Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՐՁՈՒՆՔԸ ՄԵՐՆ Է



Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իրավամբ համարվում է մեր զինված ուժերի համար սպաների պատրաստման դարբնոց: Զինվորական տարբեր մասնագիտությունների գծով ինստիտուտում բարձրակարգ ուսուցում է ստանում բանակի ապագա սպայակազմի հիմքը` վաղվա հրամանատարներն ու գեներալները, ընդ որում, այսօր արդեն բարձրաստիճան զինվորականների, դիրքերում զինվորների հետ միասին սահմանները վերահսկող սպաների մի զգալի մասը ինստիտուտի շրջանավարտ է:
Կադրային զինվորականին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների տրամադրումը մշտապես զարգացման, ժամանակին համահունչ կատարելագործման պահանջ ունեցող գործընթաց է, եւ ռազմական ինստիտուտում ամեն օր ձգտում են վերահաստատել հայրենի զինված ուժերի գլխավոր կրթական հաստատության բարձր համարումը: Թե՛ ուսումնական գործընթացը, թե՛ ռազմահայրենասիրական միջոցառումները կազմակերպելիս հաշվի է առնվում գլխավոր նպատակը` ՀՀ զինված ուժերի համար պատրաստել առավել գիտակ, հայրենասեր, ֆիզիկապես եւ հոգեպես տոկուն սպաներ:
Ինստիտուտի հրամանատարության հերթական նախաձեռնությունը միտված է կուրսանտների հայրենաճանաչողությանը, հայրենասիրության ամրապնդմանը, դժվար իրավիճակներում կողմնորոշվելու, նաեւ ֆիզիկական ունակությունների զարգացմանը: Ինչպես նշեց ինստիտուտի պետի տեղակալ գնդապետ Մ. Հակոբյանը, եթե նախորդ տարի կուրսանտների մի խումբ բարձրացել էր Արագածի գագաթը, ապա այս տարի որոշվել է ընդլայնել նախաձեռնության շրջանակները, եւ յուրաքանչյուր կուրսից մեկ խմբի «հատկացվել է» մեկ գագաթ: Ուսումնական գործընթացն ապահովող գումարտակի անձնակազմը բարձրացել է Թեղենիս, առաջին կուրսեցիները` Ամբերդ, երկրորդ կուրսեցիները` Հատիս լեռը: Բարձր կուրսերի կուրսանտների համար ընտրվել են առավել դժվար վերելքները` երրորդ եւ չորրորդ կուրսերի համար համապատասխանաբար Արայի եւ Արագած լեռները: Արագածի հաղթահարումը դեռ առջեւում է, իսկ Արայի լեռան «գրավմանը» մասնակցեցինք նաեւ մենք` լրագրողներս:
♦♦♦
Ճանապարհ ընկանք վաղ առավոտյան, սակայն, երբ հասանք լեռան ստորոտին, արեւն արդեն այրում էր: Արշավին մասնակցելու համար ընտրված հիսուն կուրսանտներին ուղեկցում էին գնդապետ Հակոբյանը, ֆիզպատրաստության եւ սպորտի ամբիոնի պետ փոխգնդապետ Հ. Մարգարյանը, տվյալ կուրսի (գումարտակի) հրամանատարի տեղակալ մայոր Ա. Շահնազարյանը, վաշտի հրամանատարներ` կապիտաններ Հ. Կարապետյանն ու Ց. Խաչատրյանը, իհարկե, ներկա էր նաեւ բուժծառայող:
Մինչեւ վերելքն սկսելը գնդապետ Հակոբյանն ու փոխգնդապետ Մարգարյանը հրահանգավորեցին անձնակազմին, եւս մեկ անգամ հիշեցրին անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության, լեռնագնացության կարգի, նրբությունների մասին: Ահա եւ վերելքը սկսված է: Առանձնահատկությունն այն է, որ ճանապարհն անցնում է անտառապատ տարածքով: Շարքի առջեւում եւ ետեւում վաշտերի հրամանատարներն են, մեկնումեկի հետ ընկնելը բացառվում է: Շարժման արագությունը փոփոխական է, տեղ-տեղ ծառերի ճյուղերն այնպես են իրար կպել եւ փակել ճանապարհը, որ երկու-երեք հոգով են բացում այն: Թեեւ մերթընդմերթ դժվարանցանելի մացառուտներ են, կտրուկ վերելքներ եւ վայրէջքներ, շղթան չի ընդհատվում: Միայն ազատ հատվածներում երթը երկշարք է, բայց առավելապես հնարավոր է շարժվել մեկ շարքով:
Վերելքը հստակ պլանավորված է, կուրսանտները չպետք է ուժասպառ լինեն. որոշակի տարածություն անցնելուց հետո դադար է տրվում, բոլորը մի քիչ հանգստանում են եւ նորից առաջ գնում: Խոստովանում եմ, դժվար էր, սակայն ամեն ինչ ավելի հեշտ էր թվում, երբ տեսնում էիր կուրսանտների հանգիստ պահվածքը, իրար օգնության հասնելու ձգտումը: Առջեւից գնացողը ետեւից եկողին զգուշացնում էր` քար է, փոս է, ոտքդ այս կողմը դիր, սահում է: Կոնկրետ տեղամասում դժվարացողին մի քանի հոգով բռնում, առաջ էին տանում:
Քիչ մնաց, անտառից արդեն դուրս ենք եկել: Հանգստի հերթական պահին հիանում ենք վերեւից բացվող տեսարանով: Ամպերն այնքան մոտ են, թվում է` ձեռքով կարող ես հասնել: Մի պահ անձրեւային սեւ ամպեր կուտակվեցին, ուժեղ քամի բարձրացավ, ցրտեց, թվաց` ուր որ է հեղեղ կլինի, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, քամին քշեց ամպերը, նորից արեւ ելավ: Եղանակն էլ կարծես հայ զինվորականի կողմից է: Թեեւ պետք է նշեմ, որ կուրսանտները պատրաստ էին նաեւ եղանակային անակնկալների. բոլորն ունեին տաք հագուստ, անհատական թիկնոցներ:
Արայի լեռը մի քանի գագաթների միացություն է: Ըստ ավանդության` լեռը կոչվում է Արայի, քանի որ կապվում է առասպելական Արա Գեղեցիկի անվան հետ եւ նման է պառկած մարդու: Ճանապարհի մեծ մասն անցել ենք, մոտենում ենք «գլխին»: Եզրափակիչ «գրոհից» առաջ դադար է, այդ բարձրության վրա էլ զգացվում է լեռնային ծաղիկների բույրը: Ինչքան էլ հոգնած ենք, հրաշագեղ բնության գրկում արագ վերականգնում ենք ուժերը եւ նորից առաջ շարժվում: Վերջին մետրերն են: Քայլ, երկրորդը, եւս մեկը… գագաթին ենք, 2577 մետր բարձրությունը հաղթահարված է: Իհարկե ոլորաձեւ վերելքի ընթացքում մենք շատ ավելին ենք անցել: Անասելի զգացում է պատում յուրաքանչյուրին` հպարտության, ուրախության, այդ պահին ողջ աշխարհը կարծես ոտքերիդ տակ լինի, եւ չկա անհաղթահարելի որեւէ բան:
Վայրէջքը ավելի արագ է, ուրախ, թեեւ նույնքան դժվար է, ինչքան վերելքը: Մի տեսակ բավարարվածության զգացումով լվացվում ենք լեռնային գետակի սառնորակ, զուլալ ջրով: Հասնում ենք ստորոտին ու արդեն մի տեսակ կարոտով ենք նայում գագաթին: Երեւի թե ամեն մեկը հոգու խորքում ցանկանում է կյանքում բազմաթիվ գագաթներ հաղթահարել, լինի դա լեռ, թե ծառայողական դժվարություն:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/06/2011