Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔ

«ՀՐԱՄԱՆԱՏՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

 

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԶՈՒ Մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր

Իհարկե, խաղաղ պայմաններում պատերազմական հնարավոր բոլոր սցենարները լիովին կանխատեսելը կամ բոլոր խնդիրների լուծումները  գտնելն անհնար է: Որքան էլ փորձենք ուսուցման գործընթացը հնարավորինս մոտեցնել մարտական իրավիճակին, իրական հակառակորդի բացակայության պայմաններում գործնական ուսուցումը չի կարող ամբողջապես փոխարինել մարտական գործողությանը:

Քառօրյա մարտական գործողությունների վերլուծության ժամանակ հանրապետության նախագահը դիպուկ դիտարկում արեց. «…միայն թշնամուն էր հայտնի, թե ինչ էին ուզում անել իրենց գործողություններով»: Մեծ հաշվով էական էլ չէ, թե ինչ էին ուզում: Մեզ համար կարևոր է, թե տվյալ կոնկրետ դեպքում իրեն ինչպես դրսևորեց հակառակորդը, և մենք ինչպես հակադարձեցինք նրա նախահարձակ գործողություններին:

Ապրիլյան դեպքերի վերջնական վելուծությունը ցույց տվեց, որ ինչպես ՀՀ, այնպես և ԼՂՀ զորքերի մարտական ուսուցումը ամուր հիմքերի վրա է դրված: Մեր զինծառայողն այսօր իր մարտական պատրաստությամբ, իր ոգով, խնդրի կատարման հմտությամբ կարող է հակառակորդի հատուկ պատրաստություն անցած զինծառայողի դեմ  ոչ միայն հավասարը հավասարի մարտնչել, այլև հաղթել:  Սա շատ բանի մասին է խոսում:

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՆԵԼԻՔԻզուր չէ, որ ՀՀ պաշտպանության նախարարը (արդեն երկրորդ տարին) պահանջում է, որ զորքերում իր գործնական կիրառումն ունենա «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգը: Նա ինքը, անցած լինելով պատերազմական թոհուբոհով, հստակ պատկերացնում է, թե ինչ խնդիրներ կարող են կանգնել հրամանատարի առաջ, և թե վերջինս ինչպես պետք է իրեն դրսևորի տարբեր իրավիճակներում: Քառօրյա մարտական գործողությունների ընթացքում արդեն ՀՀ եւ ԼՂՀ փոխգործակցության համատեքստում ներմուծված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգը գործնական կիրառում ստացավ: Փաստ է, որ եղան անհատներ՝ թե՛ ջոկի, թե՛ միավորման հրամանատարներ, որոնք իրավիճակի թելադրանքով կարողացան իրենց վրա վերցնել պատասխանատվությունը և գործել սեփական նախաձեռնությամբ: Արդյունքում բավականին լուրջ հաջողություններ արձանագրեցին. նրանք հաճախ այնքան ճշգրիտ որոշումներ էին կայացնում, որ անգամ փորձված հրամանատարներին՝ նաև ինձ, զարմանք էին պատճառում: Բայց  սրա հետ մեկտեղ պետք չէ թշնամուն թերագնահատել և ոչ էլ մեզանում նկատված մարտավարական թերություններն անտեսել:

Այսպիսով, քառօրյա պատերազմը առաջ բերեց նաև որոշակի հարցեր, որոնց համար մենք այժմ  լուծումներ ենք որոնում: Պետք է կարողանանք մինչև իրական մարտական գործողությունների հնարավոր վերսկսումը  լիարժեք զարգացնել մեր ամբողջ անձնակազմի համապատասխան որակները, կարողությունները: Վերջին հաշվով մարտական ուսուցման կարևորագույն սկզբունքներից մեկն էլ. «Սովորեցնել այն, ինչ անհրաժեշտ է մարտի դաշտում» պահանջն է: Այժմ աշխատում ենք մի շարք զորավարժությունների, զորախաղերի մոդելավորման և անցկացման ուղղությամբ, որոնց շնորհիվ մեր անձնակազմն  իրեն կկարողանա զգալ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում և հետագայում անհրաժեշտության դեպքում էլ ավելի բարձր ցուցանիշներ կարձանագրի:

Պատրաստեց Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ