Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՐԱՆՍԻԱՑԻՆ



Նա Մերուժան Վարդանյանն էր. հորս Ռուշան հորեղբոր հինգ տղաներից մեկը։ 1960-ականների սկզբներին Ֆրանսիայից Մերուժանն ընտանիքով վերադարձավ հայրենիք՝ Գառնի։ Հայրս մեր ազգի ջահելների հետ գնացել էր նրանց դիմավորելու, տուն բերելու, երբ հետ եկավ, մորս ասաց. «…Պատերազմի ժամանակ գերի է ընկել, փախել է համակենտրոնացման ճամբարից, անցել է Ֆրանսիա ու միանալով պարտիզաններին՝ կռվել է Ֆրանսիայի ազատագրության համար։ Հա՛, մի թեւը չկա, այն թողել է Ֆրանսիայի անտառներում…»։ Հետո հայրս ու մայրս պայմանավորվեցին, որ մի օր միասին կգնան ու ավելի մոտիկից կծանոթանան ֆրանսիացիների հետ։
Հորեղբայր Մերուժանն ուներ շատ գեղեցիկ երկու աղջիկներ՝ Անահիտ եւ Աստղիկ անուններով, եւ երկու տղաներ՝ Ռուշանն ու Վարուժանը։ Վերջինիս նաեւ Պատրիկ էին ասում։ Կինը՝ տիկին Անուշը, Ֆրանսիայում ծնված, մեծացած հայուհի էր, այնտեղ ուներ քույրեր, եղբայրներ։ Ավելի ուշ իմացանք, որ նա Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ է եղել, եւ այդ փաստն էլ կարեւոր նշանակություն է ունեցել հայրենիք վերադառնալու թույլտվություն ստանալու հարցում։ Մարսել քաղաքից եկած երեխաները գյուղում իրենց շատ ազատ էին զգում։ Մանավանդ Ռուշանը, որ առանձնանում էր անսովոր ուժով ու խենթությամբ, շրջապատում ամեն ինչ ջարդել-փշրելու մոլուցք ուներ։ «Վայրենի են, վայրենի»՝ ամեն անգամ նրանց տնից վերադառնալիս ասում էր մայրս։ Գյուղում Մերուժան հորեղբայրս սկզբում նշանակվեց հացահատիկի պահեստապետ, հետո դարձրին այգիների պահակ։ Նա գերազանց հրաձիգ էր, մի ձեռքով էլ կրակում էր անվրեպ եւ զբաղվում էր ձկնորսությամբ ու որսորդությամբ։ Նա ինքն էր արճճից գնդակ ու կոտորակ ձուլում, ձկան ցանցեր նորոգում։ Ասում էին, որ ֆրանսիացին շատ ընդունակ է եղել լեզուներ սովորելու հարցում եւ ազատ խոսում է տարբեր ժողովուրդների լեզուներով։ Ընդհանրապես, նրանք փակ, գաղտնապահ ընտանիք էին, եւ երբ տանը հյուրեր էին ունենում, միմյանց հետ խոսում էին ֆրանսերեն։ Բոլորից պարզամիտն ու «բերանբացը» Ռուշանն էր։ Նա շատ էր մտերմացել մեր ընտանիքի հետ ու հաճախակի էր մեր տուն գալիս։ Մի անգամ էլ բերանից թռցրեց, որ հայրը Ֆրանսիայի ցմահ թոշակառու է եւ երեք ամիսը մեկ ստանում է իր թոշակը, ամսվա հաշվով՝ 120 ռուբլի, բայց, թե որքան էր ֆրանսիական կառավարության նշանակած թոշակի իրական չափը, չգիտեր նույնիսկ Ռուշանը։ Իսկ սովետական ռուբլին Մերուժանի համար արժեք չուներ, փող չէր, բացի Լենինի գլխով կարմիր տասանոցներից։ Մինչեւ կյանքի վերջն էլ նա գրպանում միմիայն տասանոցներ էր պահում։ Ֆրանսիացու պատերազմական գործունեության մասին տարբեր պատմություններ էին պտտվում։ Ոմանք ասում էին, որ նա Ֆրանսիայի հերոս է, ուրիշներն էլ պնդում էին, թե հերոս չէ, բայց հերոսից պակաս էլ չէ։ Կային մարդիկ էլ, որ վստահաբար ասում էին, թե Ֆրանսիայում նրա անունով փողոց կա, մի քանիսն էլ ավելացնում էին, թե այդ փողոցում կիսանդրին էլ է տեղադրված։ Այս խոսակցությունները, որոնց հավաստիությունն ինձ չի էլ հետաքրքրում, մինչեւ այժմ էլ շարունակվում են, իսկ դեռ վաթսունականների կեսերին Ռուշանն ինձ ասաց, որ հայրը մայիսի 9-ի առթիվ շնորհավորական հեռագիր է ստացել Շառլ դը Գոլից։ Այդ ժամանակ ես չգիտեի, թե ով է Շառլ դը Գոլը, եւ երբ Ռուշանին հարցրի, թե ով է նա, վերջինս ասաց. «Ֆրանսիացի գեներալ է, ամեն տարի հաղթանակի օրվա առթիվ հորս շնորհավորական հեռագիր է ուղարկում»։
Գյուղում ֆրանսիացուն, այսինքն՝ Մերուժան Վարդանյանին, կամաց-կամաց սկսեցին չսիրել եւ համարում էին, որ նա վատ մարդ է, չկամ, խորամանկ, լրտես, սատանա։ Պատճառը ինձ պարզ դարձավ մեր տանը տեղի ունեցած հորս եւ Նավասարդի (նրա մայրը մեր ազգի աղջիկ էր, եւ նա հորս քեռի էր ասում) միջեւ տեղի ունեցած խոսակցությունից.
-Չի ասում, քեռի ջան, ինչ անում եմ՝ ոչ մի բան չի ասում, շատ չկամ է, ոնց որ ֆաշիստ լինի,- ասաց Նավասարդը։
-Գործ չունես, իմանա էլ չի ասի, էդ էնքան էլ հեշտ բան չէ,- հանգստացնում էր նրան հայրս։
-Չէ՛, ես հաստատ գիտեմ՝ հերս կա, չի զոհվել ու իր ուղարկած պասիլկեքը (ծանրոցները) փոշտի (փոստատան) պետի՝ Հարութի հետ մեջ-մեջ են անում, դրա համար էլ վիզ չի առնում, որ հորս տեղը գիտի, ինչ անում եմ, ասում է՝ չգիտեմ, չեմ տեսել, չեմ լսել։ Սուտ է ասում, իմ հերը հաստատ կա, ու Ֆրանսիայում էլ իրար հետ են եղել,- զայրացած ասում էր Նավասարդը։
Հայրենական պատերազմի ժամանակ մեր գյուղը 220 զոհ է տվել, ու թեեւ պատերազմից 25-30 տարի էր անցել, այս 220-ից առնվազն 20-ի հարազատները (մայրերը, կանայք, եղբայրները, որդիները) չէին հաշտվում-համակերպվում իրողությանը, չէին հավատում ստացած սեւ թղթերին եւ վստահ էին, որ իրենց զինվորը (որդին, ամուսինը, հայրը, եղբայրը) չի զոհվել եւ ապրում է ինչ-որ մի տեղ ֆրանսիաներում, Մերուժանն էլ նրա տեղի գիտի ու չի ասում։ Նրանց կասկածն ավելի էր խորանում ֆրանսիացու եւ փոստատան պետի միջեւ եղած մտերմության, ընկերության փաստից։ Այդ տարիներին աներեր հավատի տեր այս մարդիկ, ֆրանսիացուց հույսները կտրած, հաճախ էին գնում տաճարի տարածքը եւ փորձում զրուցել արտասահմանից եկած տուրիստական խմբերում եղող հայերի հետ ու փորձում նրանցից ինչ-որ բան իմանալ պատերազմում չզոհված իրենց հարազատների մասին։ Իսկ որ Մերուժանի ընտանիքը Ֆրանսիայից ծանրոցներ էր ստանում եւ ձգտում էր այդ բանը ծածուկ պահել, ինձ համար ակնհայտ դարձավ ավելի ուշ։ Բանակում ծառայությունն ավարտելուց հետո մի օր Ռուշանը մեր տուն եկավ մի մեծ փաթեթով։ Բացելով այն ասաց. «Տես, թե ինչ ունեմ»։ Դա «Բիթլզի» ձայնասկավառակների հավաքածու էր։ Չորս կողմերով բացվող ալբոմն ուներ տասներկու էջ, յուրաքանչյուրում մի սկավառակ։ Ամենաբարձր որակի պատկերազարդ այդ հրատարակությունը, իրոք, ինձ զարմացրեց։ Երբ Ռուշանին հարցրի, թե որտեղից, զգացի, որ հարցս դուրը չեկավ.
-Քո ինչ գործն է որտեղից,- ասաց եւ ավելացրեց՝ Վլադիվաստոկից, բանակից գալուց հետս եմ բերել։
Ես նրա հետ գլուխ չդրեցի, որովհետեւ գիտեի, որ նա Չիտայում է ծառայել ու Վլադիվոստոկում չի եղել, եւ պարզ էր, որ այն մորաքույրը կամ էլ քեռին է ուղարկել Ֆրանսիայից։
Ես հորեղբայր Մերուժանի հետ վերջին անգամ զրուցեցի 1985թ. ամռանը։ Գյուղի կենտրոնում ավտոբուսի էի սպասում։ Եկավ, կռացավ ցայտաղբյուրին, կուշտ ջուր խմեց, հետո ուղիղ նայելով աչքերիս մեջ՝ ասաց. «Դո՞ւ ես, ախպոր տղա» ու նստեց կողքիս։
-Դե՛, ասա, ո՞նց ես, ի՞նչ ես անում,- հարցրեց։
-Սովորում եմ համալսարանում։
-Ի՞նչ ես դառնալու,- շարունակեց։
-Ժուռնալիստ, դասատու, գրականագետ, տեսնենք, ոնց կստացվի։
-Վատ չի, լավ ա, լավ ա…
Հետո ես սկսեցի հարցեր տալ։ Հետաքրքրվեցի, թե քանի լեզու գիտի։
-Բալես, էս տարի, մայիսի 9-ի առթիվ մեզ՝ վետերաններիս, տարել էին Ուկրաինա։ Մեկ էլ մի խախոլ հարցրեց, թե որտեղից գիտեմ իրենց լեզուն։ Ես չէի էլ զգացել, թե ինչպես եմ ռուսերենից անցել ուկրաիներենի։ Մի ամիս, որ ժողովրդի մեջ եղել եմ, էդ լեզվով ազատ խոսել եմ։ Ճամբարում շատ ազգեր կային, բոլորի հետ էլ վարժ խոսում էի։ Մի օր հետաքրքրության համար հաշվեցի, տեսա, որ տասներեք լեզուներով կարող եմ խոսել։
-Իսկ Ֆրանսիայում կյանքը, ապրուստը ո՞նց էր։
Ծիծաղեց.
-Բալես, Մարսելում առավոտ որ զարթնում էինք, իրար հարցնում էինք. «պանը քանի ա», էս պանը ոսկին էր, ոսկու առեւտուր էին անում, շատ լավ էր։
-Հոպար, իրոք, Ֆրանսիայում ուրիշ գառնեցիներ էլ կա՞ն,- խոսքն առաջ տարա ես։
-Է՜հ,- ծոր տվեց,- բալես, ոչ մեկն էլ չկա, ասում եմ՝ չեմ տեսել, չգիտեմ, չեն հավատում, հո հետները կռիվ չեմ տալու, որ ինձ հավատան։ Թող ապրեն հույսով, հույսը լավ բան է։
Ավտոբուսը եկավ, ու իմ զրույցը կիսատ մնաց, մինչդեռ ուզում էի իր անցած մարտական ուղու, ստացած պարգեւների մասին էլ հարցնել։
Ցավոք, մեր այս զրույցը շարունակություն չունեցավ։ Շուտով սկսվեց Արցախյան շարժումը, որ վերաճեց երկարատեւ ազատագրական պատերազմի։ Այդ ընթացքում երկրային կյանքից հեռացան ե՛ւ Մերուժանը, ե՛ւ տիկին Անուշը։
Պատերազմի եւ շրջափակման հետեւանքով Հայաստանի տնտեսությունը քայքայվել էր, չկար աշխատանքի հեռանկար, եւ նրանց զավակները որոշեցին տեղափոխվել Ֆրանսիա։ Այդ հարցում նրանց աջակցեց եւ տեղափոխությունն առանց բարդությունների կազմակերպեց մեր երկրում Ֆրանսիայի դեսպանատունը։ Սկզբում գնաց Վարուժանը, հետո գնացին Աստղիկն ու Անահիտը՝ իրենց երեխաներով։ Ռուշանը երկմտանքի մեջ էր, ձգձգում, չէր ուզում գնալ, բայց ի վերջո նա էլ բռնեց հետդարձի ճամփան։ Մինչ մեկնելը հանդիպեցի նրան, խնդրեցի, որ տա հոր փաստաթղթերը՝ ծանոթանամ եւ հոդված գրեմ։ Լսեց, մի պահ լռեց, ապա զայրացած պոռթկաց.
-Իմ հերը Ռուսաստանում, Ֆրանսիայում Հայաստանի համար է կռվել, հիմա նա չկա, ես նրա տունը վաճառել եմ, մենք գնում ենք, ո՞ւմ համար գրես, ինչի՞ գրես։
Խոսակցությունը շարունակելն անիմաստ էր։
Անկախության քսան տարիները ցույց տվեցին, որ Մերուժան Վարդանյանը շիտակ, ուղղախոս մարդ էր։ Նա ոչ մեկին ո՛չ խաբում էր, ո՛չ էլ ուզում էր հուսախաբ անել։ Պատերազմում, իրոք, զոհվել էին բոլոր 220 գառնեցիները։ Նրանցից ոչ մեկը ողջ չէր ու չէր ապրում ինչ-որ մի տեղ՝ ֆրանսիաներում։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Հոգևոր-մշակութային


15/06/2011