Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՐԴՈՂԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ



ԷՐԴՈՂԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆԹուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանը ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով նենգասպառնալիքի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Այսրկովկասում փորձում է ձևավորել ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտված է հակադրվելու ոչ միայն Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքին, այլև վերափոխելու ուժերի միջև հավասարակշռությունը: Ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին փաստացի ազդարարվել է մայիսի 15-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների՝ 2017 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համատեղ հայտարարությամբ:

2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը դուրս է եկել հետխորհրդային բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական կառույցներից՝ ընտրելով եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման ուղին: Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետո Մոսկվան կորցրել է Թբիլիսիի վրա ներազդելու բոլոր հնարավորությունները: Եվ բնական է, որ այսպիսի վիճակից փորձում են օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը՝ լայնորեն գործադրում են տնտեսական և ռազմաքաղաքական ներազդման բոլոր հնարքները:

 

Ռազմաքաղաքական գործոնը

Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման և նույնիսկ անդամակցության բանալին գտնվում է միայն իր ձեռքում, հետեւաբար, Թբիլիսին պարտավոր է մեծացնել Անկարայի հետ ռազմական համագործակցությունը: Անկարային գրեթե հաջողվել է Թբիլիսիում ձեւավորել այսպիսի տրամադրություններ: Պատահական չէ, որ  Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խիդաշելին օրեր առաջ հայտարարել էր, թե «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միակն է, որ անվերապահորեն կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ինտեգրմանը»: Ի տարբերություն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները զգուշավոր են արտահայտվում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսլականի մասին: Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն սկսել է զարգանալ 2007 թվականից, որպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մի մաս: Ակնհայտ է, որ վերջին տարիներին Անկարան անթաքույց փորձում է ցանկացած ձևով իր ծրագրերի մեջ ներքաշել Թբիլիսին:

 

Տարածքային ամբողջականության գործոնը

Բաքվի և Անկարայի ճնշման տակ Թբիլիսին հայտնվել է բավական բարդ իրավիճակում՝ ներքաշվելով աշխարհաքաղաքական նոր իրավիճակի մեջ:  Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձումը Վրաստանին համոզել իբր Հայաստանը սպառնում է նրա տարածքային ամբողջականությանը: Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի առիթով հայտարարել է Վրաստանի որեւէ տարածքի նկատմամբ Հայաստանի հավակնության մասին ցանկացած խոսակցություն անհեթեթություն է եւ ոչ նորմալ մարդու երեւակայություն:

Իրականում, Վրաստանի տարածքային ամբողջականությանն սպառնում է հենց Թուրքիան, որը ձգտում է ոչ միայն չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Աջարիան գտնվում է Վրաստանի կազմում, այլ հենց Աջարիայի հետագա պատկանելության վիճարկման հարցով պարտադրել Թբիլիսիին՝ շարժվելու իր համար ցանկալի ուղիով: Եթե Վրաստանը, ի վերջո, հրաժարվի մասնակցություն ունենալ թուրքական այդ ծրագրերին, չի բացառվում, որ Թուրքիան փորձի խռովություն կազմակերպել Աջարիայում՝ պահանջով, որ այդ երկրամասին ավելի լայն ինքնավարություն տրամադրվի, ընդհուպ՝ անկախացում:

 

Տնտեսական գործոնը

Վերջին տասը տարիներին Թուրքիան փորձում է ներքաշել Վրաստանը նաև տնտեսական բազմաբնույթ դաշինքների մեջ: Ավարտին է հասցվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշարը, դրան զուգահեռ Վրաստանի տարածքով Թուրքիան և Ադրբեջանը կկապվեն երկաթգծով: Վրաստանի տարանցիկ երկիր դառնալու հեռանկարները, թերևս, նվազեցվում են հենց թուրքական ազդեցությամբ, քանի որ Ռուսաստան-Հայաստան-Իրան տարանցիկ ծրագրերի այլընտրանք են դառնում: Օգտագործելով ռազմաքաղաքական գործոնը՝ Անկարան համոզում է Թբիլիսիին վերապահորեն մոտենալ Մոսկվայի բոլոր նախաձեռնություններին, իսկ Ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում՝ նույնիսկ կասեցնել տնտեսական կապը Հայաստանի հետ:

Սակայն  թուրք-ադրբեջանական տնտեսական ծավալապաշտությունը միտված չէ Վրաստանը զուտ տնտեսական այս կամ այն դաշինքի մեջ պահելուն: Ներկայումս Թուրքիան Վրաստանի առաջատար տնտեսական գործընկերն է, ընդ որում՝ Թուրքիայից Վրաստան ապրանքների ներկրումը 4 անգամ գերազանցում է հակառակ ուղղությանը: 2000 թվականից թուրքական ներդրումները կազմել են ավելի քան 1,4 միլիարդ դոլար, որը բոլոր ներդրումների գրեթե 20 տոկոսն է: Այնինչ, թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի գործարարները վերջին 5 տարիների ընթացքում մեծ ներդրումներ են իրականացնում հիմնականում Աջարիայում՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ երկրամասի արդյունաբերական և զբոսաշրջային կարևոր ոլորտները:

 

Կրոնա-մշակութային գործոնը

Ավելի քան 30 հազար թուրք, 2011 թվականից սկսած, ստացել է Վրաստանի քաղաքացիություն: Մեծացել է նաև մահմեդական բնակչության թիվը ոչ միայն Աջարիայում, այլեւ Վրաստանի մյուս շրջաններում: Հետաքրքրական է, որ Վրաստանում ընթանում է  շիա ադրբեջանցիների սունիացում ոչ առանց Թուրքիայի մասնակցության: Այսօր խոսվում է Աջարիայում միանգամից 4 մզկիթ կառուցելու մասին: Թուրքիան կատարել է 125 միլիոն դոլարի ներդրում՝ միայն մահմեդականներով բնակեցվող մի քաղաք հիմնելու համար:

Աջարիայում այժմ բնակվում է 150 հազար մահմեդական, որոնց մեջ ուժեղանում է Թուրքիայից եկող կրոնական գործիչների ազդեցությունը:

Այսպիսով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Այսրկովկասում իր արկածախնդրությունների համար պատրաստ է գործադրել ցանկացած միջոցներ, այդ թվում նաեւ՝ սպառնալիքներ:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1142) 15.06.2016 - 21.06.2016, Տարածաշրջան


15/06/2016