Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԵՔ ԵՐՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ



ԵՐԵՔ ԵՐՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆՀամայն հայությունը տոնում է Անկախության 25-րդ տարեդարձը` մեծ շուքով, հանդիսություններով:

Անկախ, ազատ  հայրենիք ունենալու բաղձանքը իրականություն դարձավ նաև մեր ազգի լավագույն զավակների կյանքի գնով:  Երվանդ Կարապետյանը մեկն էր այդ քաջորդիներից:

Մեծ սրտի ու հոգու տեր էր Երվանդը` բարի, անկեղծ:

Երբ խառնվեց հայոց աշխարհը, երբ սահմանին անհանգիստ էր, ինքն առաջիններից մեկն էր, որ կամավորագրվեց, մեկնեց կռվի դաշտ:

-Մա՛մ ջան, մի՛ անհանգստացիր,- հուսադրում էր մորը,- փամփուշտը գիտի, որ դու ինձ շա՜տ-շատ ես սիրում, ինձ չի դիպչի:

Ու միշտ ամենաթեժ, ամենավտանգավոր կետերում էր Երվանդը: Մասնակցել է Ղարաչինարի ինքնապաշտպանությանը, Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ` Թոդանի կռվին, «Կոռնիձոր» ջոկատի կազմում էլ կռվել է Շահումյանում…

1992թ. ապրիլին Երվանդը Մարտունիում միանում է Շուշիի ազատագրմանը մասնակցող ջոկատին: Մայիսի 7-ի գիշերը շարժվում են Շուշիի ուղղությամբ: Տղաները միմյանց պաշտպանելով, մեկը մյուսի կյանքը սեփականից թանկ գնահատելով, գնում էին առաջ: Հակառակորդը մոլեգնած կրակում էր:

-Ես կպահեմ, դուք առաջ գնացեք,- առարկություն չընդունող տոնով պարտադրում ու համոզում է Երվանդը (Ճուտոն):

Ընկերները դուրս եկան վտանգավոր գոտուց, փրկվեցին, սակայն դիպուկահարի արձակած գնդակը խոցեց խիզախ երիտասարդին: Ընդամենը 24 տարեկան էր…

Երվանդին հուղարկավորեցին Եռաբլուրում: Իսկ այնտեղ, որտեղ զոհվել էր, խաչքար կանգնեցվեց՝ որպես խոսուն վկա սխրանքի և անմահության: Խաչքար-հուշաքար կա նաև Նոր Նորքի 6-րդ զանգվածի շենքերից մեկի բակում, որտեղ ապրել է Ճուտոն: Թիվ 163 դպրոցի ռազմագիտության դասասենյակն էլ անվանակոչվել է հետմահու «Արիության», «Շուշիի ազատագրման համար» մեդալների արժանացած հերոսի անունով: Հերոս քաջորդու անունն է կրում նաև քրոջ` Մարգարիտայի որդին` փոքրիկ Երվանդը…

♦♦♦

ԵՐԵՔ ԵՐՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆԻսկ հիմա երրորդ Երվանդի մասին…

-Այդ օրը մտքերով, մտորումներով զոհված եղբորս հետ էի, երբ հնչեց հեռախոսի զանգը,- պատմում է Երվանդի քույրը` Մարգարիտան:

-Բարև ձեզ, ես Շուշիի ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի քրոջ հե՞տ եմ խոսում:

-Այո՛,- անակնկալի գալով՝ պատասխանում եմ:

-Ձեզ հետ խոսում է Ներքին Դվին գյուղի սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանը: Ես պատիվ ունեմ կրելու Ձեր հերոս եղբոր անունը: Երկար ժամանակ փնտրում էի, ուզում էի ծանոթանալ Կարապետյան ընտանիքի հետ, հայտնել իմ որդիական սերը…

…2009թ. դեկտեմբերին Մայր տաճարում 12 սարկավագների քահանայական ձեռնադրության ժամանակ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը  նրանց տվել էր Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների անունները: Եվ ահա տեր Երվանդը փորձել էր գտնել հերոս Երվանդի ընտանիքին, ծանոթանալ:

-Աղջիկս զանգեց ու ասում է` մա՛մ, գիտե՞ս, մենք էլի Երվանդ ունենք,- պատմում է ազատամարտիկի  մայրը` Ռոզա Ավետիսյանը, որն, ի դեպ, բուժքույր է աշխատում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում,- շատ հուզվեցի, երբ իմացա պատմությունը:

-Աղջի՛կս,- հարցնում եմ,- Երվանդիս նմա՞ն է:

-Մա՛մ ջան, դեռ չեմ տեսել, միայն հեռախոսով եմ խոսել: Բայց ձայնն այնքան բարի էր, այնքան մտերմիկ, ոնց որ մեր Երվանդը լիներ:

♦♦♦

ԵՐԵՔ ԵՐՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆՀերոս քաջորդու տանը անհամբեր սպասում էին երրորդ Երվանդին… Ջերմ ու սրտառուչ էր հանդիպումը տեր Երվանդի հետ:

-Առաջին իսկ հայացքից այնքան նման էր տեր Երվանդը որդուս,- խոստովանում է Ռոզա մայրիկը,- նման էր և՛ խոսքը, և՛ տաք ու անկեղծ ջերմությունը. որդուս պես փոքրամարմին է, սիրտը` մեծ:

Հանդիպումից պակաս ոգևորված չէր նաև տեր Երվանդը.

-Մեծ իղձս, փափագս կատարվեց: Բառերն անզոր են նկարագրելու ինձ համակած ապրումները: Հոգու կանչ էր, երանելի վիճակ… Պատիվ է հերոսի անունը կրել ու նաև պարտավորվածություն` որդու նման սիրել, փայփայել Երվանդի հարազատներին: Գիտե՞ք, ոչինչ այնպես այս աշխարհում չի կատարվում, աստվածային նախախնամություն էր, և որքան մեծ էր իմ ուրախությունը, երբ իմացա, որ հերոսի քրոջ որդին և անվանակիցը` փոքրիկ Երվանդը, մկրտված չէ: Ցանկություն հայտնեցի նրա կնքահայրը լինելու:

Սեպտեմբերյան մի տաք ու հրաշալի օր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ սբ. Սարգիս եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ մկրտվեց Շուշիի ազատագրման ժամանակ զոհված Երվանդ Կարապետյանի քրոջ որդին: Փոքրիկ Երվանդը վաղն իրականացնելու  է քեռու, հայրենիքին կյանքը նվիրաբերած հերոսների անկատար երազանքները: Ամենակարող Աստծու օրհնությամբ…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

ԵՂԲՈՐՍ

Դու էլ չես նայում օրվա աչքերին,

Բախտը քեզ տարավ մեզանից հեռու,

Աշխարհը մի պահ իսպառ դատարկվեց,

Եվ ունայն դարձավ կյանքը ինձ համար:

 

Գիտեմ, արցունքով քեզ ետ չեմ բերի,

Անմահներն արցունք չեն սիրում բնավ,

Քեզ վայել է փառք, հերոսի դափնի,

Չէ՞ որ զոհվեցիր քո ազգի համար:

 

Լսո՞ւմ ես, իմ քաջ, ուր էլ որ լինեմ,

Քեզ չեմ մոռանում ոչ մի ակնթարթ,

Քեզնով ես այնքան, այնքան հպարտ եմ,

Որ ազգն է զորեղ քո տված արյամբ:

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Ճակատագրեր


23/09/2016