Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ



1993թ. հունիսի 27

1992 թվականի ամռանը Ադրբեջանը մեծաքանակ վարձկանների օգնությամբ Հյուսիսային Արցախում խոշոր հարձակման անցավ, հուլիսի 3-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը ծանր մարտերից եւ հակահարձակման մի քանի անհաջող փորձերից հետո թողեցին Մարտակերտ քաղաքը, ինչը կանխորոշեց նաեւ մերձակա բնակավայրերի անկումը:

Ի վերջո, 1993 թվականի փետրվարի 4-ին ձեռնարկած հակահարձակման արդյունքում հայկական ուժերը մոտեցան շրջկենտրոնին, եւ գարնանը սկսվեցին «Պուշկի յալի» տեւական մարտերը, առանց որին ու հեռուստաաշտարակին` «Վիշկի յալին» տիրելու, անհնար էր ազատագրել շրջկենտրոնը:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Մարտակերտ քաղաքի ազատագրումը Քարվաճառին հաջորդած մյուս խոշոր գործողությունն էր եւ ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի իրականացրած հրետանային ամենամեծ օպերացիան, որին նախապատրաստական մեծ աշխատանք էր նախորդել, ու հարձակման նախօրեին բոլոր կրակակետերը նշանափորձված էին:

Պաշտպանական շրջանն ուժեղացվել էր կենտրոնական ենթակայության խառը հրետանային դիվիզիոններով, Դ-20-ի երկու եւ ԲՄ-21-ի մեկ մարտկոցներով: Իսկ «Ֆագոտներն» ու Տ-12 հրանոթներն ապահովում էին հարձակման հակատանկային պաշտպանությունը: Ժամանակի չափանիշներով հզոր հրետանային բռունցք էր ստեղծվել:

Հունիսի 13-ին սկսված գործողության ընթացքում Մարտակերտի պաշտպանական շրջանն ուժեղացվել էր Ասկերանի, Մարտունու, Կենտրոնական պաշտպանական շրջանների, Շուշիի գնդի, կենտրոնական ենթակայության ստորաբաժանումներով եւ հայաստանյան կամավորական ջոկատներով:

Ստորաբաժանումների հրամանատարության եւ բանակի շտաբի հետ կապն ապահովվում էր մեկ հրամանատարաշտաբային մեքենայի միջոցով, իսկ մյուս օղակներում կապն արդեն զորամասերի կապավորներն էին ապահովում:

Վիրավորներին սպասարկում էր շրջանի ռազմաբժշկական ապահովումն իրականացրած եւ վրաններում 1992-93 թվականների սաստիկ ձմռանը հարյուրավոր ծանր վիրահատություններ կատարած ռազմադաշտային հոսպիտալը, ինչպես նաեւ հարձակման տարբեր ուղղություններում բացվել էին առաջին օգնության բժշկական կետեր:

ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ

ՊԲ հրետանու պետ, հրետանու պաշտոնաթող գեներալ-մայոր Գեորգի Գասպարյանի ղեկավարությամբ բաց տեքստով խոշոր ռադիոխաղ անցկացվեց, իբրեւ թե ողջ հրետանին շտապ տեղափոխվում է Հադրութ: Պաշտպանության բանակի կապավորները մեկ շաբաթում գտել էին հակառակորդի ռադիոկապի բոլոր հաճախականությունները, եւ արդեն հարձակման ժամանակ Գրիգորի Անդրյանը մտել էր նրանց ռադիոեթեր, ապա, մաքուր ադրբեջաներենով հաղորդելով «հակառակորդի» կոորդինատները, հրետանուն կարգադրել էր կրակել… ինչը մեծ շփոթ ու խուճապ էր առաջացրել թշնամու դիրքերում:

Սուրեն Անտոնյանն ականանետային երկու մարտկոց գաղտնի դիրքավորեց հեռուստաաշտարակի շրջանում, հետեւակից շուրջ երկու կիլոմետր առաջ եւ, լավ քողարկվելով ու հանդես բերելով բացառիկ ինքնատիրապետում, մինչ անհրաժեշտ պահը` հաջորդ կեսօր, իր տեղը չմատնեց:

Բացի այդ, միրբաշիրյան զորախմբի համագործակցությունը Աղդամում տեղակայված զորքերի հետ արգելելու նպատակով պայթեցվեց Քենգեռլի գյուղի մերձակայքում գտնվող կամուրջը՝ մեծապես դժվարացնելով այս ուղղության ադրբեջանական զորքերի հետագա գործողությունները:

ՔԱՂԱՔՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ

Խաչենագետից մինչ Մաղավուզ ձգվող ճակատում եւ հատկապես քաղաքը երիզող բարձունքներում թեեւ հակառակորդը ականադաշտերով ու արգելափակոցներով հագեցած բազմաէշելոն պաշտպանություն էր ստեղծել, սակայն Ինքնապաշտպանության ուժերը քայլ առ քայլ նվաճելով նախանշված բնագծերը, հունիսի 26-ին հասան ազատագրված Հակոբ Կամարիից մինչ Հեռուստաաշտարակ ձգվող բնագծին:

Հաջորդ օրը վաղ առավոտյան հետեւակը երկու հիմնական ուղղություններով սկսեց հարձակումը, որի հրետանային նախապատրաստությունը տեւեց 45 րոպե: Լուսավորող արկեր չկային, հրետանավորները կողմնորոշվում էին պայթյունների լույսով: Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումները գրոհեցին Պուշկի յալն ու Փափրավենդը, Մարտակերտի գունդն առաջացավ Գեդագբուրունի ուղղությամբ, եւ երբ Վլադիմիր Բալայանի տղաները հասան շրջկենտրոնի վերին մասը, թաքստոցում դիրքավորված մարտկոցները նրանց աջակցեցին ականանետային կրակով: Գումարտակի զոհված հրամանատար Մերուժան Մոսիյանի մարտիկները Լեոնարխի ձախ կողմում հարձակվողների թիկունքը պաշտպանում էին ճեղքումից: Ավելի ձախ «Եղնիկներն» էին՝ Սերգեյ Չալյանի հրամանատարությամբ, հենց նրանք էլ հրետանային կրակի աջակցությամբ հասան Մատաղիս: Մինչ կեսօր ազատագրվեց Մաղավուզի քարհանքերի մի հատվածը, ապա «խոսեցին» ականանետները՝ ապահովելով հետագա հարձակումը: Հրետանին կրակի գիծը 100 մետր առաջ պահելով՝ աջակցում էր հարձակվող հետեւակին:

ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրետանին կրակով ապահովեց երեք գնդի ու մի քանի առանձին գումարտակների հարձակումը մեծ ճակատում, տարբեր ժամանակ իրականացվող բարդ գործողության ընթացքում: Դա առաջին նման խոշոր գործողությունն էր, որի ընթացքում փայլուն համագործակցություն իրականացվեց հրետանու, մյուս զորատեսակների եւ մեծաթիվ հետեւակի միջեւ: Արկերը մտել էին բլինդաժները եւ ոչնչացրել թշնամու քնած զինվորներին, խոցել հետեւակով լեցուն բեռնատարը, փլել խրամուղիները, կրակադիրքերը… Քաղաքը երիզող ռազմավարական նշանակության բարձունքները երեկոյան լրիվ ազատագրված էին:

1993 թվականի հունվարի 15-ից մինչեւ մարտի 20-ը թշնամին Մարտակերտի ճակատում չորս ռազմական ինքնաթիռ ու մեկ ուղղաթիռ էր կորցրել` չկարողանալով օդային աջակցություն ցույց տալ քաղաքը թողնող իր զորքերին: Թշնամին Մարտակերտի մատույցներում հսկայական ռազմավար էր թողել, իսկ պաշտպանական ամրությունների զգալի մասը հողին էր հավասարվել: Հուլիսի 1-ին ազատագրվեց նաեւ Լեոնարխը: Մարտակերտն ազատագրվեց թանկ զոհերի ու նաեւ 5-րդ կամավորական բրիգադի շտաբի պետ փոխգնդապետ Յուրա Հովհաննիսյանի եւ «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Կարո Քահքեճյանի կյանքերի գնով:

Մարտակերտ շրջկենտրոնը երիզող բարձունքների` Պուշկի յալի ու Հեռուստաաշտարակի ազատագրումով քաղաքի մեծ մասը հայտնվեց ղարաբաղյան ուժերի վերահսկողության գոտում, իսկ մյուս մասը մնաց թշնամու տնօրինության տակ: 1994 թվականի ապրիլին քաղաքի լիակատար ազատագրումից հետո բնակչությունը սկսեց վերադառնալ: Մարտակերտի ազատագրման գործողությունից ինժեներական ապահովումից ոչ պակաս դժվար չէր ազատագրված քաղաքի ականազերծումը: ՊԲ ինժեներական զորամասի ու գնդի սակրավորներից համատեղ խումբ էր կազմվել քաղաքի ճանապարհները, փողոցները, տնամերձները եւ բոլոր շինությունները ստուգելու համար:

Շրջկենտրոնի ազատագրումը հոգեբանական մեծ նշանակություն ունեցավ Մարտակերտի ազատագրված տարածքների բնակիչների ետդարձի համար, քանի որ շրջկենտրոնը մի հզոր պատվար էր իր թիկունքում եղած բոլոր այդ բնակավայրերի համար:

Շրջկենտրոնի ազատագրումը հնարավորություն ընձեռեց Արցախի զինված ուժերին մարտական գործողություններ իրականացնելու նաեւ հարթավայրում եւ լռեցնելու Աղդամի կրակակետերը:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #24 (889) 22.06.2011 – 29.06.2011, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից


29/06/2011