Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՈ՛ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ, Ո՛Չ ՑՈՒՑՔԻՆ



ԱՅՈ՛ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ, Ո՛Չ ՑՈՒՑՔԻՆԲարեգործությունը մարդկային մեծագույն առաքինություններից է: Ի՞նչ է բարեգործությունը, և ինչպիսի՞ն պետք է այն լինի… Ինչպե՞ս անել, որ բարեգործությունը չվիրավորի, մատի փաթաթան չդառնա, որ չընկալվի որպես շպրտված փշուր… Ի վերջո, բարեգործությունը ավելին է,  քան զուտ սոցիալական աջակցությունը: Այն նախեւառաջ բարոյական քայլ է: Եվ մի՞թե բարեգործությունը գովազդի կարիք ունի, մի՞թե արժե այդ մասին թմբկահարել հեռուստաընկերություններով, վերածել ցուցքի:  Մտածում էի՝ ո՞ւմ ուղղել այս հարցերը, ո՞վ բարոյական իրավունք ունի պատասխանելու, ո՞ւմ  խոսքը կընկալվի որպես խրատ ու խորհուրդ: Եվ թակեցի Գուրգեն Մելիքյանի դուռն ու  մի հարց տվեցի՝ «Ի՞նչ է բարեգործությունը, պարո՛ն Մելիքյան »:

 

Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, ընդգծեցին, որ մեր ժողովուրդն իր արյան մեջ է կրում ազատության տենչը: Ես հիացած եմ: Ինչպես չհիանալ, երբ տեսնում ես` մի ամբողջ ժողովուրդ, առանց որեւէ պետական կառույցի հրավերի, ոտքի ելած պատրաստակամ ճակատ է մեկնում՝ պաշտպանելու հայրենիքը, իր երկրի սահմանները: Եվ բնական է մարդկանց ձգտումը՝ ինչ-որ կերպ օգտակար լինելու երկրին ու ժողովրդին: Բարեգործությունը ողջունելի է, բայց այս ամենը պետք է հայեցակարգային լինի, լինի ուղղորդված: Ես չեմ ուզում, որ շահարկվի եւ զինվորին ցուցադրաբար ներկայացվի, թե մենք նրան օգնում ենք: Ով է ում պարտք, դեռ մեծ հարց է: Իհարկե, մենք ենք պարտք հայ զինվորին` 19-ամյա այն տղային, ով, թվում էր, չի գնա հերոսության, բայց, նորից եմ շեշտում, արյան կանչով հերոսացավ: Խոնարհումս նրանց, խունկ եւ օրհնություն: Փա՛ռք նրանց ծնողներին, որ այդպիսի երեխաներ են դաստիարակել: Իմ սեղանին մի նամակ կա, մայրը գրում է, որ տղան` Դավիթը, երկու ոտքից զրկվել է Թալիշի մարտերում: Իր խնդրանքն է փոխանցում: Ես զանգեցի եւ ասացի` մենք Ձեզ պարտք ենք, Դավիթի ճակատը համբուրեք, ես էլ Ձեր ձեռքն եմ համբուրում: Ես այս մասին պատմում եմ, որովհետև ես հանդես եմ գալիս որպես հիմնադրամի նախագահ:

Զինվորը պետք է այսօր հպարտ լինի եւ հնարավորություն ունենա ասելու` ինչ լավ է, որ ազնիվ մարդիկ կան: Ի վերջո, բարեգործությունը չպետք է ի ցույց դրվի: Նայեք` շատ-շատ ընկերներ ունեմ, որոնք օգնում են մեր հիմնադրամին, բայց երբեք չեն ուզում, որ իրենց անունը բարձրաձայնվի, ասում են` մի՛ գրեք: Հիմա էլ մեծ քանակությամբ բրինձ եմ ստացել, որը պետք է ուղարկեմ Արցախ` բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին, կույրերի միավորմանը: Բայց նորից անուններ չեմ նշում, որովհետեւ բարեգործությունը չի սիրում բարձրաձայնություն: Գիտեք` Ամերիկայում, Ֆրանսիայում միլիարդատերերի կանայք հիվանդանոցներում աշխատում են որպես բուժակներ, եւ ոչ ոք չգիտի, թե ով ով է: Աստվածահաճո գործ է բարեգործությունը, բայց ոչ թմբկահարվող: Ասածս ինչ է` լռակյաց գործեն, ինչքան հնարավոր է՝ անձայն եւ խոնարհ լինեն: Այդ դեպքում Աստված էլ կընդունի իրենց գործը:

Նաեւ գիտակցենք, որ մեր` սովորական մարդկանց ուսերին շատ մեծ առաքելություն է դրված՝ զինվորին մենակ չթողնել: Չարաշահողներն էլ պետք է խստագույնս պատժվեն:

Ով կփորձի այս վիճակից օգուտ քաղել, հավիտենական անեծքի կարժանանա:

Պատրաստեց Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

 

Հ.Գ. «Գուրգեն Մելիքյան Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»  բարեգործական բազում ծրագրեր է իրականացնում ազատագրված տարածքներում` նեցուկ կանգնելով արցախցուն: Հիմնադրամը պարբերաբար հանրակրթական դպրոցներում ճտքավոր եւ ամառային կոշիկներ է  բաժանում աշակերտներին, օգնություն տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին, փոխհատուցում պետական բուհերում կամ քոլեջներում ուսանողների վարձը եւ այլն: Եվ անում է լուռ, առանց ավելորդ աղմուկի: Ապրիլյան լարված օրերին էլ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանը՝ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, բանակի ու ժողովրդի կողքին էր:

Խորագիր՝ #18 (1138) 18.05.2016 - 24.05.2016, Բանակ և հասարակություն


19/05/2016