Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ
ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Հայրենիքի անվտանգության երաշխավորը սահմանին կանգնած մեր զինվորներն են: Իսկ ապագա զինվորների ձեւավորման կարեւորագույն օղակը դպրոցն է: Հենց այս գիտակցումով է, որ տարիներ ի վեր ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպում եւ անցկացնում է «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթը ՀՀ ՊՆ աջակցությամբ: Այս տարի այն նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին:

 

ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՍեպտեմբերի 30-ին ՊՆ զորավարժարաններից մեկում տեղի ունեցավ «Դիպուկ հրաձիգ» եռօրյա  մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 20 թիմեր հեռավոր մարզերից և Երևանից: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էին 5-ական աշակերտներ, որոնք առաջադրանքը պետք է կատարեին 30 վայրկյանում:

Մեկնարկից առաջ զրուցեցի մրցույթի ղեկավար, փոխգնդապետ Արմեն Հայրապետյանի հետ:

-«Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթի  կազմակերպումը նախևառաջ լուծում է կարևոր խնդիրներ՝ ապագա զինվորներին ծանոթացնել մարտական զենքի հետ, ձևավորել ընկերասիրություն և կամային հատկանիշներ, զարգացնել արագ կողմնորոշվելու ունակություն: Բացի այդ, մարզերի և քաղաքի երեխաների միջև շփումը հետագայում արդյունավետ կլինի, քանի որ նրանք կհանդիպեն թե՛ բանակում և թե՛ ուսումնական հաստատություններում,- ասաց փոխգնդապետը:

Ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորներն արդեն ցույց տվեցին այն արժեհամակարգը, որը պետք է ուղեցույց լինի հետագա սերունդներին նույն ոգով դաստիարակելու համար: Ռազմահայրենասիրական դաստիարակության գործում առաջնայինը համարում եմ հայրենիքի ճանաչողությունը՝ լեզու, պատմություն, մշակույթ… Հետևաբար, արևորում եմ մեր պատանիների թե՛ հոգևոր և թե՛ ֆիզիկական դաստիարակությունը: Այս միջոցառումը մարզական բնույթ կրելուց բացի, նպատակ ունի նաև դպրոցականների ստացած ռազմական գիտելիքները ամրապնդել գործնականում, նրանց մեջ ձևավորել ընկերասիրություն և կամային բարձր որակներ, ինչպես նաև նպաստել «Ռազմագիտություն» առարկայի առավել լավ յուրացմանը:

ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼԵվ այս ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու համար փոխգնդապետ Արմեն Հայրապետյանն առաջ է քաշում մի կարևոր խնդիր. ՀՀ ԿԳՆ «Հրաձգության հանրապետական մարզադպրոցը» չունի հրաձգարան, և աշակերտները ստիպված իրենց պարապմունքներն անցկացնում են ՀՀ ՊՆ զորավարժարաններում:

-«Դիպուկ հրաձիգ» մրցույթն այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին: Ի՞նչ կպատգամեք անկախության սերնդին,- հարցնում եմ փոխգնդապետին:

-Անկախության նշանակությունը հայ ժողովուրդը լավ գիտի, քանի որ ժողովրդի հարատևությունը սերտորեն կապված է հայրենի երկրի, պետության հարատևության հետ: Միայն ազատ երկրի, անկախ և ինքնիշխան պետության առկայությունն է երաշխավորում ժողովրդի գոյությունն ու արժանապատիվ կյանքը: Հայ ժողովրդի պատմության բոլոր շրջափուլերում հայրենի երկրի ազատության և անկախության գլխավոր երաշխավորը եղել և մնում է հայ քաջարի ռազմիկը, հայոց զինական ուժը:

 

Համոզված եմ՝ ձեռքս չի դողա…

«Դիպուկ հրաձիգ» մրցույթն ընթանում էր երկու փուլով՝ մենահատ կրակոցներ (անհատական մենամարտ) և թիմային պայքար: Հաղթող թիմերը պարգևատրվելու էին  մեդալներով և պատվոգրերով: Իսկ առաջին տեղն զբաղեցրած թիմը ստանալու էր փոխանցիկ գավաթը, որը նախորդ տարի նվաճել էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիմը:

Աշակերտները նետվեցին առաջ՝ ջանալով հնարավորինս շատ թիրախներ խոցել: Իսկ նրանց ելույթներին հետևող զինղեկներին միավորում էր մեկ գաղափար:

-Կարևոր չէ, թե այսօրվա մրցույթում որ թիմը կհաղթի: Սա մեր ապագա ռազմական ներուժն է, որը մենք օգտագործելու ենք մեր երկրի սահմաններն անառիկ պահելու համար,- ասում էին նրանք:

ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՄեր ապագա ռազմական ներուժի զորությունը նախևառաջ այն հայրենասիրական ոգին է, որը 14-15 տարեկան պատանուն կարող է ստիպել եվրոպական երկրներից վերադառնալ Հայրենիք, ծառայել ազգային բանակում, երազել զինվորական դառնալու մասին: Նրանցից մեկը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցի աշակերտ, թեքվանդոյի Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սարգիս Սարգսյանն է, որը վերադարձել է Ռումինիայից.

-Միշտ կարոտել եմ Հայաստանը: Եվ շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս մրցույթին: Հաճելի է գիտակցել, որ արդեն կարող եմ դուրս գալ իրական հակառակորդի դեմ: Համոզված եմ՝ ձեռքս չի դողա: Հայրենիքիս համար կյանքս էլ կտամ,- ասաց Սարգիսը:

Եվ նրա հետ համաձայն են ընկերները: Էլինա Սարգիսովան էլ Հայաստան է վերադարձել Հունաստանից և արդեն հասցրել է մասնակցել թեթև ատլետիկայի Հայաստանի առաջնությանը՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նա նախորդ տարի Պատվո պահակ է եղել Ծիծեռնակաբերդում:

-Հայրս ու պապիկս կողք կողքի կռվել են Արցախյան պատերազմում: Այսօր եղբայրս սովորում է «Փոքր Մհեր» կրթահամալիրում: Եթե հնարավոր լինի, ինքս էլ կծառայեմ: Շատ կարևոր է, որ այստեղ սովորում են կռվել, հայրենիքը պաշտպանել,- ասաց Էլինան:

-Ինչո՞վ եք կարևորում ձեր մասնակցությունը նման մրցույթներին,- հարցնում եմ աշակերտներին:

-Նման մրցույթները բարձրացնում են մեր ազգային ոգին: Ծանոթանում ենք զինտեխնիկային: Եվ երբ գա մեր ժամանակը, կգնանք հայրենիքը պաշտպանելու,-ինքնամոռաց ասաց թեթև ատլետիկայի Հայաստանի պատանիների չեմպիոն Արարատ Գասպարյանը:

Եվ ո՞վ կարող է նրանց չհավատալ:

Ուժեղ Հայաստանի ապագայի նկատմամբ մեծ հավատ են ներշնչում սահմանամերձ գյուղերից եկած դպրոցականները: Տավուշի մարզի Մովսես գյուղից ժամանած աշակերտները  մրցույթին ներկայացել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող շապիկներով՝ «Հիշում եմ և պահանջում» գրությամբ: Եվ այս ուղերձը հասցեագրված է սահմանից այն կողմ գտնվողներին՝ հայը 2015-ից հետո ոտք է դրել նոր՝ վերածնվելու և հզորանալու հարյուրամյակ:

-Սերը դեպի հայրենիքը և մեր տունը մեզ ապրելու ուժ է տալիս: Մենք մեր զինվորի կողքին ենք,- ասում է Մովսես գյուղի դպրոցի աշակերտուհի Անի Մկրտումյանը, որի հայրը նույնպես զինվորական է:

Շենգավիթի՝ Վահագն Վարդևանյանի անվան թիվ 173 դպրոցի զինղեկը՝ մայոր Սամվել Հովհաննիսյանը, որը հետևում էր մրցույթի ամբողջ ընթացքին, պատմեց իր տպավորությունների մասին.

-Մեծ բերկրանք եմ ապրում՝ դիտելով այս երեխաների ելույթը: Նայելով նրանց՝ համոզվում եմ, որ սահմանամերձ գյուղերի այս պատանիները չեն հանձնի և ոչ մի թիզ հող:

 

Լինել արժանի մեր հերոսներին

«Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթի լավագույն արդյունքը ցույց տվեց Շիրակի մարզի Գետաշեն գյուղի դպրոցի աշակերտուհի Զարուհի Մանգասարյանը: Խոցելով 23 թիրախ՝ նա զբաղեցրեց առաջին տեղը: Երկրորդ տեղը գրավեց Երեւանի թիվ 180 դպրոցի աշակերտ Սերոբ Մանուկյանը՝ 18 թիրախ: Իսկ երրորդ հորիզոնականը գրավեց Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի դպրոցի աշակերտ Հունան Ալեքսանյանը՝ 12 թիրախ:

Թիմային պայքարում հաղթողի տիտղոսը նվաճեց Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի դպրոցի թիմը, որը ստացավ գլխավոր մրցանակը՝ փոխանցիկ գավաթը: Երկրորդ տեղը գրավեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի  աշակերտների թիմը՝ ընդամենը 1 միավորով զիջելով հաղթողին: Երրորդ տեղը  գրավեցին սահմանապահ  Մովսես գյուղի դպրոցականները: Հաղթող թիմերը արժանացան մեդալների ու պատվոգրերի: Իսկ  եզրափակիչ փուլ անցած թիմերի  զինղեկները ՀՀ ԿԳՆ կողմից արժանացան պատվոգրերի:

Մրցանակները հանձնեց ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բաժնի պետ – վարչության պետի տեղակալ Վանիկ Մինասյանը:

-«Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցույթն արդեն դարձել է ավանդական: Եվ սա հրաշալի միջոց է նախազորակոչային տարիքի մեր պատանիների համար իրենց տեսական գիտելիքները ամրապնդելու առումով: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո շատ եմ կարևորում նման միջոցառումների անցկացումը: Եվ հատկանշական է, որ այս տարի աշակերտների ցուցաբերած արդյունքներն ավելի բարձր էին,- ասաց գնդապետ Մինասյանը:

Պարգևատրման արարողությանը ներկա էր նաև Մովսես գյուղի հոգևոր սպասավոր Տ. Աբել քահանա Քարտաշյանը, որը մրցույթի մեկնարկի առաջին իսկ օրվանից եղել է մեր ապագա զինվորների կողքին և մշտապես քաջալերել նրանց: Նա իր օրհնանքի խոսքն ասաց աշակերտներին՝ ընդգծելով.

-Այս խաղ-մրցույթը հնարավոր է՝ վաղն իրականություն դառնա, և դուք այդ հուրը ուղղեք դեպի թշնամին: Կյանքը խաղ չէ, և պետությունն ամեն ինչ անում է , որպեսզի դուք լինեք ամուր թե՛ հոգով, թե՛ մարմնով: Մեզ համար կարևորը վաղվա Հայաստանում ապրող ուժեղ մարդն է: Աստված պահի մեր երկիրը և խաղաղության մեջ պահի բոլորիս…

 

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ