Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ



ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Ստորեւ տպագրում ենք ռուս քաղաքագետ, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի հոդվածը՝  հրապարակված ռուսաստանյան «Վոյեննո-պրոմիշլեննիյ Կուրիեր» պարբերականում: Այս անգամ թեման ադրբեջանական զինուժն է: Հեղինակը Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրենն է: Հոդվածում նա անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, մասնավորապես՝ ռուս-թուրքական հնարավոր ռազմական հակամարտությանը եւ դրանց մեջ Ադրբեջանի ու Հայաստանի ներքաշմանը:

Հոդվածը ներկայացնում ենք ռազմական պատմաբան Մնացական Խաչատրյանի թարգմանությամբ եւ մեկնաբանություններով:

 

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

Ռուսաստանն այս դեպքում հայտնվում է շատ փափուկ դրության մեջ. չէ՞ որ բոլոր հարձակողական սպառազինությունները Ադրբեջանին հենց ինքն է վաճառել: Դժվար է ենթադրել, որ Մոսկվայում չէին հասկանում, թե այդ տեխնիկան ինչի համար է նախատեսված. իհարկե մեր ՀԱՊԿ-ի գծով մերձավորագույն դաշնակցի դեմ:

Իրավիճակը կրկնակի բարդանում է այն պատճառով, որ Անկարայի (Բաքվի գլխավոր դաշնակցի)  հետ բազմամյա տարօրինակ խաղերը ավարտվեցին սպասելի ձախողմամբ և կոշտ դիմակայությամբ: Այդ կապակցությամբ նոր պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է շատ հեշտությամբ վերաճել նրանց «ավագ ընկերների»` Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինված հակամարտության: Ընդսմին պահպանվում է հենց նրանց ուղղակի ռազմական բախման հնարավորությունը Սիրիայի պատճառով: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ «ավագները» սահմանակից չեն իրենց «կրտսեր» դաշնակիցներին:

 

ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸՄեկնաբանություն

Խրամչիխինը, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ, քանզի Թուրքիան դեռ 1932թ. հատուկ կերպով տարածքային փոխանակություններ անելով Իրանի հետ, ընդհանուր ցամաքային սահման էր ստեղծել կովկասյան թուրքերի պետության` Ադրբեջանի հետ: Այսօր թուրք-ադրբեջանական սահմանը, որն անցնում է 1921թ. մարտի 16-ին Մոսկվայի բոլշևիկա-քեմալական բարեկամության և եղբայրության պայմանագրով Ադրբեջանին նվիրած հայկական երկրամասերից մեկի` Նախիջևանի հետ, կազմում է 14 կմ (ըստ թուրք-ադրբեջանական տվյալների և կամ 9 կմ` ըստ խորհրդային քարտեզների):

 

Դրա փոխարեն նրանք սահմանակցում են իրենց «կրտսեր» հակառակորդներին. Ռուսաստանը` Ադրբեջանին, Թուրքիան` Հայաստանին: Եվ  պակաս հավանական չէ, որ Բաքվին վաճառված ռուսական մարտական տեխնիկան կպատերազմի ոչ միայն մեր մերձավորագույն դաշնակցի` Հայաստանի դեմ, այլև` ռուսական բանակի դեմ:

Եթե Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմ սկսվի, որի մեջ կներքաշվի և Հայաստանը, ապա Բաքվում ուժեղ գայթակղություն կառաջանա` Արցախին հարվածել հյուսիսից, օգտվելով այն բանից, որ հայկական զինված ուժերը լիովին գործադրված կլինեն թուրքական ռազմաճակատում: Սակայն այդ դեպքում ինքը՝ Ադրբեջանն էլ հնարավորություն կունենա հարված ստանալու հյուսիսից` Ռուսաստանից: Ավելին, գոյություն ունի զգալի հավանականություն, որ Իրանն էլ պարզապես համակրանք չի դրսևորի ռուս-հայկական դաշնախմբի նկատմամբ, այլ ուղղակիորեն կպատերազմի վերջինիս կողմից:

 

Մեկնաբանություն

Խրամչիխինը, մեղմ ասած, այնքան էլ ուժեղ չէ աշխարհագրությունից, քանզի Ադրբեջանը Արցախից ոչ միայն և ոչ այնքան դեպի հյուսիս է գտնվում, որքան` դեպի արևելք, ուստի, ռուս վերլուծաբանի կանխատեսած հարվածն էլ Բաքուն ավելի շուտ արևելքից կհասցնի: Չնայած մենք չենք կարող բացառել նաև Արցախին հակառակորդի հավանական հարվածի հյուսիսային ուղղությունը` Շահումյանի շրջանից դեպի Մարտակերտ, ինչպես նաև` հարվածը Քարվաճառին:

 

Այնժամ Ադրբեջանին հարվածներ կհասնեն նաև հարավից, ինչը կզրոյացնի իր ոչ թե հաղթանակի, այլ պարզապես ողջ մնալու հավանականությունը:

Ուստի Բաքուն սկզբում կհետևի ռազմաճակատում իրադրությանը, և եթե այն դասավորվի ոչ հօգուտ Թուրքիայի, ձեռնպահ կմնա պատերազմից: Սակայն  այդ դեպքում Ադրբեջանը պետք է մոռանա Արցախի մասին. առնվազն մոռանա մի քանի տասնամյակով, իսկ առավելագույնը` ընդհանրապես մոռանա:

 

Մեկնաբանություն

Խրամչիխինը գուցե այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից, կանխատեսելով տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի նման զարգացումներ: Մեզ մնում է այս ռազմաքաղաքական վերլուծությունից և նման այլ նյութերից ու իրադրության ամբողջական գնահատումից կատարել հնարավորինս ճիշտ եզրակացություններ: Ակնհայտ է, որ հակառակորդի, իսկ ավելի ճիշտ՝ մեր երկու հավանական հակառակորդների զգալի քանակական գերազանցության պայմաններում մեզ՝ հայերիս մնում է առավել մեծ ուշադրություն դարձնել մեր բանակի հզորացմանը, խուսանավելու ու կրակային հզորության ավելացմանը, փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու ունակության բարձրացմանը, Հայաստանի ամբողջ պաշտպանական համակարգի առավել կատարելագործմանն ու ամրապնդմանը, բնակչության և տնտեսության քաղաքացիական պաշտպանության լիակատար ապահովմանը: Նաև պաշտպանական համակարգի կատարելագործման ու ամրապնդման շրջանակներում ուշ չէ սկսել աշխատանքները` ՀՀ-ում այնպիսի սեփական պաշտպանական համակարգի ստեղծման ուղղությամբ, որի հիմքում կարող են լինել շվեյցարական և իսրայելական պաշտպանական համակարգերի լավագույն ավանդույթները, ինչպես նաև գրեթե քառորդ դար մեր դեմ Ադրբեջանի մղած ու հետզհետե սաստկացող չհայտարարված պատերազմի բերած վիթխարի փորձը: Ապագան այն երկրներինն ու ժողովուրդներինն է, որոնք կկարողանան առաջ անցնել մյուսներից իրենց գիտատեխնիկական նվաճումներով, համախմբվածությամբ, հեռահար ազգային նպատակներով և դրանց հասնելու աննկուն կամքով:

Խորագիր՝ #14 (1134) 20.04.2016 - 26.04.2016, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


20/04/2016