Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՂԱՎՆՈՅՈՒՄ



ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՂԱՎՆՈՅՈՒՄԼՂՀ Անկախության հռչակման 25-ամյա տոնախմբությունների շրջանակում սեպտեմբերի 3-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կայացավ բնակարանամուտ: 2013 թվականից Լիբանանում գործող ԱՐԻ-ARI» («Artsakh Roosts Investment») ներդրումային բաժնետիրական ընկերության ծրագրով այստեղ սկսվեց կառուցվել նոր թաղամաս: Գետի ձախափնյա հատվածում գտնվող նոր թաղամասի փողոցները` կառուցված ու կիսակառույց, արդեն անվանակոչվել են ի պատիվ Արցախյան գոյամարտի սփյուռքահայ մարտիրոսներ Կարո Քահքեջյանի, Վիգեն Զաքարյանի և Մհեր Ջուլհակյանի:

Առավոտյան մարդաշատ էր Մհեր Ջուլհակյանի անվան փողոցը. այստեղ իրենց նոր բնակարանների բանալիներն ստացան Աղավնոյի 16 ընտանիք: Բնակարանամուտին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովների ու կառավարությունների ներկայացուցիչներ, «ԱՐԻ» ծրագրի հիմնադիր խորհրդի և «Արցախֆոնդ» ընկերության անդամներ, բարերարներ, հյուրեր, լրագրողներ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցը հայտարարեց բնակարանամուտի հանդիսավոր բացումը` տեղեկացնելով, որ մեր քառորդդարյա պատմության մեջ նոր թաղամասի կառուցումն Աղավնոյում բացառիկ երևույթ է և նոր էջ գյուղաշինության բնագավառում: Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան, երիտասարդական պետական երգչախմբի (ղեկավար` Զաքար Քեշիշյան) կողմից հնչեցին հոգևոր ու ժողովրդական երգեր: Այնուհետև ելույթ ունեցավ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը: Շնորհավորելով ներկաներին Արցախի Անկախության հռչակման 25-ամյակի առթիվ՝ Ս.Խաչատրյանը նշեց, որ այդ տոնախմբությունների շրջանակում է կայանում այս հիշարժան իրադարձությունը.

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՂԱՎՆՈՅՈՒՄ-Այսօր մեր նահատակների արյամբ սրբացած հողում բնակարանամուտ կնշի 16 ընտանիք, իսկ յոթը բնակարան կստանա փաստաթղթային ձևակերպումներից հետո: Մինչև Նոր տարի կառուցվող 25 տներից 10-ը կհատկացվի ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների, իսկ 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների: Քաշաթաղցին իրավունք ունի բարեկեցիկ կյանքի, քանզի նա ստեղծագործ ժողովուրդ է, իսկ հարկ եղած դեպքում՝ զինվոր:

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարն իր խոսքում կարևորեց սփյուռքի դերը շրջանի կայացման գործում: Նա շնորհակալություն հայտնեց սփյուռքի մեր եղբայրներին, ԼՂՀ իշխանություններին՝ ցուցաբերած մեծ օժանդակության համար, շնորհավորեց բնակարանամուտ տոնողներին:

«ԱՐԻ-ARI» կազմակերպության ընդհանուր խորհրդի տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասաց. «Մենք կարևորում ենք մեր ներդրումների ավելացումը շրջանում՝ հավատալով, որ այն օգտագործվում է արդյունավետ: Աջակցելով ԼՂՀ իշխանություններին մեր ծրագրերով՝ նպաստում ենք ԼՂՀ ճանաչմանը և Արցախի հզորացմանը»:

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԱՂԱՎՆՈՅՈՒՄԱղավնոյի հնաբնակ, ուսուցչուհի Ջուլիետտա Մանվելյանը կարևորեց նման իրադարձությունը գյուղի պատմության ընթացքում, շնորհակալություն հայտնեց  բարերարներին, Արցախի իշխանություններին և շնորհավորանքի ու շնորհակալության  խոսքն ուղղեց համագյուղացիներին, ովքեր շենացրեցին Արցախը մայր հայրենիքին կապող Աղավնոն: Թաղամասը Տերունական աղոթքով, Սուրբ Խաչով օրհնեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:

Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը հայտարարեց բնակարան ստացող ընտանիքների գլխավորների անունները, և Արցախի նախագահը, «ԱՐԻ» ծրագրի ներկայացուցիչները նրանց հանձնեցին նոր բնակարանների բանալիները: Նոր փողոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց «ԱՐԻ» ծրագրի ներկայացուցիչ Մելքոն Հակոբյանին և Աղավնոյի գյուղական համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանին:

Զորիկ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #34 (1154) 07.09.2016 - 13.09.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


07/09/2016