրությունը, որ հոկտեմբերի 28-ին տիրում էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ուսումնական ստորաբաժանումում: Այդ օրը ՀՀ նախագահի պահպանագրով կենտրոնն արժանացավ մարտական դրոշի:

Զորամասի շարահրապարակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը հանդիսավորապես ստորաբաժանման  հրամանատար, փոխգնդապետ Գոռ Նազարեթյանին հանձնեց մարտական դրոշը: Արարողությանը ներկա էին նաև ԶՈՒ ՀՕՊ վարչության ղեկավար կազմը, մարզի Երկրապահ կամավորականների միության անդամները:  Այնուհետև Ստեփան Գալստյանն ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահպանագիրը. «Մարտական դրոշը հանձնվում է ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության մասնագետների պատրաստման ուսումնական կենտրոնին՝ որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ, որպես հիշեցում ուսումնական կենտրոնի յուրաքանչյուր  կուրսանտին իր սրբազան պարտքի՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար եւ հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը  թշնամուց պաշտպանելու մասին՝ չխնայելով արյունը եւ նույնիսկ կյանքը»:

Ուսումնական ստորաբաժանման հրամանատար, փոխգնդապետ Գոռ Նազարեթյանը, շնորհակալություն հայտնելով բարձր վստահության համար, իր ելույթում մասնավորապես նշեց. «Մենք՝ ուսումնական կենտրոնի ողջ անձնակազմը, քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի մեծ պատիվ է մարտական դրոշի արժանանալը: Ուստի, համոզված եմ, որ նրա մշտական առկայությունը մեր ստորաբաժանումում է՛լ ավելի ուժ ու եռանդ կհաղորդի մեզ՝ հակաօդային պաշտպանության մասնագետների պատրաստության պատասխանատու ու պատվաբեր գործում: Խոստանում եմ մարտական դրոշն ընդունել որպես փառքի բացարձակ արժեք և պահպանել սրբությամբ»:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը, որի ընթացքում մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին  «ԵԿՄ-25» մեդալներով և հուշամեդալներով:

Մարտական դրոշն այսուհետ պահվելու է զորամասում վերջինիս գոյության ամբողջ ընթացքում` անկախ զորամասի անվան և համարի փոփոխությունից: Մարտի դաշտում կամ մարտական գործողությունների շրջանում զորամասի ամբողջ անձնակազմը պարտավոր է արիաբար պաշտպանել իր ստորաբաժանմանը ի պահ տրված դրոշը և թույլ չտալ թշնամու կողմից դրա զավթումը:

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ՝ ՀՕՊ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆՍՏԵՓԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ,

գեներալ-լեյտենանտ

ԶՈՒ ցանկացած ստորաբաժանման կենսագրության կարևորագույն դրվագներից մեկը մարտական դրոշի հանձնման օրն է: ՀՕՊ ուսումնական կենտրոնն այդ պատվին արժանացել է երկար տարիների ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Եվ այսօր ես հպարտ եմ ստորաբաժանման ղեկավար կազմին փոխանցելու վաստակած մարտական դրոշը: Վստահ եմ, որ ուսումնական կենտրոնի անձնակազմն այսուհետ է՛լ ավելի մեծ եռանդով կլծվի ՀՕՊ մասնագետների պատրաստման գործին՝ բարձրացնելով զորատեսակի մարտունակությունը: Ապրիլյան մարտական գործողությունների բազմակողմանի վերլուծությունը վեր հանեց ՀՕՊ զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանը, և սրանում ակնհայտորեն իր լուման ունի նաև ՀՕՊ ուսումնական կենտրոնը: Սրտանց շնորհավորում եմ ամբողջ անձնակազմին այս հիշարժան օրվա առթիվ և ակնկալում եմ նորանոր հաջողություններ:

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ՝ ՀՕՊ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՀ  ԶՈՒ  ՀՕՊ  զորքերի պետի տեղակալ-վարչության

պետի տեղակալ, գնդապետ

Այսօր մեր հակաօդային պաշտպանության մասնագետների պատրաստության ուսումնական կենտրոնում նշանակալի տոն է. զորամասը մարտական  դրոշ ստացավ: 1996 թվականին, երբ ստեղծվեց այս կենտրոնը, հակաօդային պաշտպանության զորքերը որակյալ մասնագետներով համալրելու անհրաժեշտություն կար: Հակաօդային պաշտպանության որակյալ մասնագետների պատրաստումը դժվարին և պատասխանատու գործ է, եւ այն իրականացվում է հենց այս ստորաբաժանման ջանքերով, ինչն էլ գնահատվեց ըստ արժանվույն՝ հանրապետության նախագահի պահպանագրով արժանանալով մարտական դրոշ կրելու իրավունքին: Այս առիթով ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս՝ առաջին հերթին մեր զինվորներին, կուրսանտներին, սպայակազմին, կենտրոնի ամբողջ զինանձնակազմին՝ նման մեծ պատվի արժանանալու համար:

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԴՐՈՇ՝ ՀՕՊ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆՎԱՐԴԱՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ստորաբաժանման  հրամանատարի

ԱՀՏԱ  գծով տեղակալ, փոխգնդապետ

Որպես հաղթանակած բանակի սպա՝ ուզում եմ շնորհավորել մեր զորամասի բոլոր զինծառայողներին մարտական դրոշի հանձնման կապակցությամբ. դրոշ, որ փառքի, արիության և մեծ վստահության խորհրդանիշն է: Ինքս այսօր մեծ պատասխանատվության զգացում եմ ապրում մարտական դրոշը մեր ստորաբաժանման հարկի տակ ընդունելու առիթով, քանի որ այն այսուհետ գտնվելու է մեր ստորաբաժանման մշտական տեղակայման վայրում, ամեն օր է՛լ ավելի զգոն և սթափ է պահելու բոլորիս: Մեծ հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիս:

 

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #43 (1163) 02.11.2016 - 08.11.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


02/11/2016