Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ



ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸՆախագահ Սերժ Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության նախագահը մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ռիոյում՝ համաշխարհային սպորտի այդ մեծ ստուգատեսում, մեր երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու համար:

«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները և բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթո՛ւր: Մենք Ռիո դե Ժանեյրոյում ականատես եղանք մեդալների, բայց մենք տեսանք նաև մեծ ներուժ, իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարևոր է, որ մեր ավանդական մարզաձևերից զատ, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, մենք այլ մարզաձևերում ևս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ տեսանք, օրինակ՝ մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարևոր է: Մեդալներից բացի, մենք տեսանք նաև ցավալի դիպվածներ, իհարկե, նաև՝ անարդարություն: Բայց, ինչպես գիտեք, ընդհանրապես աշխարհը և մասնավորապես՝ մարզաշխարհը, զերծ չէ անարդարությունից: Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ գալիք առաջնություններում՝ Եվրոպայի և աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել և ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ:

Ես չեմ ուզում մեկ առ մեկ թվարկել մեր օլիմպիականներին, որովհետև դահլիճում նստածները և, ընդհանրապես, մեր ժողովրդի մեծ մասը, նրանց բոլորին անգիր գիտի:

Ուզում եմ մեկ անգամ ևս բոլորիդ շնորհակալություն հայտնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին և մարզիչներին: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին՝ ոչ միայն կարգին մարզվելու, այլ նաև արժանապատիվ ապրելու: Վստահ եմ, գնալով այս աջակցությունը ավելանալու է: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր մարզիկների ծնողներին, նրանց քույրերին և եղբայրներին, այն միջավայրին, որ ծնել ու դաստիարակել է հերոս: Իրոք, մեր մարզիկները հերոսներ են, և մենք այսպես պետք է առաջ շարժվենք: Առաջ շարժվենք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության: Շնորհակալ եմ: Ապրե՛ք»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԵՎ ՄԵԾԱՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸՖիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ ԳԱԳԻԿ ԿՈԼՅԱՅԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ պարգևատրել Պատվո շքանշանով:

♦♦♦

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար ՀՐԱՉՅԱ ԴԱՎԹԻ ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

♦♦♦

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՍՈՖՈՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

♦♦♦

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում տարած փայլուն հաղթանակի և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար հունա-հռոմեական ոճի ըմբիշ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

♦♦♦

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար հունա-հռոմեական ոճի ըմբիշ ՄԻՀՐԱՆ ԷԴԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

♦♦♦

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ ԳՈՌ ՏԻԳՐԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

♦♦♦

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ ՍԻՄՈՆ ԳևՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

♦♦♦

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ ԼԵՎՈՆ ԱՐՍԵՆԻ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

♦♦♦

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՌԱՖԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

♦♦♦

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն ՍԱՄՎԵԼ ԿԱՐԼԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

♦♦♦

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ ՓԱՇԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ պարգևատրել «Երախտագիտության» մեդալով:

♦♦♦

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ ՀԱԿՈԲ ԼԵՌՆԻԿԻ ՓԻԼՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Երախտագիտության» մեդալով:

♦♦♦

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ ԱՇՈՏ ՑՈԼԱԿԻ ՓԻԼՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Երախտագիտության» մեդալով:

♦♦♦

Միջազգային խոշոր նվաճումների հասած ըմբիշներ մարզելու և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ ՌՈՒԲԵՆ ԱԼԲԵՐՏԻ ԹԱԹՈՒԼՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Խորագիր՝ #36-37 (1156-1157) 21.09.2016 - 27.09.2016, Մարզաշխարհ


23/09/2016