Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՎԱՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍ



ՔՈ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆԸ ՉՀԱՎԱՏԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՍԶրույց ՀՀ ժողովրդական դերասանուհի ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

 

-Սիրելի տիկին Ավետիսյան, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 75-ամյակը, ընդունեք մեր սերը, խոնարհումը, բարեմաղթանքները, մեր երախտագիտությունը այն հրաշալի պահերի համար, որ ապրել ենք Մայր թատրոնի բեմում Ձեր խաղը դիտելիս, Ձեր անզուգական ասմունքը լսելիս: Ապրեք երկար, առողջ ու երջանիկ:

-Շնորհակալ եմ: Դերասանի համար հանդիսատեսի սիրուց թանկ ու ներշնչող վարձատրություն չկա: Իսկ «Հայ զինվորի» անունից հնչած շնորհավորանքը առանձնահատուկ խորհուրդ ունի. ես մեծ սեր ու ակնածանք ունեմ հայրենիքի պաշտպանի` հայ սպայի ու զինվորի հանդեպ: Բեմական ամենագեղեցիկ պահերը հենց զորամասերում եմ ապրել, ամենաթանկագին ծափերը զինվորից եմ ստացել…

Դժբախտաբար, 20-րդ դարավերջին մեր ժողովուրդը կրկին անցավ պատերազմի կրակների ու ցավի միջով, երիտասարդ, գեղեցիկ, փթթուն կյանքեր զոհաբերվեցին հայրենիքի ազատագրության համար: Մանուկներ որբացան, ժպիտներ մարեցին… Ես այնքան հուսով էի, որ մեր ժողովուրդը էլ արտասուք չի թափի զոհված զինվորի շիրիմի վրա` ու ահա… քառօրյա պատերազմը: Սիրտս մղկտում է` ինչ լուսավոր աչքեր փակվեցին, ինչ խիզախ սրտեր սառեցին, մեր` հայրենիք ունենալու երջանկության համար: Ես չեմ ուզում, որ հայ ժողովուրդը ևս մեկ պատերազմի սերունդ ունենա:

-Ձեր խոսքերը լսելիս հիշեցի, որ 1941-ին եք ծնվել, ու Դուք նույնպես պատերազմի սերունդ եք:

-Եթե ես նկարիչ լինեի ու ցանկանայի  պատերազմ նկարել, կպատկերեի կայարանում պատերազմից տուն դարձող զինվորների մեջ հորը փնտրող փոքրիկ աղջկան:

-Ո՞վ է այդ աղջիկը:

-Ես: Հայրս կռիվ էր գնացել: Ու ես համոզված էի, որ նա վերադառնալու է հաղթանակած: Ամեն օր գլխապատառ վազում էի կայարան ու սրտատրոփ հորս էի փնտրում: Իսկ հայրս չկար ու չկար: Մենք մի ադրբեջանցի հարևան ունեինք. հրաշալի մարդ էր, կայարանում տեսա նրան, մոտ վազեցի, ասի` քեռի, իմ հայրը ինչո՞ւ  չի գալիս: Ասաց` կգա, բալիկս, անպայման կգա: Ու հենց այդ օրն էլ մայրս ցույց տվեց ինչ-որ թուղթ ու ասաց, որ չսպասեմ հորս: Ասաց, որ հորս «սև թուղթը» վաղուց է եկել, ինքը թաքցրել է ինձնից: Հիմա արդեն մեծ եմ ու կարող եմ հասկանալ:

-Չորս տարեկան էիք:

-Պատերազմի սերունդն արագ է մեծանում, շուտ է հասունանում: Մայրս մեր բազմազավակ ընտանիքի հոգսը իր փխրուն ուսերին առավ ու տարավ արժանապատվորեն, հպարտ, հայ կնոջը վայել առաքինությամբ ու վայելուչ: Իմ հրաշալի մայրը…

-Հայ առաքինի, պարկեշտ, ուժեղ մայրերն են մեր ազգի բարոյականության գենը կրողները: Դուք նկատե՞լ եք` անհայր մեծացած երեխաները օտարների սիրո կարիքը ավելի շատ են զգում:

-Այդպես է: Ու իմ մանկության գույները կխամրեին, եթե չլիներ մեր հարևանների, ուսուցիչների, ընկերներիս սերը զոհված զինվորի ընտանիքի հանդեպ: Երբ ես դպրոցական էի, Հայաստանի սոցապ նախարարը Մացակ Պապյանն էր` մի հրաշալի, մի ազնվագույն մարդ…

-Դուք հիշում եք` ով է եղել Հայաստանի սոցապ նախարարը 65 տարի առա՞ջ…

-Ինչպե՛ս չհիշեմ, երբ նա Նոր տարուն և մնացած տոներին գեղեցիկ, գույնզգույն նվերներ էր ուղարկում ինձ` զոհվածի զավակիս: Ինչպե՞ս չհիշեմ այն մարդկանց, ովքեր ինձ «շուշա տիկնիկ» էին ասում ու սիրում էին: Սիրում էին նաև հորս փոխարեն: Այդ սերը մեղմում էր որբությանս ցավը:

-Մի տեսակ` ցավ ու ամոթ զգացի. արդյոք մենք այդպես սիրեցի՞նք Արցախյան պատերազմում զոհվածների փոքրիկներին` սիրեցի՞նք նրանց հայրերի փոխարեն… Այդ երեխաները հիմա 22-27 տարեկան են: Մի օր նրանք կասե՞ն, որ մենք սիրել ենք իրենց և մեղմել ենք որբության ցավը:

…Լավ, եկեք խոսենք մեկ այլ` ոչ պակաս հրաշալի ու առինքնող սիրուց` Ձեր և Յուրի Ամիրյանի սիրո պատմությունից: Ձեր ամուր, հավատարիմ միությունը իսկական հայ ընտանիքի խորհրդանիշ է:

-Յուրին հիասքանչ էր, երբ առաջին անգամ տեսա նրան թատերական ինստիտուտում ընդունելության քննությունների ժամանակ: Գեղեցիկ կապույտ աչքեր ուներ, խորաթափանց հայացք, շեշտված, գեղեցիկ դիմագծեր… Հետո ավելի շատ սիրեցի, երբ ճանաչեցի նրա ազնիվ, շիտակ, արժանապատիվ հոգին, իսկական տղամարդ էր, խրոխտ, սկզբունքային: Չգիտեր` քծնելն ինչ է, ատելն ինչ է: Ես անսահման սիրում էի Յուրիին:

-Երբ ես փոքր էի ու առաջին անգամ «Մեղադրական եզրակացություն» հեռուստաներկայացման մեջ տեսա Յուրի Ամիրյանի հիասքանչ խաղը քրեական հեղինակության՝ Լիմոնի դերում, այնքան տարվեցի Յուրի Ամիրյանի կերտած կերպարով, որ որոշեցի` մեծանամ, «զոն նայողի» հետ եմ ամուսնանալու:

-Յուրին, ինչպես բոլոր տաղանդավոր դերասանները, շուք ու փայլ էր տալիս իր կերտած կերպարներին: Այդ տարիների մտավորական սերունդը շատ տաղանդավոր էր, բայց ամենակարևորը այդ սերնդի մարդկային որակն էր` խելացի, զարգացած, ազնվակերտ, շիտակ, ըմբոստ ու արվեստի մեծ նվիրյալ: Այս տանը, որտեղ հյուրընկալել եմ Ձեզ, հանճարների շունչը կա: Մենք արվեստագետ ընկերներով սիրում էինք իրար, միմյանց կողքին լինելու պահանջ էինք զգում: Հավաքվում էինք` Մհեր Մկրտչյանը, Սիլվա Կապուտիկյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Վարդան Աճեմյանը, Վլադիմիր Մսրյանը, գրողներ, երաժիշտներ, դերասաններ… ո՞ւմ ասեմ, ո՛ւմ թողնեմ, ու զրուցում էինք հայրենիքի, արվեստի, մարդկային հարաբերությունների ու հավերժական թեմաների մասին:

-Ասում են` Դուք շատ կարդացած եք. «յուրացրել եք» համաշխարհային ու ժամանակակից դասականների ամբողջ ժառանգությունը:

-Ոչ միայն արվեստ ստեղծելու, այլև արվեստ հասկանալու համար պետք է ծանոթ լինես համաշխարհային մշակույթին, կարդացած լինես համաշխարհային գրականությունը, շփված լինես մեծերի ստեղծած արժեքների հետ` երաժշտության, դրամատուրգիայի, պոեզիայի, գրականության ասպարեզում: Մտավորականի կոչումը մեդալ չէ, որ կախես կրծքիդ, մտածողություն է, վարք է, բարոյականություն է, տաղանդ է… Օրերս ցավով լսեցի բանաստեղծ, մանկագիր Երվանդ Պետրոսյանի մահվան բոթը: Նա մտավորական էր` իր գրական ժառանգությամբ, իր անմնացորդ նվիրվածությամբ արվեստին, իր ազնվությամբ, քամիներից չերերալու առաքինությամբ: Ո՞վ է փոխարինելու նրան, ո՛վ է փոխարինելու նրանց, ովքեր հայրենիքի հանդեպ սիրո ու բարձր արվեստի նշաձողն էին պահում իրենց արվեստով, մարդկային նկարագրով:

Մտավորականն է կերտում Հայաստանի ապագան, ոչ թե քաղաքական գործիչը, մտավորականն է կերտում հասարակության ու երկրի բարոյականությունը: Մտավորական չունեցանք, ոչինչ չենք ունենա:

-Շա՞տ է փոխվել թատրոնի հանդիսատեսը… Գիտեք` ինչո՞ւ եմ հարցնում. Ձեր պատասխանից կարող ենք դատել մեր ընթացքի մասին առհասարակ:

-Փոխվել է: Հիմա քիչ են թատրոնի նվիրյալները դահլիճում:

-Որովհետև քիչ են թատրոնի նվիրյալները բեմում:

-Ժարգոնի ու սերիալների հերոսների «գեղագիտությամբ» սնված հանդիսատեսը չի կարող նման լինել մեր հիասքանչ բարբառների համուհոտով, սունդուկյանական կերպարներով, համաշխարհային դասականների գործերով դաստիարակված հանդիսատեսին:

-Բա ի՞նչ անենք, ինչպե՞ս գտնենք ճիշտ հունը…

-Վերադարձնենք հայ արվեստին իր երբեմնի փառքը, վերադարձնենք մտավորական բառին իր երբեմնի կշիռը: Չխեղճացնենք մտավորականին կենցաղային խնդիրներով, թողնենք, որ նա ուժեղ լինի:

-Պե՛տք է, որ ինչ-որ մեկը մատը մեր ցավի վրա դնի ու ցույց տա մեր սխալները: Մե՛զ է պետք: Երկրի՛ն է պետք:

-Պետք է ունենալ այնպիսի մտավորականություն, որը կգար ու կկանգներ ոստիկանների ու ցուցարարների արանքում՝ վստահ, որ    ե՛ւ ոստիկանը, ե՛ւ ցուցարարը կլսեն իր խոսքը, որովհետև ինքն ազգային արժեք է:

-Իսկ զինվորականությո՞ւնը…

-Զինվորականությո՞ւնը… նրան վիճակված է կրելու ամենածանր խաչը: Նրա պարտությունից հետո մենք ո՛չ մտավորականություն կունենանք, ո՛չ հանդիսատես… Ուրեմն`

-Սեղմիր ատամդ, դու ամենքի պես

Բացեիբաց լալու իրավունք չունես:

Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ,

Զենքերդ տալու իրավունք չունես,

Դու, հա՛յ գեներալ, ինչ էլ որ լինի`

Վերջին զինվորդ էլ ընկնի հուսահատ,

Քո ժողովրդի հավերժությանը

Չհավատալու իրավունք չունես:

 

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


03/08/2016