Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԵԿԵՔ ՀԱՂԹԵՆՔ ՄԻԱՍԻՆ»



Հունիսի 20-25-ը «Փոքր Մհեր» կրթահամալիրում տեղի ունեցավ ՀՀ հանրակրթական դպրոցների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների «Կորյուն» ռազմամարզական խաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 11 թիմեր՝ 7-ական մասնակիցներով։

Մրցույթի մասնակիցներն իրենց գիտելիքներն ու հմտություններն էին ցուցադրում հետեւյալ բնագավառներում. ռազմարվեստի պատմություն, շարային եւ կրակային պատրաստություն, համազորային կանոնադրություն, ռազմական տեղագրություն, քաղաքացիական պաշտպանություն, մարտավարություն, ֆիզկուլտուրա։

«Կորյուն» ռազմամարզական խաղի հանրապետական փուլի հաղթողներ ճանաչվեցին Վանաձորի թիվ 6 դպրոցը (1-ին տեղ), Զոլաքարի Ա. Վարդանյանի անվան թիվ 2 դպրոցը (2-րդ տեղ) եւ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցը (3-րդ տեղ)։

Պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների կողմից պատվոգրեր եւ նվերներ հանձնվեցին հաղթողներին, առավել աչքի ընկած մասնակիցներին։

-Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված,- ասում է 1-ին տեղը գրաված դպրոցի զինղեկը՝ ավագ լեյտենանտ Անդրանիկ Սարգսյանը,- մեր թիմի տղաներից մեկը՝ Տիգրանը, այս մրցումների ժամանակ վերջնականապես որոշեց զինվորական դառնալ։

-Երանի մեր բանակում աղջիկներ էլ ծառայեին, առանց վարանելու կգնայինք,- ասում են 2-րդ տեղը գրաված Զոլաքարի N 2 դպրոցի աշակերտուհիներ Ռոզան եւ Արեւիկը:

-Ցանկալի է, որ նմանատիպ միջոցառումները ավանդույթ դառնան: «Ռազմագիտություն» առարկան պետք է կարեւորվի դպրոցներում, մեր բանակին ռազմական գիտելիքներ ունեցող տղաներ են պետք,- նշում է Երեւանի N 139 դպրոցի զինղեկ մայոր Հրաչյա Գրիգորյանը:

Գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը գոհ է արդյունքներից. «Մեր աշակերտները պետք է եւ՛ ուժեղ լինեն, եւ՛ խելացի: Նրանց պետք է ուղղորդել դեպի ճշմարիտ արժեքները, նրանք պետք է ճանաչեն ազգի մեծերին, քաջատեղյակ լինեն մեր մշակույթին եւ պատմությանը: Այսօրինակ միջոցառումները նպաստում են, որ աշակերտներն է՛լ ավելի կատարելագործեն իրենց գիտելիքները, ֆիզիկապես է՛լ ավելի կոփվեն, նախապատրաստվեն զինվորական ծառայությանը»:

Կազմկոմիտեի անդամները եւս գոհ էին արդյունքներից:

Փոխգնդապետ Պերճ Գեւորգյան. N 59 դպրոցի զինղեկ.- «Այս երեխաները վաղվա մեր զինվորներն են: Նրանք տքնաջան աշխատել էին, եւ արդյունքն ակնհայտ էր: Նմանատիպ միջոցառումները կնպաստեն, որ նրանք է՛լ ավելի ընդլայնեն իրենց գիտելիքների պաշարը եւ է՛լ ավելի տոկուն դառնան»:

Գնդապետ Լեռնիկ Ղազարյան, N 171 դպրոցի զինղեկ.- «Ռազմական տեղագրության իմացությունը շատ կարեւոր է: Բազմաբնույթ տեղանքում երթուղու ճիշտ ընտրությունը, գիշերային պայմաններում ճիշտ կողմնորոշվելը, բնական արգելքների անվտանգ հաղթահարելու իմացությունը չափազանց կարեւոր են մեր ապագա զինվորների համար: Աշակերտները դեռ աշխատելու տեղ ունեն: Վստահ եմ, որ լիարժեք գիտելիքների տիրապետելով` կլրացնեն այդ բացը: Ավելի հետեւողական աշխատանք է պետք: Ուզում եմ անպայման հիշել հանճարեղ Րաֆֆու խոսքերը. «Թուրքն այսօր անկիրթ բարբարոս է, իսկ կրթվելուց հետո կլինի քաղաքակիրթ ավազակ, որն ավելի վտանգավոր է»: Եվ քանի որ շրջապատված ենք թշնամիներով, պարտավոր ենք մեր ողջ ներուժն օգտագործել` հզոր բանակ ունենալու համար: Մեզ ազգային համախմբվածություն, միասնականություն է պետք»:

Գնդապետ Նիկոլ Ավանեսյան, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանների ավագ զինղեկ.- «Համազորային կանոնադրությանը այս երեխաները քաջատեղյակ էին, անկարող եմ թաքցնել հիացմունքս: Իրենց փորձն ու գիտելիքը է՛լ ավելի հարստացրին, եւ վստահ եմ, որ այսօրվա ստացածը նրանց ողջ կյանքում պետք կգա»:

Փոխգնդապետ Սեդրակ Կոշկարյան, Էջմիածնի N 4 դպրոցի զինղեկ.- «Ես աշակերտների կրակային պատրաստությունից գոհ եմ: Կարողանում էին սահմանված ժամանակը չգերազանցել: Աղջիկներն էլ տղաներից հետ չէին մնում: Նույն ոգով թող շարունակեն»:

Փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյան, N 108 դպրոցի զինղեկ.- «Ես շարային պատրաստություն էի ստուգում: Հիմնականում ճիշտ էին կատարում, թեեւ զինղեկները դեռ աշխատելու տեղ ունեն: Թող այս միջոցառումները շարունակական լինեն»:

Գնդապետ Արա Մուրադյան, «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրեն.- «Պետք է հաճախակի կազմակերպել ռազմամարզական խաղեր: Այստեղ դրսեւորվում են մրցողների կամքը, ճկունությունը, խելքը, ֆիզիկական պատրաստվածությունը: Աշակերտները ծանոթանում են զինվորական գործին, նրանցից շատերը ցանկանում են զինվորական դառնալ: Բացի այդ, տարբեր վայրերից եկած երեխաների միջեւ շփումը նպաստում է համերաշխ, ընկերական մթնոլորտի ձեւավորմանը»:

♦♦♦

Մինչ ներկաներն իրենց կարծիքներն էին հայտնում, մրցույթի մասնակիցները հարազատի պես միմյանց հրաժեշտ էին տալիս: Այս 5 օրերի ընթացքում ապրել էին նույն հարկի տակ, խարույկի շուրջը զրուցել էին, պատմել իրենց երազանքների եւ նպատակների մասին, պարել էին, երգել, ուրախացել, այցելել մոտակայքում գտնվող` մ.թ.ա. 2-րդ հազարամյակում կառուցված Կարմիր բերդ-ամրոց:

«Փոքր Մհերում» թնդում է երաժշտությունը: Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից եկած երեխաները ձեռք ձեռքի տված, խրոխտ, հաղթական եւ միակուռ պարում են: «Եկեք հաղթենք միասին»` սա է նրանց նշանաբանը: «Մի օր այսպես միասին Արարատի գագաթին ենք պարելու»,- սա նրանց խոստումն է:

Մենք հավատում ենք այդ խոստմանը:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մայոր

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Բանակ և հասարակություն


06/07/2011