Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԼՐԱՑՆԵՄ ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ



ԿԼՐԱՑՆԵՄ ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԶորամասից զանգահարել էր եղբայրս` Արեւշատյանների գերդաստանի թվով երրորդ զինվորը, եւ զանգահարել էր միեւնույն խնդրանքով.

-Գոռ ջան, զորամասից թուղթ եմ ուղարկել, վերցրո՛ւ ,տո՛ւր մամայիս, հաստատ կուրախանա:

-Հա՛, Խաչ ջա՛ն, անպայման կվերցնեմ:

Շնորհակալագիր էր՝ զորամասի հրամանատարությունից.  «Տրվում է կրտսեր սերժանտ  Խաչիկ Մանուկի Արեւշատյանին՝ հայրենիքի հանդեպ ունեցած սրբազան պարտքը պատվով կատարելու համար…»: Ինչպես խոստացել էի, շնորհակալագիրը հանձնեցի զինվոր եղբորս մայրիկին: Նա ինձ օրհնեց՝ շնորհակալագիրը տեսնելուն պես ու երջանկությունից լաց եղավ:

Հերթական շնորհակալագիրը մյուսների նման տեղ գտավ մեր տան ամենաերեւացող պատին, որպեսզի ամեն ներս մտնող տեսնի, որպեսզի ամեն օր կարդան ու հպարտանան, վրայի փոշին, եթե անգամ մաքուր է, մաքրեն ու նորից տեղը կախեն:

Շուտով ես եմ մեկնելու ծառայության` թվով չորրորդը Արեւշատյանների ընտանիքից, եւ համոզված եմ, որ մյուսների օրինակով ես էլ սրբորեն կկատարեմ հայրենիքիս հանդեպ իմ զինվորական պարտքը, բարձր կպահեմ մեր ընտանիքի պատիվն ու չխախտելով եղբայրներիս ձեւավորած ավանդույթը` կլրացնեմ Արեւշատյան գերդաստանի շնորհակալագրերի հավաքածուն եւս մեկով:

ԿԼՐԱՑՆԵՄ ՄԵՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Գոռ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ապագա զորակոչիկ

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Բանակ և հասարակություն


20/07/2016