Հայերեն | На русском | In English
Մեր պաշտոնաթերթի էջերում պարբերաբար անդրադառնում ենք աշխարհում խաղաղության հաստատման գործում կանանց դերին: Կնոջն ի վերուստ տրված է կյանքի արարման առաքելությունը, ինչը նրան ակամա դարձնում է նաեւ այդ կյանքի պաշտպանության անխոնջ ջատագովը: Ամբողջ աշխարհում, ներկայումս, կանանց մի հոծ բազմություն անդուլ աշխատանք է տանում՝ պատերազմի ավերածություններից խուսափելու, մարդասիրության ու խաղաղ բանակցությունների ճանապարհը հարթելու նպատակով: Մեր երկրում նույնպես խաղաղության ակտիվ ու համարձակ ջատագովների պակաս երբեւէ չի եղել: Մեր իրականության մեջ այժմ գործում են կանանց հիմնած կազմակերպություններ, որոնց մտահոգ հայացքն ուղղված է ոչ միայն մեր անհանգիստ սահմաններին, այլեւ ամբողջ աշխարհում զինված հակամարտությունների խաղաղ հաղթահարմանը: Եվ նշանակալի է, որ հայ կանանց հաջողվում է ընդլայնել խաղաղության երկխոսությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ պատերազմի եւ խաղաղության սահմանագծին գտնվող այլ երկրների միջեւ:
Սեպտեմբերի 7-11-ը Երևանում կայացավ «Կովկասի կանայք հանուն խաղաղության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» վերտառությամբ չորրորդ միջազգային կոնֆերանսը, որը կազմակերպել էր «Դեմոկրատիան Այսօր» ՀԿ-ն: Բացման օրը՝ սեպտեմբերի 7-ին, տեղի ունեցավ «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակի» հերթական մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակի ստեղծման գաղափարը խաղաղության և մարդու իրավունքների ակտիվիստ, Օլաֆ Պալմեի անվան Խաղաղության մրցանակակիր Անահիտ Բայանդուրինն էր (1931-2011), որի անունն էլ կրում է մրցանակաբաշխությունը: Այն հիմնադրվել է խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների, կոնֆլիկտների կանխարգելման գործում նրանց դերի ճանաչման նպատակով:
Այս տարի «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակին» արժանացան Ղաիդա Օդաթը (Սիրիա), Խեդա Օմարխադիևան (Չեչնիա, ՌԴ) և Էլիկո Բենդելիանին (Վրաստան):
Մրցանակաբաշխությանը հաջորդած քառօրյա կոնֆերանսի ընթացքում քննարկումներ տեղի ունեցան ինչպես խաղաղության քաղաքականություն մշակողների՝ պետական պաշտոնյաների, գիտնականների, փորձագետների, այնպես և դրա կիրարկողների մասնակցությամբ: Այս տարվա կոնֆերանսի թեման էր «Պատերազմի և խաղաղության տնտեսությունն ու դրա ազդեցությունը կանանց առօրյա կյանքի վրա»: Կոնֆերանսին մասնակցեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն տիկին Ջուդիտ Մարգարեթ Ֆարնվորթը, Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչը, ինչպես նաև Շվեդիայից, Հյուսիսային Կովկասից, Ուկրաինայից, Վրաստանից, Սիրիայից, ԼՂՀ-ից, Հայաստանից, ԵՄ-ից, «ՄԱԿ-ի Կանայք» կառույցից ներկայացուցիչներ և այլք: Բանախոսները ներկայացրին իրենց երկրներում քննարկվող խնդրի վերաբերյալ իրավիճակը և իրենց փորձը:
Մասնակիցների աշխարհագրական լայն ընդգրկում ունեցող այս կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին պատերազմի և խաղաղության խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ «Պատերազմի քաղաքական տնտեսությունը, խաղաղության բյուջեն և դրանց ազդեցությունը կանանց վրա», «Մարդու անվտանգությունը, գենդերային հավասարությունն ու խաղաղության իրավունքը» և այլն: Ներկայումս պատերազմական գործողությունների ակտիվ փուլում գտնվող երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ թեմատիկ քննարկումներ տեղի ունեցան «Կանանց դերն ու իրավիճակը խաղաղարար գործընթացներում» թեմայի շուրջ: Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի ներկայացուցիչները պատմեցին իրենց երկրներում տիրող իրավիճակի մասին, հայտնեցին իրենց մտահոգությունները և ներկայացրին սեփական խոստումնալից գործունեությունը՝ ձևավորելով համապատասխան ընդհանրական առաջարկություններ:
Քառօրյա կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակի» դափնեկիրների հետագա քայլերի քննարկումը, հանդիպում կայացավ սահմանամերձ գյուղերի` ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի (Կանանց ներգրավվածությունը խաղաղաշինական գործընթացներում) ծրագրերի ներկայացուցիչների հետ:
«Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախագահ Գյուլնարա Շահինյանի խոսքերով՝ տարածաշրջանային նմանօրինակ կոնֆերանսները նպատակ ունեն համատեղ հարթակ ստեղծելու Կովկասի կանանց համար, ովքեր ներգրավված են խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Հարթակ, որի շնորհիվ նրանք նույն ոլորտում աշխատող մարդկանց կփոխանցեն իրենց փորձը, կտեղեկանան այլոց փորձի մասին, կքաջալերեն և կոգևորեն միմյանց:
«Արդյունքների մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ, նախ և առաջ, շատ դժվար է փոխել մտածելակերպի կարծրատիպերը. սա երկարատև գործընթաց է: Մենք այսօրինակ միջոցառումներն ընկալում ենք որպես գործընթացի մեկնարկ: Ամեն տարի մենք մեկ որոշակի թեմա ենք ընտրում: Անցյալ տարվա կոնֆերանսը, օրինակ, նվիրված էր «Խաղաղարար զորքերի դերն ու նշանակությանը հասարակության մեջ» թեմային: Խոսեցինք խաղաղարար զորքի վարքականոնի պահպանման խնդիրների շուրջ: «Կանանց դերը բանակցային գործընթացներում» ևս շատ կարևոր թեմա է, որին մենք անդրադառնում ենք այս կոնֆերանսի շրջանակներում: Թե ինչ կբերեն կանայք, կփոխվե՞ն արդյոք մտածելակերպը, մոտեցումները, մասնավորապես՝ պատերա՞զմ, թե խաղաղություն երկընտրանքի հարցերում, կարևոր խնդիր է: Մենք մեր այսօրվա մրցանակակիրներին ոչ միայն քաջալերում ենք, այլև սերտորեն համագործակցում ու աշխատում ենք նրանց հետ: Սա գիտագործնական աշխատանք է: Նշեմ, որ մենք գործընկերներ ունենք նաև Ադրբեջանում: Մեկուսացումը և երկխոսության բացակայությունը, մեր համոզմամբ, բոլոր պարագաներում ամենավատ գործիքներն են խաղաղության կերտման հարցում: Շատ կարևոր են բանակցությունները, փոխադարձաբար իրար կրթելը, հասարակությունների փոխըմբռնումը»:
Վերջում հավելենք, որ մրցանակաբաշխության արարողությունը իրենց ելույթով զարդարեցին «Փոքր թատրոն». Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասաններն ու «Դետք» երիտասարդական երաժշտական խմբի տղաները: Վերջիններս բազմազգ լսարանի առջև հանդես եկան Արցախում մեծ ճանաչում գտած ու սիրված «Շուշի» և այլ երգերի կատարումներով: Տղաներն իրենք էլ իրենց են խաղաղության մարտիկներ համարում: Այցելում են ՀՀ սահմանամերձ գոտիներ, ԼՂՀ և բարեգործական համերգներ են տալիս: «Մենք մեր երաժշտության միջոցով ցանկանում ենք քարոզել խաղաղություն, և բոլորս այսօր այստեղ ենք, որպեսզի քննարկենք, հասկանանք, թե ինչպես կարող ենք դրան հասնել»,- ասում է «Դետք» խմբի անդամներից Արման Պետրոսյանը: «Մեր կարծիքով,- հավելում է խմբի մյուս անդամը՝ Վահան Կիրակոսյանը,- խաղաղության կարելի է հասնել միայն բարության ուղով, որի մեջ ամփոփված է և՛ արվեստը, և՛ մարդկային այն ամենակարևոր հույզերն ու զգացմունքները, որոնք մոտիվացնում են մեզ ապրելու և ստեղծագործելու»:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ