Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՈ ԽՈՍՔԵՐՈՎ ՊԻՏ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՍ…



«Մարդու համար փառք է հեռու մնալ հայհոյանքներից, բայց ամեն մի անզգամ խառնվում է այդպիսի բաների»
(Առակ. Ի 3)

Այս խոսքերն արտասանվել են Սողոմոն Իմաստունի բերանից շատ վաղուց, բայց այսօր էլ այժմեական են, որովհետեւ մեր առօրյայում կամա թե ակամա շատերն ընկնում են հենց այս մեղքի մեջ։ Ցավալին այն է, որ շատ հաճախ հայհոյելը մեղք ենք համարում, ավելին՝ նույնիսկ չենք էլ ցանկանում ուշադրություն դարձնել այդ նողկալի երեւույթին՝ այն համարելով չնչին մի բան կամ էլ լավագույն դեպքում, եթե անդրադառնում էլ ենք, ապա ամեն կերպ աշխատում ենք արդարացնել ինքներս մեզ՝ ասելով, որ հայհոյելն ուղղակի պահից դրդված էր կամ որեւէ դիտավորություն չպետք է դրա մեջ տեսնել եւ փնտրել։ Իսկ երբեմն էլ կարելի է լսել՝ «Խոսք էր՝ ասացինք առանց հետին մտքի, անցավ-գնաց, էլ ինչ կարիք կա վերստին դրան դառնալու»։ Շատերն ամեն օր են հայհոյում, իսկ շատերի համար էլ նմանատիպ խոսելաձեւը դարձել է կենսակերպ։ Ոմանք էլ սխալմամբ կարծում են, թե հայհոյելով իրենց արիությունն ու առավելությունն են ցույց տալիս մյուսների նկատմամբ։
Ս. Գրքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը, հանդիմանելով փարիսեցիներին, ասում է. «Լսեցե՛ք եւ իմացե՛ք. ոչ թե՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, ա՛յն է պղծում մարդուն» (Մատթ. ԺԵ 10-11)։ Այսինքն՝ Քրիստոս ուզում էր հասկացնել նրանց, որ ուտելիքը կամ անլվա ձեռքերով ուտելը չէ, որ պղծում են մարդուն, այլ այն ամենը, ինչ դուրս է գալիս մարդու բերանից, այլ կերպ՝ սրտից։ Ուստի Տերը շարունակում է իր միտքը. «Քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ» (Մատթ. ԺԵ 19)։ Ավետարանական այս դրվագից պարզ է դառնում, որ Տերն ի շարս այլ մեղքերի, հայհոյանքն էլ համարում է զազրելի մի մեղք, որ պղծում եւ ապականում է մարդուն՝ հեռացնելով արարածին իր Արարչից։ Իսկ եթե այն մեղք է, պետք է խորշել դրանից ու հեռու մնալ։
Պողոս առաքյալն էլ իր թղթերում պատվիրում է, որ թոթափենք մեր բերաններից բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, քանզի այս ամենը հատուկ են միայն հին մարդուն եւ որպես Աստծո ընտրյալներ՝ հագնենք նորը՝ զինվելով քրիստոնեական ճշմարիտ ու ազնիվ առաքինություններով, որոնք մարդուն կատարելության են տանում (տե՛ս Կող. Գ. 8-16)։ Իսկ Հակոբոս առաքյալն իր ընդհանրական թղթի Գ գլխում գրում է լեզվի մասին՝ հորդորելով հնազանդեցնել այն. «Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ է հաստատված, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կյանքը՝ բորբոքված գեհենի կրակով»։ Եկեղեցու Ս. Հայրերը եւս իրենց գրվածքներում դատապարտում են հայհոյության երեւույթը եւ խորհուրդ տալիս հեռու մնալ այս մեղքից, քանզի այն կուտակումն է այլ մեղքերի։ Հայհոյանքի պատճառ կարող են լինել ոխակալությունը, ատելությունը, չարախոսությունը, նախանձը, բամբասանքը, հեշտասիրությունը, բարկությունը եւ այլն։
Երբ մենք հայհոյում ենք մեր դիմացինին, որը մեզ նման Աստծո պատկերով ու նմանությամբ է ստեղծվել, մենք մեր Արարչին ենք անպատվում եւ անարգում։ Հայհոյանքը մեր թույլ եւ տկար լինելն է վկայում։ Որովհետեւ եթե դիմացինիդ չես կարողանում մարդավայել եւ պատշաճ խոսքերով բացատրել կամ քո ուզածն ասել ու հայհոյանքին ես դիմում, ուրեմն տկար ես։ Եվ սխալն ինքդ քո մեջ պետք է փնտրես։ Հայհոյողների միջավայրում շրջակա ամեն ինչ լցվում է այդ աղտեղի մթնոլորտով։ Իսկ դրանով գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ մենք դառնում ենք սատանայի ու նրա գործակիցների կամակատարը՝ ուրախացնելով նրանց եւ տրտմեցնելով Աստծուն, ով միշտ ցանկանում է մեր մեջ վերականգնված տեսնել իր պատկերն ու նմանությունը։
Այստեղ հարկ ենք համարում անդրադառնալ մեկ այլ սոսկալի երեւույթի եւս, որ կարծես տարածվել է հայկական ընտանիքներում։ Խոսքը մանուկներին հայհոյանք սովորեցնելու մասին է։ Երբ մեր տուն ազգականներից, մտերիմներից կամ պարզապես ինչ-որ հյուր է գալիս, մենք առաջին հերթին ուրախանում եւ պարծենում ենք, որ երեխան կարող է հայհոյել ոչ միայն բերանով, այլ նաեւ իր ձեռքերի շարժումներով։ Եվ այդ ժամանակ երեխային կանչում ենք, խնդրում, որ հայհոյի դիմացինին՝ խոստանալով այս կամ այն պարգեւը, իսկ հետո բոլորս ծիծաղում ենք դրա վրա եւ գոհանում ինքներս մեզնով՝ ասես քաջագործություն ենք արել կամ բարիք գործել։ Երբեմն էլ կոնֆետով կամ այլ քաղցրավենիքով ենք պարգեւատրում երեխային՝ հայհոյելու համար։ Փոխանակ երեխային խրատենք ու բարի բաներ սովորեցնենք, ուրախանում ենք նրա հայհոյանք տալով։ Ի՜նչ լավ կլիներ, որ այդ երեխայի բերանից աղոթք եւ օրհնություն դուրս գար, կամ գեղեցիկ ու իմաստալից մի բանաստեղծություն կամ պարզապես մի բարի խոսք։ Ահա այս դեպքում իրապես արժե ուրախանալ եւ ցնծալ…
…Եկե՛ք ազատագրենք ինքներս մեզ այս ահավոր ախտից եւ սրբության ու կատարելության ճամփան բռնենք՝ միշտ ի մտի ունենալով Ս. Գրքի հետեւյալ աստվածաշունչ խոսքը. «Քո խոսքերով պիտի արդարանաս եւ քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. ԺԲ 37)։

ՏԻԳՐԱՆ սրկ. ԲԱՂՈՒՄՅԱՆ
Վազգեն Սարգսյանի անվան ՌԻ
հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Հոգևոր-մշակութային


15/06/2011