Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ



Օրերս գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա մոտոհրաձգային գնդի երկու ստորաբաժանում մասնակցեց մարտավարական երկկողմ զորավարժության: Ստորաբաժանումներից մեկը հարձակվում էր, մյուսը` պաշտպանվում:

Փոխգնդապետ Ա. Ցականյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային գնդի ստորաբաժանումները «Տագնապ» ազդանշանով դուրս եկան կենտրոնացման շրջաններ: Լսվեցին ստորաբաժանումների հրամանատարների որոշումները, որից հետո ստորաբաժանումները նախապատրաստվեցին մարտի: Մշակվեցին թիկունքային, տեխնիկական ապահովման, ղեկավարման խնդիրները, անցկացվեց տեղազննություն: Այնուհետև ստորաբաժանումները նախապատրաստվեցին մարտական խնդրի կատարմանը: Ստորաբաժանման պաշտպանական շրջանում և հենակետերում ծավալվեցին ինժեներական աշխատանքներ:

Հարձակվող ստորաբաժանումը ընթացքից հարձակման ու տեղաշարժման համար նախապատրաստեց երթուղիներն ու քողարկման միջոցները: Հրամանատարները զինվորներին բացատրեցին մարտավարական զորավարժության առանձնահատկություններն ու մեկ անգամ ևս հրահանգեցին խստորեն հետևել անվտանգության կանոններին:

Ստորաբաժանումներից մեկն անցավ պաշտպանության, իսկ հարձակվող ստորաբաժանումը սկսեց առաջխաղացումը և անցավ հարձակման: Մարտի խաղարկման ժամանակ օգտագործվեց բոլոր կարգի հրամանատարների կողմից ստորաբաժանումների ղեկավարման մեթոդը: Անձնակազմերը գործեցին ըստ ստորաբաժանումների հրամանատարների ընդունած որոշումների: Մարտակարգում ընդգրկված ուժերը հաջողությամբ կատարեցին իրենց առջև դրված բոլոր խնդիրները:

Հարձակվող ստորաբաժանումը մինչև հենակետ մխրճվեց պայմանական հակառակորդի պաշտպանության խորքը, ապա մարտի մեջ մտցվեց 2-րդ շարակազմը, որը շարունակեց առաջխաղացումը: Հանկարծակի հարձակման հետևանքով ուժերը վերախմբավորած պաշտպանվող ստորաբաժանումը հակագրոհի համար ստեղծեց բարենպաստ պայմաններ: Ստեղծված իրավիճակից ելնելով` ստորաբաժանման հրամանատարն ընդունեց որոշում` մարտի մեջ մտցնել 2-րդ շարակազմը, կազմակերպել հակագրոհ` խնդիր ունենալով վերականգնել 1-ին եզրը:

Հակառակորդին մոլորության մեջ գցելու նպատակով պաշտպանվող ստորաբաժանումը խաղարկեց կեղծ գրոհ, որի շնորհիվ կարողացավ հնարամտորեն շեղել հարձակվող ստորաբաժանման ուղղությունը, այնուհետեւ կատարեց թևանցում` հակագրոհի համար ստեղծելով բարենպաստ պայմաններ: Արդյունքում` ստորաբաժանումը շեշտակի գրոհով հակառակորդին պատճառեց մեծ կորուստներ, որից հետո վերջինս ստիպված եղավ նահանջել և անցնել պաշտպանության: Պաշտպանվող ստորաբաժանումը կատարեց իր առջև դրված խնդիրը և վերականգնեց 1-ին եզրը:

Զորավարժության արդյունքների ամփոփման ժամանակ զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Թ. Շահնազարյանն ընդհանուր առմամբ բարձր գնահատեց անձնակազմի մարտական պատրաստվածությունը, մինչդեռ զորավարժության նախնական ընթացքը գնահատեց բավարար` նշելով, որ զորավարժության առանձին դրվագներ այդուհանդերձ արժանի են «լավ» և «գերազանց» գնահատականի, քանզի զինծառայողները, առաջին անգամ մասնակցելով նոր սցենարով խաղարկված երկկողմ մարտավարական զորավարժության, ցուցաբերեցին բարդ իրավիճակներում կողմնորոշվելու, իրենց առջև դրված մարտական խնդիրը հստակորեն կատարելու կամային բարձր հատկանիշներ, դրսևորեցին մարտի նախապատրաստման ու վարման գերազանց հմտություններ:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Ազգային բանակ


29/06/2011