Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ



Ազգային բանակում ավարտին է մոտենում ուսումնական տարին։ Զորամասերում ամփոփիչ քննություններից առաջ մեկ անգամ եւս ստուգվում-ճշտվում են ստորաբաժանումների եւ զինվորների հնարավորությունները։ Ուսուցանվող առարկաների թվում կարեւոր է հատկապես կրակային պատրաստությունը, որի արդյունքը վճռորոշ է ստորաբաժանումների մարտունակության սահմանման հարցում։ Մեր բոլոր զորամասերն ունեն իրենց ուսումնական բազան, եւ յուրաքանչյուր ստորաբաժանում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ գործնական պարապմունք կատարելու հնարավորություն ունի։
Գնդապետ Բ. Ջանվելյանի հրամանատարությամբ գործող զորամասի կրակադաշտի օպերատորներն այս օրերին գործում են առանց հանգստի։ Վաղ առավոտից սկսվող հրաձգությունը հաճախ շարունակվում է մինչեւ կեսգիշեր։ Կրակում են զինվորները, սպաները, զորամիավորման վարչակազմը, տեղի թիկունքային զորամասերի զինծառայողները։ Մենք հետեւեցինք զորամասի լավագույն՝ փոխգնդապետ Վ. Կրոյանի գումարտակի ծանր զենքի եւ ականանետային դասակների, ինչպես նաեւ կապիտան Հայկ Մուրադյանի հրամանատարությամբ գործող վաշտի զինվորների հրաձգությանը։ Երկրորդ ստուգողական վարժության պարապմունքը վերահսկում էին զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Գ. Առաքելյանը եւ զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա. Հակոբյանը։ Արդյունքների գրանցման թերթիկում անբավարար գնահատականներ չկային։
-Թույլ զինվորներ շատ չունենք եւ աշխատում ենք, որ «բավարար» ստացողների թիվը պակասի,- ասաց գնդապետ Գ. Առաքելյանը։
Մինչ գրանցման թերթիկում ավելանում էին նիշերն ու գնահատականները, մենք արտագրեցինք «գերազանց» ստացողների անուն-ազգանունները՝ կրտսեր սերժանտներ Հովհաննես Դավթյան, Վարդգես Արշակյան, շարքայիններ Արթուր Անտաշյան, Գեւորգ Վարդանյան, Գնել Պապիկյան, Հայկ Եղիազարյան, Արթուր Տոմեյան, Լեւոն Մագթաղյան։ Եվ ինչպես քիչ անց պարզեցինք, տղաների մի մասը ծանր զենքի դասակից էր։ Հրամանատար ավագ լեյտենանտ Սեյրան Սիմոնյանի տրամադրությունը բարձր էր։
-Իմ տղաները ոչ միայն ինքնաձիգից են լավ կրակում, այլ նաեւ իրենց հիմնական զենքից,- ասաց նա եւ ներկայացրեց կրտսեր սերժանտ Հ. Դավթյանին, շարքայիններ Հ. Եղիազարյանին, Վ. Արշակյանին, Ա. Անտաշյանին եւ Ա. Տոմեյանին։
Առանձնազրույցի ընթացքում զինվորները մանրամասն ներկայացրին դասակի սպառազինությունը, պարզաբանեցին իրենց զենքերի հնարավորությունները։
***
Վարժության կատարման հերթը հակատանկային դասակի զինվորներինն էր։ Ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Վահան Թովմասյանը, կրակելով առաջինը, տապալեց բոլոր թիրախները։
-Արդեն տասնութ ամսվա ծառայող եմ,- ասաց նա զրույցի ընթացքում։ -Սովորաբար կրակելիս սխալներ են թույլ տալիս եւ ցածր գնահատականներ են ստանում նորակոչիկները, երիտասարդ զինվորները, բայց նրանց մեջ էլ են լինում զենքին շատ լավ տիրապետողներ։ Լավ են կրակում ուսումնական զորամասերից եկածները։ Ես միանգամից այստեղ եմ զորակոչվել, մեկ տարի ծառայելուց հետո նշանակվել եմ ջոկի հրամանատար։ Ծառայությունս շատ լավ է անցնում, հունիսի կեսերին կզորացրվեմ, իսկ սեպտեմբերից կգնամ դասի։
Վահանը ուսանող է, բանակ է եկել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսն ավարտելուց հետո։
Նույն դասակից հաջողությամբ կրակեցին կրտսեր սերժանտներ Ռաֆիկ Մելքոնյանը, Հայկ Բաղյանը, շարքայիններ Գրիգոր Սարգսյանը, Գեւորգ Ռաֆայելյանը, որոնց հետ էլ նախ զրուցեցինք մասնագիտական՝ հակատանկային զենքերի շուրջ։ Նրանք, միմյանց լրացնելով, լիարժեք ներկայացրին իրենց զենքերի հնարավորությունները եւ օգտագործման կարգը։ Պարզվեց, որ բոլորն էլ կրթված, բանիմաց տղաներ են։ Գեւորգը եւ Հայկը ագրարային համալսարանի ուսանողներ են, Գրիգորը սովորում է բժշկական քոլեջի դեղագիտության բաժնում, իսկ Ռաֆիկը, որ ընտանեկան խնդիրների պատճառով դուրս է եկել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից, ասաց, որ այժմ խնդիրները լուծվել են, եւ ինքը զորացրվելուց հետո կրկին կփորձի շարունակել ուսումը ռազմական հաստատությունում։
Հրաձգության հերթը կապիտան Հայկ Մուրադյանի մոտոհրաձգային վաշտինն էր։
-Ձմեռային-գարնանային ուսումնական փուլի ավարտական քննություններից վաշտը «լավ» գնահատական է ստացել, ձգտելու ենք տարեվերջյան քննությունների ժամանակ նույնպես բարձր արդյունք ցույց տալ,- ասաց կապիտանը։
Առաջինը կրակեցին կրտսեր սերժանտ Արթուր Վարդանյանի ջոկի տղաները։ Արդյունքը գոհացուցիչ էր, բայց սերժանտ Սերյոժա Սիմոնյանի ջոկի տղաները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ «Գերազանց» գնահատականներ ստացան ջոկի հրամանատարը եւ շարքայիններ Մասիս Աղաջանյանը, Արամ Գրիգորյանը եւ Արմեն Վարդանյանը։
-Կեցցեն զինվորներս, ինձնից լավ կրակեցին, նրանք մշտապես «գերազանց» են ստանում,- անկեղծորեն խոստովանեց սերժանտ Ս. Սիմոնյանը։
Այնուհետեւ վաշտի հրամանատարը ներկայացրեց վարչակազմի ՀՄՄ-ի նշանառու օպերատոր շարքային Կարեն Մարտիրոսյանին։
-Գերազանց կրակող է, օրինակելի զինվոր եւ հրաշալի մարդ,- ասաց կապիտան Հ. Մուրադյանը։
-Երեւանից եմ, սովորել եմ N 181 միջնակարգ դպրոցում, որն էլ ավարտելուց հետո ընդունվել եմ Եվրոպական ակադեմիայի ծրագրավորման ֆակուլտետ։ Մեկ տարի սովորելուց հետո զորակոչվեցի բանակ՝ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամաս, որտեղ էլ ձեռք բերեցի ՀՄՄ-ի նշանառու-օպերատորի մասնագիտությունը։ Տեղափոխվելով այստեղ՝ մասնակցեցի զորավարժության, որի ժամանակ էլ շատ քիչ արկերով խոցեցի բոլոր թիրախները եւ նշանակվեցի վարչակազմի ՀՄՄ-ի նշանառու-օպերատոր։ Ծառայությունս մոտենում է ավարտին, եւ շուտով կզորացրվեմ, բայց ես ինձ միշտ զինվոր եմ զգալու, որովհետեւ իմ կարծիքով յուրաքանչյուր հայ մարդ եւ բոլոր նրանք, ովքեր ապրում են Հայաստանում եւ Հայաստանն իրենց հայրենիքն են համարում, պարտավոր են միշտ պատրաստ լինել զինվորագրվելու հայրենիքին։ Միայն այսպես մենք կկարողանանք դիմակայել ժամանակի փորձություններին եւ տեր կանգնել մեր իրավունքներին,- ասաց Կարենը։
***
Հրաձգությունը շարունակվում էր։ Դադարներից մեկի ժամանակ շարունակեցինք զրույցը կապիտան Հ. Մուրադյանի հետ։
-Մեր գումարտակի կազմում է ընդգրկված զորամասի լավագույն վաշտը, որը հոկտեմբեր ամսին մասնակցեց ՀԱՊԿ զինված ուժերի «Փոխգործակցություն-2010» զորավարժությանը եւ մեծ հաջողություն ունեցավ։ Զորքերի ծառայության ոլորտում մեր անցկացրած ստուգումների ժամանակ գրանցվել են բարձր արդյունքներ։ Օրերս հայտարարվեց մարտական տագնապ եւ վերկացից մինչեւ նստեցման շրջան բոլոր գործողությունները կատարվեցին ճիշտ եւ ժամանակին։ Անցկացրել ենք նաեւ թեմատիկ՝ «վաշտը հարձակման ժամանակ» մարտական հրաձգությամբ զորավարժություն եւ ստացել «լավ» գնահատական։ Այս բոլոր միջոցառումները եւ ամենօրյա պարապմունքները ցույց են տալիս, որ վաշտը մարտունակ է, եւ մենք պարտավոր ենք եւ կարող ենք ուսումնական տարին եզրափակել բարձր գնահատականով։
Ստուգողական վարժության կատարումը շարունակվում էր։ Գնահատման թերթիկում ավելանում էին «գերազանց» գնահատականները։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #46 (861) 24.11.2010 - 1.12.2010, Ազգային բանակ


08/12/2010