Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՆՔ ԱՆՑԱՎՈՐԱՑ, ԴՈՒ ՄՆԱՑՈՂԱՑ…



…Տեսա, որ բյուրավոր ու բյուրավոր ծննդաբեր մայրեր սեւահեր
Իրենց նորածին զավակները ձեռքերնուն մեջ ու խելահեղորեն դեպի վե՜ր
Արյունոտած հորիզոններուն ամբարձուցին,
Զանոնք առավոտին ճառագայթներուն խորը մխրճելով,
Աստվածածին լույսերուն մեջ մկրտելու համար…

Ամեն անգամ ԼՂՀ զոհված ազատամարտիկների թանգարան ոտք դնելիս մտքումս աղոթքի նման հնչում է Սիամանթոյի այս բանաստեղծությունը՝ «Արշալույսները»…
Ամենուր լուսանկարներ են՝ երիտասարդ, ալեհեր. հայր, մայր, որդի, աղջնակ, տատ, պապ… Հայացքներ, դեմքեր՝ խոհուն, ժպտուն, ծիծաղկոտ, սիրակարոտ, երազուն, սիրառատ… Եվ ասես տեսնում ես նրանց մայրերին, ովքեր իրենց նորածին զավակներին բարձրացնում են վեր՝ «Աստվածածին լույսերուն մեջ մկրտելու համար»…
Թանգարանի տնօրեն Գալյա Առստամյանը որդու օրորոցը սրտի մի անկյունում պահ տված՝ անանձնական հպարտությամբ այցելուներին իր առատ, շռայլ հոգուց սեր է տալիս, հույս, բարություն, անանձնական հպարտություն, համբերություն է բաժանում աշխարհին, համայն մարդկությանը, որդեկորույս մայրերին…
«Իմ զավակներն են, իմ որդիները, իմ Արցախ աշխարհի լույսի ավետաբերները։ Մի բռունցքի չափ մայրական սիրտը այդ ոնց է տանում, ոնց է դիմանում։ Աղոթում ենք ամենքս՝ հանուն Արցախ աշխարհի նահատակների, Սո՜ւրբ Հոգու…»։
«Ի խորոց սրտի եւ հոգու խորքից լուռ խոնարհվում ենք ձեր սուրբ հիշատակի առաջ»,- գրում է տիկին Գալյան,- ու արդեն քանիերորդ անգամ նրանց հայացքները հանդիպում են, քանիերորդ անգամ իր մայրական ձեռքի քնքուշ ափերով գուրգուրում է նրանց… Այսպես գուրգուրում է Արցախ աշխարհի ամեն մի անկյունում կանգնեցված հուշակոթողն ու խաչքարը, հերոսների մասին հիշեցնող ամեն մի մասունք։ Ի՜նչ նվիրումով, մայրական ի՜նչ ջերմությամբ ու համբերությամբ ապրողներիս հանձնեց «Սպասում», «Իմ սերը ձեզ հետ է, ողջեր եւ նահատակներ», «Ստեփանակերտ, փառքի հուշամատյան» գրքերը, ստվարածավալ այս գիրքը՝ «ԼՂՀ ազգային ազատագրական պայքարի փառքի հուշամատյանը»։
Այս գիրքը բյուրանուն հուշարձան է Արցախի բարձրիկ սարերին, որտեղից երեւում են Հայաստան և Արցախ աշխարհները` իրենց հազար ու մի գույներով… Եվ այդ հուշարձան-գրքի հերոսների` երկնի կապույտին ուղղված հայացքներից օրհնություն ու երազներ, խաղաղություն է լցվում հայոց սարերին, բնակավայրերին։ Այդ կապույտին ձգտող նորածիններ են լույս աշխարհ գալիս։ «Այս հուշամատյանը սովորական հուշամատյան չէ։ Այն հավաքվել եւ գրվել է ցավով, տառապանքով, կսկիծով։ Ամեն ծնվողի հետ ծնվել եմ, ամեն զոհվողի հետ զոհվել եմ։ Չգիտեմ՝ ոնց եմ ուշքի եկել։ Հավերժի ճամփորդ սուրբ նահատակների լռին ու խոսուն նկար-պատկերների հետ կսկիծով, ցավով, անհուն դառնությամբ զրուցող-խորհող, դառնահեծ ողբող, ապա եւ՝ դեպի խաղաղ երկինքն իր լիքը հոգով հասնող-բարձրացող, նրանց անմար հիշատակը փառքով օծող-զարդարող վշտահեծ մայրը` մեկը շատերից, ու նաեւ Մայրը պատերից կախված բյուր որդիների, մարտիրոսների, նրանց հոգու ճիչը ամեն պահ ու ակնթարթ լսող ու ըմպող բոլո՜ր-բոլորի Մայրը եւ Հարազատը»,- գրում է Գալյա մայրիկը։
Եվ Գալյա մայրիկին ամեն օր, ամեն պահ թվում է, թե հեռու-հեռուներից մեղմիկ քամին իր հետ ձայներ է բերում։ Ասես լսում է տղաների, իր որդու ձայնը..
Ու Մայրն արցունքների միջից ժպտում է ու հայացքը Քիրսին, Մռավին՝ ձեռքը մեկնում է նրանց ուղղությամբ այնպես, ինչպես Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպում հայոց Մեծ Տիկինն է դիմում Մասիսին.
-Բարձրիկ, մաքուր, ազատ Մասիս, մենք անցավորաց, դու մնացողաց, դու տես, դու պատմիր»։
Եվ Միայն Մռավը, Քիրսը, Մասիսը կարող են տեսնել անտեսանելին ու պատմել անպատմելին…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Հոգևոր-մշակութային


15/06/2011