Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶՈՐԱՄԱՍԸ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է
ԶՈՐԱՄԱՍԸ ՔՍԱՆ ՏԱՐԵԿԱՆ Է

Օրերս հանդիսավոր պայմաններում նշվեց ՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյանի» անունը կրող զորամասի կազմավորման 20-րդ տարեդարձը: Գունդը կազմավորվել է 1996թ. ՀՀ ՊՆ մոտոհրաձգային 1-ին բրիգադի բազայի վրա՝ ժառանգելով հարուստ մարտական ուղի և ավանդույթներ: 1992-1994 թթ. բրիգադի կազմում գնդի զինծառայողները մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը, ապա իրականացրել նաև ՀՀ և Նախիջևանի սահմանների պահպանությունը:

Արդեն որպես առանձին ստորաբաժանում, զորամասը համալրվել է հզոր սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով: Բազմաթիվ ստուգումները փաստել են հրամանատարական կազմի և ստորաբաժանումների մարտավարամասնագիտական բարձր ունակությունները առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ: Արդյունքում՝ 2002թ. պաշտպանության նախարարի հրամանով զորամասին հանձնվել է մարտական դրոշ: Նմանատիպ ստորաբաժանումների շարքում զորամասը երկու անգամ լավագույնն է ճանաչվել զինված ուժերում:

Տոնի կապակցությամբ հանդիսավոր տողանի շարված անձնակազմին ողջունեց զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Նա շնորհակալություն հայտնեց սպաներին և զինվորներին՝ բարեխիղճ ծառայության համար, նշելով, որ իրենցից յուրաքանչյուրը նշանակալի ներդրում ունի զորամասի ընդհանուր առաջընթացում:

Զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Տոնոյանն իր խոսքում նշեց, որ Անդրանիկ Օզանյանի անունը կրող զորամասում ծառայելն արդեն իսկ մեծ պատիվ է: Առավել ևս՝ գնդի անցած ուղին պարզապես պարտավորեցնում է ջանք ու եռանդ չխնայել՝ ձեռք բերված բարի համբավի պահպանման և զարգացման համար: Միայն մարտական բարձր պատրաստականությամբ և մարտական խնդիրների կատարման վճռականությամբ է հնարավոր արտահայտել և գնահատել գնդի կազմավորման ու հետագա կայացման-հզորացման գործում զինվորականների դերակատարությունը՝ ավանդը: Նա նաև հավելեց, որ անձնակազմը, առաջնորդվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով, շարունակում է ամեն օր իրականացնել ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացմանը միտված պլանային միջոցառումները:

Տոնի առթիվ զորամասի մի շարք զինծառայողներ արժանացան պարգևների:

 

Արսեն ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ